Իսկ հեղափոխություն չստացվեց

Իսկ հեղափոխություն չստացվեց

Մեծ ավտոերթը, որի մասին չորս տարի խոսում էին «Սասնա ծռերը», վերջապես տեղի ունեցավ: Մայիսի 25-28-ին «ծռերն» Արցախում էին: Եղան մի քանի շրջկենտրոնում, անցան Ստեփանակերտի փողոցներով, հնչեցրին իրենց «հեղափոխական» կոչերը: Նաեւ ճոխ զբոսախնջույքներ կազմակերպեցին: Եկան, շրջեցին եւ վերադարձան, իսկ հեղափոխություն այդպես էլ չստացվեց: Ստեփանակերտում եւ շրջաններում մարդիկ բացարձակապես անտարբեր գտնվեցին «ծռերի» նկատմամբ: Ակցիան նվազագույն իսկ աջակցության չարժանացավ: «Ծռերի» համար, թերեւս, ցանկալի սցենար կլիներ, եթե Արցախի պատկան մարմինները նրանց երթի ճանապարհներին խոչընդոտներ ստեղծեին: Դա իսկական նվեր կլիներ նրանց, հնարավորություն կտար քարոզչական ֆոն ստեղծելու եւ տարփողելու, որ արցախահայությունը «համերաշխ է հեղափոխությանը, բայց իշխանությունները ճնշումներ են գործադրում»: Ամեն ինչ, սակայն, անցավ հարթ ու հանգիստ: Եվ ակնհայտ դարձավ, որ Արցախում «ծռականությունը» որեւէ հենարան չունի: Դա ակցիայի նախաձեռնողներին մտորելու եւ քաղաքական եզրակացություններ անելու ազդակ պիտի հանդիսանա: Արցախում, անշուշտ, ներքաղաքական վերադասավորումների եւ խմորումների շրջան է սկսվել:

Ոչ պաշտոնապես տրվել է նախագահական մրցապայքարի մեկնարկը: Քաղաքական ուժերը գնահատում են իրենց հնարավորությունները, նախանշում անելիքները: Մոտեցումները եւ գնահատականները, բնականաբար, տարբեր են, երբեմն` տրամագծորեն ներհակ: Բայց կա մի ընդհանուր գիտակցում` իշխանափոխությունը պետք է տեղի ունենա սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով եւ ժամկետներում: Գործող իշխանությունը պետք է լինի ազատ, ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրությունների երաշխավորը: Այս իմաստով «ծռերը» ներարցախյան իրողություններին չեն ներգրվում, չունեն դաշնակից: Եվ, ինչպես ցույց տվեց նրանց քառօրյա ավտոերթը, հասարակությունն էլ իր հերթին չի աջակցում հեղափոխություն անելու կոչերին: Մարդիկ գերադասում են կայունությունը: Արցախյան հասարակությունը ներկա փուլում ուշի-ուշով հետեւում է նախագահի հավանական թեկնածուներին, վերլուծում նրանց հանդիպումները, հնչեցրած գաղափարները, արտահայտած մտքերն ու տալիս իր գնահատականը: Որպես հանրային տրամադրությունների ցուցիչ կարելի է համարել նախագահի թեկնածուների հանդիպումները:

«Ծռերին» չհաջողվեց շփում հաստատել արցախյան հանրության քիչ թե շատ լայն շրջանակների հետ: Նրանց երթին միացան միայն կուսակցության տեղական կառույցի մի քանի պատասխանատուներ: Մինչդեռ երթի նախօրեին նրանք հայտարարում էին, որ «հեղափոխությունը տանում են Արցախ»: Դրանից, ինչ խոսք, չի հետեւում, թե Արցախն առհասարակ դիմադիր է փոփոխություններին: Ընդհակառակը, հանրային տրամադրությունները, ինչպես ցույց են տալիս նախագահի թեկնածուների հանդիպումները, մեծամասամբ համերաշխվում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Արցախյան հանրությունը, սակայն, մերժում է փողոցային արկածախնդրությունը: Առջեւում նախագահի եւ խորհրդարանական ընտրություններ են, եւ հասարակությունը նախապատրաստվում է, որպեսզի ազատ կամարտահայտությամբ ձեւավորի նոր իշխանություն: Այդ գործընթացն արհեստականորեն արագացնելու, ֆորսմաժորային իրավիճակ ստեղծելու ցանկացած փորձ հանրության մեծամասնության համար մերժելի է: Այս իմաստով «ծռերի» ձախողումը կարող է դաս լինել որոշ գործիչների համար, որ սեփական անլիարժեքությունը փորձում են բացատրել իշխանության «ճնշումներով» եւ սպառնում անցնել փողոցային պայքարի:

«Ծռերի» օրինակը վկայում է, որ Արցախի հանրությունը մերժում է «հեղափոխության» ցանկացած դրսեւորում` ով էլ լինի դրա նախաձեռնողը: Ըստ երեւույթին, «ծռերին» սպասում է ինքնավերագնահատման մի շրջան: Ցանկալի է, որ այդ ընթացքում նրանք համարժեք գնահատեն սեփական խիստ նվազ հնարավորությունները եւ ինքնադրսեւորվելիս ելնեն քաղաքական իրողություններից: Արցախով ինքնահաստատվելու փորձը հիմնավորապես տապալվեց: Մնում է մտածել քաղաքական լուսանցքում մնալ-չմնալու մասին: