Ուշացա՞ծ որոշում, թե՞ քաղաքական բոնուս
Կառավարությունը մայիսի 23-ի նիստում Հայաստանի ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը եւ գլխավոր լիցենզիայի ձեւը սահմանելու մասին որոշում կայացրեց: Մասնավորապես, որոշվեց ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը երկարաձգել եւս 6 ամսով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 19-ը:
2019 թվականից սկսած, կառավարությունը պարբերաբար սահմանափակումներ է կիրառում կամ ներմուծման տուրքեր է սահմանում ցեմենտի ներկրման ոլորտում: Որոշումները հիմնավորում է տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու պատճառաբանությամբ:
Իրականում Հայաստան մտնող իրանական ցեմենտն անհամեմատ ավելի էժան է տեղական ցեմենտից, որի գինը պայմանավորված է այդ թվում գազի եւ հոսանքի սակագներով: Բայց զուտ տնտեսական հանգամանքից բացի, չի բացառվում, որ հնարավոր քաղաքական ենթատեքստերն էլ են ազդում Փաշինյանի կառավարության որոշումների վրա:
Ցեմենտի շուկան բավականին մրցակցային է` մի շարք խաղացողներով: Մեկը «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի մեջ մտնող «Արարատցեմենտ»-ն է, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին։ Ոլորտում գործում են նաեւ «Հրազդան ցեմենտ»-ը եւ մի շարք այլ ընկերություններ, որոնք զբաղվում են կլինկերից՝ կիսաֆաբրիկատ ցեմենտից ցեմենտի արտադրությամբ: Այս ընկերությունների թվում է նաեւ մերձիշխանական «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանին պատկանող ընկերությունը: 2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին նրա ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Արամ Սարգսյանը «Գալիք» ՍՊԸ-ի արժեթղթերի 50%-ի սեփականատերն է, որն ի սկզբանե գործել է որպես ցեմենտի գործարանին ենթակա ստորաբաժանում, որպես կրաքար արտադրող Արարատի մարզում եւ «Հատուկ ցեմենտ»-ի 45 % եւ 25 %-ի սեփականատերը: Այնպես որ, Փաշինյանի իշխանության համար այս, մեղմ ասած, ծանր ներքաղաքական իրավիճակում բացառված չէ, որ նման որոշումը քաղաքական աստառ ունի:
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր համարո՞ւմ է, որ կառավարության սահմանած արտոնությունը քաղաքական ենթատեքստ ունի եւ կարող է նպաստել, որ, օրինակ, ցեմենտ արտադրողներին կաշառի կամ ստիպի, որ քաղաքականությանը չխառնվեն, օրինակ, Արամ Զավենի Սարգսյանը, ով տարբեր ոլորտներում պաշտոնյաներ է նշանակում, բիզնես գործունեության մասնակցում, ստանա լրացուցիչ բոնուսներ: «Ես այդ հարցի պատասխանը չգիտեմ, ամեն բան հնարավոր է»,- ասաց Հրանտ Բագրատյանը: «Նման ներմուծումների սահմանափակումները պետք է կատարվեն ԵԱՏՄ կանոնակարգումներով: Ձեր հնչեցրած հարցում այդ վկայակոչումը չկար: Այնպես չէ, որ ՀՀ կառավարությունը ցանկացած կերպ կարող է սահմանափակել ցեմենտի կամ նրա բաղադրիչների ներմուծումը: Ես կարծում եմ, որ դա արվել է ինչ-որ արտադրողների համար՝ նրա շահերից ելնելով: Այդ արտադրողներից որեւէ մեկը կամ նրանք բոլորն այդ պահանջով կարող էին դիմած լինել կառավարությանը: Որոշումն օդից չվերցրին, չէ՞»:
Որոշման զուտ տնտեսական կողմին անդրադառնալով, Հրանտ Բագրատյանը բացասական էֆեկտ է նկատում: Ընդգծում է՝ խրախուսելով հայրենական արտադրողներին, կառավարությունը պատժում է բոլոր շինարարներին, որոնք քանակով եւ հզորություններով տասնյակ անգամ ավելին են արտադրողներից: «Շինարարությունն է թանկանում: Պատժում ենք նաեւ բյուջեին, որի հաշվին շինարարություն է կատարվում»,- ասում է Բագրատյանը:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով էլ, ոլորտում իսկական քաոս է, ու կառավարությունը, հավանաբար, փորձում է ուշացած քայլերով կարգավորել դաշտը: Կառավարությունը, ըստ մասնագետի, միշտ փորձել է սահմանափակում մտցնել ցեմենտի ներկրման նկատմամբ, բայց ավելի մեղմ գտնվել նրա հումքի՝ կլինկերի նկատմամբ, որը կիսաֆաբրիկատ ցեմենտն է եւ նույնպես ներկրվում է:
Կարծիքներ