Սահմանից 12000 դրամով ցեմենտի հաշվարկ կատարած նախարարը չի պատասխանել, թե ով այդ գնով կբերի

Սահմանից 12000 դրամով ցեմենտի հաշվարկ կատարած նախարարը չի պատասխանել, թե ով այդ գնով կբերի

Մի շարք շինարարական կազմակերպություններ և ներմուծողներ այսօր Hraparak.am-ին իրենց մտահոգություններն են ներկայացրել ցեմենտի 1 տոննայի համար սահմանվող 14,000 դրամ պետական տուրք սահմանելու վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ նրանց, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներմուծված և արտադրված ցեմենտի յուրաքանչյուր ինքնարժեքի հաշվարկ տարբեր է ներկայացնում  նախորդից և, ի վերջո, կանգ է առել կեղծ հաշվարկի վրա և դրանից ելնելով՝ առաջարկել 1 տոննա ցեմենտի համար տուրք սահմանել 14000 ՀՀ դրամ՝ նշելով, որ 6 ամիս հետո իրենք կհասկանան՝ ճի՞շտ են սահմանել տուրքը, թե՞ ոչ։  

Նրանք վստահեցնում են, որ սխալ է տուրք սահմանելը, և որ  խիստ անհանգստացած են նախարարի՝ անպատասխանատու և կարճաժամկետ միտումներով տնտեսության զարգացմանն ուղղված գործողություններից։ 

«Մենք բազմիցս տուժել ենք անհիմն բարձր մաքսային արժեքի կիրառումից, այս օրենքի ընդունումը կհանգեցնի մեր գործունեության դադարեցմանը: Արդյոք մեր պետությունը պարտավոր չէ՞ փոխհատուցել մեզ մեր կրած այն վնասների համար, որն առաջացել է մեր պետության վերջին մեկ տարվա ընթացքում կայացրած սխալ որոշումների հետևանքով»,- հարցնում է ընկերություններից մեկի ներկայացուցիչ Գևորգ Դանիելյանը։

Ըստ նրա՝ նախարարական կեղծ հաշվարկի մեջ ներառված է բեռնափոխադրում սահմանից մինչև Երևան 1 տոննա ցեմենտի համար՝ 12000 ՀՀ դրամով,  որը ոչ մի պարագայում չի համապատասխանում բեռնափոխադրման համար դե ֆակտո վճարվող 17000-18000 դրամին, որն իրական գինն է։ 17000-18000  դրամ պարկով ցեմենտի և 18000-19000 ՀՀ դրամ առանց պարկ ցեմենտի։

Ի դեպ , մտահոգ անձանց շրջանակը դիմել է  նախարարին, որ իրենց գոնե 5 բեռնափոխադրողի անուն տրամադրի, որ 12000  դրամով բեռնափոխադրում կիրականացնի, սակայն այդպես էլ որևէ պատասխան չեն ստացել։

«Քանի որ որ իրականում չկա այդպիսի բեռնափոխադրող, մենք չստացանք ոչ մի բեռնափոխադրողի տվյալներ: Կարող ենք ներկայացնել բազմաթիվ վարորդների տվյալներ, որոնք հանդիսանում են իրական բեռնափոխադրողներ և կատարել են ներդրումներ՝ ձեռք բերելով բեռնատար մեքենաներ»,- ասաց խմբագրություն դիմած անձանցից մեկը։

Ըստ նրա՝ նույնիսկ փոքր վերլուծության դեպքում առաջանում է հակասություն նախագծի հիմնավորման և իրականության միջև։ Համադրելով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած և ՀՀ մաքսային ծառայությունների տվյալները՝ պարզ է դառնում, որ 2018թ․ ՀՀ-ում արտադրվել է 546 300 տոննա, իսկ ներմուծվել է 181 812 տոննա ցեմենտ։ Հետևաբար, նախագծում ներկայացված այն հիմնավորումը, որ դեռևս ներմուծողի համար հետաքրքիր կլինի մրցակցել նույնիսկ մեկ կիլոգրամի համար գանձվող տուրքի սահմանումից հետո, ապա այդ դեպքում հարց է առաջանում, թե այդպիսի «բարենպաստ» պայմաններում գտնվող տնտեսվարողների ներգրավվածությունը շուկայում ինչու է կազմում ընդամենը 24-25 %։

Ընդ որում ներմուծման նշված ցուցանիշը ներառում է 2018թ․-ի այն ժամանակահատվածը, երբ ցեմենտը մաքսազերծվում էր  խելամիտ մաքսային արժեքով, որը կրկնակի ցածր էր ներկայիս մաքսային արժեքից։ 

Մի շարք շինարարական կազմակերպություններ և ներմուծողներ վստահեցնում են, որ տուրքի սահմանումից հետո տեղական արտադրողները կստանան այնպիսի մենաշնորհային դիրք, որը նույնիսկ չէին կարողացել ստանալ նախորդ կառավարության  օրոք, և տուրքի սահմանումով կստանան այդ գերիշխող մենաշնորհային դիրքը ժողովրդի կառավարության կողմից:

Ընդգծվեց նաև, որ, համաձայն Հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածի, պետական տուրքը համարվում է վճար, և որ նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող օրենքները կամ նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:

Սակայն այս օրենքն ուժի մեջ է մտնելու ընդունելուց 10 օր հետո՝ խախտելով օրենսգրքի ամենահիմնարար՝ կանխատեսելիություն սկզբունքը:

Ընդգծվեց նաև այն, որ ԱԺ 1-ին ընթերցման ներկայացված փաթեթում ներառված չի եղել Հարկային օրենսգրքի տնտեսվարողին պաշտպանող նորմի փոփոխության հարցը, և կողմ է քվեարկվել նախագծին, որն իրենից ենթադրում է նոր տեսակի վճարի կիրառում, որը պետք է կիրառվի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում։ Այսինքն՝ կառավարությունը և պատգամավորները ոտնահարել են օրենսգիրքը, թեպետ Տիգրան Խաչատրյանն առաջարկել է  երկրորդ ընթերցման փաթեթում ներառել նաև Հարկային օրենսգրքի՝ տնտեսվարողին և ներդրողին վեցամսյա ժամկետում պաշտպանող դրույթի փոփոխություն։