Պահը հասունանում է, անգամ վերջին սրիկան հասկանում է, որ այսպես չի կարող շարունակվել

Պահը հասունանում է, անգամ վերջին սրիկան հասկանում է, որ այսպես չի կարող շարունակվել

«Այն, ինչ արվում է Բագրատ սրբազանի գլխավորությամբ, արվում է շատ գրագետ ու համակարգված»․ այսպիսի կարծիք է հայտնում գրող, հրապարակախոս Կարո Վարդանյանն ու ընդգծում, որ սա բնորոշ է քաղաքակիրթ երկրներին, ինչին մենք պարզապես հետ ենք սովորել։ «Մեր իրականությունը ֆեյքերի խելացնոր, վիրտուալ իրականություն է, դրա համար այդպես ծաղրուծանակի են ենթարկում ամեն ինչ։ Ու զարմանալին այն է, որ երբ ֆեյքերի պարագլուխն ասում է՝ ծառ տնկեք, որ 5 մետրի վրա չտեսնեք թուրքին, նրա ամբոխը հրճվում է, եւ նույնիսկ կողմնակիցների թիվն էլ ավելանում է։ Բայց եթե այդպիսի տխմարություն ասի Բագրատ սրբազանը, նրա կողքին մի մարդ էլ չի մնա․․․»,- ասում է Կարո Վարդանյանն ու նկատում, որ ֆեյքերով երկար ժամանակ չես կարող իշխանություն պահել, որովհետեւ մի օր երես կառնեն եւ իրենց «աճեցնողի գլխին» պատուհաս ու պատիժ կդառնան։

«Հանրության տականքը, երբ տեսավ որ իրենցից մեկը դարձավ իրավիճակի տերը, նայում է իր պարագլխին եւ նրա մեջ տեսնում է իրեն։ Եվ այդ մարդիկ 6-րդ տարին է արդեն՝ Հայաստանում իրավիճակ են թելադրում, ու երբ այս իրավիճակում հայտնվեց մի մարդ, որին մանրադիտակի տակ քչփորում են, բայց չգտնելով ոչինչ՝ անցան իրենց սովորական մեթոդին՝ այլանդակ պիտակավորումներին, է՛լ զավակներ հնարեցին, որոնց բանակից ազատել է, է՛լ եկեղեցի գրավ դնել, որովհետեւ դատ ու դատաստան չկա, ու մեկի մտքով չանցավ, ասել՝ այս ինչե՞ր եք խոսում։ Եվ ես զարմանում եմ այդ տիեզերական մարդու հանդարտության, համբերության վրա, որ կարողանում է այդ ամենի մեջ հավասարակշռված մնալ, շարունակ խաղաղության, հաշտության խոսք ասել, վրդովված հոգիներին հանդարտություն բերել»,-նկատում է Կ․ Վարդանյանը։

Նախօրեին իրավապահները բռնի ուժ կիրառեցին` քաշքշելով սրբազանին, արցունքաբեր գազ կիրառելով ցուցարարների վրա, քաղաքացիներից մեկի գլուխը պատռեցին, օրեր առաջ էլ մեկի ոտքն էին կոտրել։ Ինչո՞վ են պայմանավորված այս տեսակ բռնի գործողությունները, հատկապես որ սրբազանը շեշտում է, որ շարժման մասնակիցները շենքեր գրավելու միտում չունեն։ «Փորձում են բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով այդ մարդուն հունից հանել։ Հետո՝ իր շուրջը խոցելի մարդիկ շատ կան, քանի որ շարժումը ծավալվում է եւ դեռ ավելանալու է, բայց ինքը կարողանում է ե՛ւ իրեն զուսպ պահել, ե՛ւ շարունակ շրջապատին վերահսկել, որ իր կողքը եղած օղակներն ավելորդ բաներ չանեն, ինչն անչափ դժվար է, եւ սա վերջը չէ»։

