Իրավիճակն աննախադեպ է․ Անի Սամսոնյան

Իրավիճակն աննախադեպ է․ Անի Սամսոնյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«ԱՆԿԵՂԾ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը իր ելույթում արադարանում է․

«Իրավիճակը աննախադեպ է։ Այսինքն նմանօրինակ նախադեպ և մենք չենք կարող այդ նախադեպը ուսումնասիրել, փորձը ուսումնասիրել, պատմությունը ուսումնասիրել, դրա հիման վրա անել եզրակացություններ ապագայի մասին և ասել ահա այս գիտական մոդելը ընկած է կառավարության կառուցվածքի հիմքում։ Եվ աննախադեպ իրավիճակը ինչպես ամենուր աշխարհում մեծացնում է նաև անձերի դերը ի հակակշիռ ինստիտուտների․․․Իրողությունները և պրոցեսները, որ մեր երկրում տեղի են ունենում շատ դժվար չափելի են։ Եվ տնտեսական աճը, որը մենք կունենանք տարվա վերջում, թվերով շատ դժվար չափելի են և մենք նույնպես չենք պատկերացնում այն գործընթացները, որոնք տեղի են ունենում և տեղի կունենան առաջիկայում»։

Այս ելույթը խոսում է հետևալի մասին․

Իշխանությունը չի գիտակցում, որ ժամանակավոր կառավարության կարգավիճակ այլևս չունի և տեղի են ունեցել ընտրություններ, որտեղ խոստացվել են ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Հայաստանում իրավիճակն աննախադեպ էր 2018 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր ամիսը։ Հիմա աննախադեպ վիճակ չկա։ Կա վիճակ, որը պետք է շտկել հստակ և վճռական բարեփոխումներով։

Գիտական նոր մոդելների փնտրտուքով պետք չի զբաղվել։ Եթե դուք երկրի զարգացման ինստիտուցիոնալ տեսլական չունեք, ապա մենք ունենք։ Լուսավոր Հայաստանը գիտի ինչպես անել, որպեսզի ունենանք զարգացած ինստիտուտներով և բարձր հաշվետվողականությամբ խորհրդարանական երկիր։ Քաղաքական կամք դրսևորեք և արեք դա։

Կրկին արդարացվում է անձերի դոմինանտության դերը, ինչը հասկանալի է, որովհետև պառլամենտի քաղաքական մեծամասնությունը լիովին չի գիտակցում իր քաղաքական պատասխանատվությունը և այս ելույթում հնչեցրած միտքը նուրբ ակնարկ էր նախ և առաջ ՀՀ վարչապետին, նրա գերկարևորությանը։

Ելույթում պարոն Կարապետյանը մեզ նախապատրաստեց այն բանին, որ տարվա վերջում տնտեսական աճի ցուցանիշներ չուզեք, չենք կարող ցույց տալ։ Դե հասկանում եք իրավիճակը աննախադեպ է։

Նշվեց նաև, որ իրենք պատկերացումներ չունեն, թե ինչ տեղի կունենա առաջիկայում։

Հարգելի պարոն Կարապետյան դուք պատկերացումներ չունեք, 
որովհետև դուք ընտրությունների տեսլական չունեիք, որովհետև տեսլականով և շոշափելի, չափելի բարեփոխումներով Կառավարության ծրագիր չունեիք,
որովհետև դուք միայն ձեր խոստացածը չկատարելու արդարացումներ ունեք։

Սարսափելի է, երբ իշխանությունը պատկերացումներ չունի, թե ինչ է սպասվում առաջիկայում, այնինչ ապագան գծագրելը իրենց գործն է։ Ընդդիմության գործը՝ այն մշակելն է։

Հ․Գ Պարոն Կարապետյան, դուք չեք թողնում ու չեք թողնելու հին համակարգի կարծրացած բուրգերը (ինչպես նշված է ելույթում ), որովհետև չեք ուզում»։