Ըստ Վարդանյանի՝ իշխանությունների համար եւս ակնհայտ է, որ շարժումը սկսվել է․ «Արդեն հավերժ փողոցները մարդաշատ են լինելու, որքան էլ կապիկություններ անեն, հավաքներից 2 ժամ առաջ հրապարակը նկարեն ու տարածեն, իբր այսքան մարդ էր եկել, որովհետեւ ե՛ւ տարածողն է հասկանում, որ ինքը սուտ է, ե՛ւ այդ ինֆորմացիան կլլողն է հասկանում, որ դա սուտ է, բայց, միեւնույն է, մարդիկ հրճվում են այդ բաներով, որովհետեւ սուտը հաստատել է գերիշխանություն Հայաստանում։ Ես ամենից շատ սարսափում եմ սրանց իշխանատենչությունից, հատկապես որ իրենց սիրելի Արեւմուտքը դաբրո է տվել, ինչ ուզում ես, արա՝ խուլ են ու համր, չեն ճանաչում ոչ մի մարդու իրավունք։ Այս 6 տարվա մեջ դուք տեսե՞լ եք այսքան բարբարոսություն, մենք վաղուց ֆեոդալական կարգերում ենք, մի եվրոպացի, մի իրավապաշտպան որեւէ մի դեպքի արձագանքե՞ց, երբ դրանից առաջ մի շան կողքով արագ անցնեիր, շնից շատ իրավապաշտպան կհայտնվեր, մարդիկ, որոնք կայուն վարձատրվում էին, որ չեղած բանն աշխարհով մեկ անեն, հիմա նույնչափ այդ մարդիկ վարձատրվում են, որ ոչ մի ծպտուն չհանեն։ Նորից եմ ասում՝ ուզում ես ծեծի, ուզում ես խոշտանգի, բայց այս շարժումը հաղթելու է, որովհետեւ արդեն սկսվել է եւ դադար չի առնելու»։

Ի՞նչ նկատի ունի՝ ասելով, որ ավելի վատից է սարսափում։ «Իրենք հիմքեր են ստեղծելու ադրբեջանական զինուժ Հայաստան բերելու համար․․․ նման դեպք եղել է դեռ 1919-ին, երբ Անդրանիկն ինքնակամ գնացել էր սրանց թղթով տված Սյունիքը պաշտպանելու, Խալիլ փաշան եկավ Երեւան՝ իբր գաղթականության հարցով ցորեն մատակարարելու հարցով, բայց երեկոյան լուսահոգի Արամ Մանուկյանի սենյակում բուն նպատակն ասաց, ցույց տվեց մի թուղթ՝ ասելով, որ սա ձեր ստորագրած պայմանագիրն է, բայց մենք արդեն քանի ամիս է՝ չենք կարողանում մեր Սյունիքի վրայով անցնել Բաքու, որովհետեւ Անդրանիկը մեզ կոտորում է։ Մերոնք սկսում են կմկմալ, ասելով՝ նա ավազակ է, որ իրենց չի ենթարկվում, որ եթե կարողանան երբեւէ բռնել, տրիբունալի կենթարկեն․․․ ու գիտե՞ք, թե ինչ է ասում 300 հազար հայ մորթած Խալիլ փաշան՝ եթե դուք չեք կարողանում, ապա քանի որ մենք բարեկամության ու հաշտության պայմանագիր ենք ստորագրել, միացյալ զորախումբ կազմենք՝ բաղկացած հայերից, ազերիներից, թուրքերից, ու միասին գնանք Անդրանիկի վրա․․․․ գալով մեր օրերը․ շաբաթներ առաջ Էրդողանը մի ակնարկ արեց, որ այս ռեւանշիստները տարածաշրջանի կայունության համար սպառնալիք են, եւ ակնարկեց, որ հարկ եղած դեպքում կարող են միջամտել։ Դա պատահական չասվեց, բերածս օրինակն էլ հենց այնպես չպատմեցի, բայց քանի որ հիմա 21-րդ դարն է, այդպես հանգիստ չես կարող մտնել հարեւան պետություն ու ավիրել, հիմք է պետք, որը ստեղծելու է սրանց պարագլուխը, ինչպես հիմք ստեղծեց Արցախի վրա հարձակվելու համար։ Ինչ-որ հայտարարություն կանի եւ կասի, որ սրանք սպառնալիք են ողջ տարածաշրջանի համար։ Ես ամենից շատ դրանից եմ սարսափում, որովհետեւ մենք ամեն հրեշավոր բան տեսանք, եւ եթե 1919-ին Արամը երկար մտածեց Խալիլ փաշայի առաջարկի շուրջ եւ հրաժարվեց, ապա Նիկոլը չի երկմտի։ Հետո՝ Արամը որքան էլ տկար էր, զիջող էր, բայց ինքը հայ մարդ էր եւ գիտեր՝ եթե այդ քայլին գնա, չի մարսելու, քանի որ՝ ինչպե՞ս կարող է հայ զինվորը թուրքերի կազմում գնալ իր լեգենդի վրա։ Բայց այսօր մենք Արամի փոխարեն ունենք Նիկոլ, եւ նա ինքն է հրավիրելու թուրքերին՝ նրանց համար հիմք ստեղծելով»,- զուգահեռներ է տանում գրողը։

Ինչ վերաբերում է շարժման պոտենցիալին, ապա Վարդանյանը կասկած չունի, որ այն չի մարելու․ «Շատ եմ ցավում, որ մեր արվեստագետները նոր-նոր են սկսել միանալ, ես, իհարկե, ողջունում եմ եւ ուրախանում, մեծ մասն իմ երբեմնի մտերիմներն էին, որոնց հիմա տեսնում եմ, թե ինչպես են բռնում, բերման ենթարկում, բայց ինչո՞ւ միայն հիմա, չէ՞ որ դա կարելի էր 5 տարի առաջ անել, մենք արդեն 2018-ի աշնանը հասկացել էինք, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել։ Ամեն դեպքում շարժումը սկսվել է եւ կանգ չի առնելու։ Աստված թող ավելի զորություն տա Բագրատ սրբազանին, որ մինչեւ վերջ կարողանա զուսպ եւ հավասարակշիռ մնալ, որովհետեւ սրանց սադրանքներին վերջ չի լինելու։
Դժվար է լինելու, ավելին՝ այդ կտրուկ քայլերն ավելի շատ իշխող վարչախումբն է ուզում։ Տեսեք՝ դեռ կտրուկ որեւէ գործողություն չկա, բայց այդ մարդակերներով ինչպես են ծեծուջարդ կազմակերպում։ Այս պահին կտրուկ քայլեր պետք չեն, այն, ինչ անում է սրբազանը, ճիշտ է անում եւ համակարգված, բայց նաեւ դժվար է լինելու ոտքի ելած հանրությանը մինչեւ վերջ զուսպ պահել, որովհետեւ անընդհատ ծեծուջարդը, ստորացումները համապատասխան պատասխան են ենթադրում, ամեն մարդ չէ, որ այդ ամենը կհանդուրժի։ Իսկ կտրուկ գործողությունների պահը դեռ հասունանում է, կգա մի օր եւ այդ օրը հեռու չէ, երբ ոչ թե խումբ-խումբ փողոցներ կփակեն, եւ 10 երիտասարդի վրա կգա 50 մարդակեր բերետավոր, այլ 50 մարդակերի դիմաց ամեն փողոցում կլինի հազար երիտասարդ, ինչպես 2018-ին եղավ։ Այդ պահը հասունանում է, որովհետեւ անգամ վերջին սրիկան հասկանալու է, որ չի կարող այսպես հավերժ շարունակվել»։