ԱՆ-ն չունի թվական տվյալներ Մարտի 1-ին տուժած քաղաքացիների մասին

ԱՆ-ն չունի թվական տվյալներ Մարտի 1-ին տուժած քաղաքացիների մասին

Վերջերս   ԱԺ-ն 117 կողմ  ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է «2008թ․ մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց  աջակցության մասին » օրենքի նախագիծը։ Այդ օրենքին 11 տարի շարունակ սպասում էին 2008թ․ մարտի 1-ին զոհերի հարազատները,  տուժած բազմաթիվ քաղաքացիներ։ 

ՀՀ արդարադատության նախարարություն ուղարկել էինք հարցում՝ տեղեկանալու, թե
  քանի՞ հոգի են ներառվելու  աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկում։

Հետաքրքրվել էինք նաեւ, թե որքա՞ն ժամկետում է   նախատեսված տրամադրել աջակցություն  տուժած անձանց։

 «Գաղտնիք չէ, որ կան  Մարտի 1-ին տուժած անձինք եւ նրանց իրավահաջորդներ, որոնք անցած տարիների ընթացքում  հեռացել են Հայաստանից։ Ինչպե՞ս է  նրանց տրամադրվելու  աջակցություն։ 

« Կա՞ն կոնկրետ հաշվարկներ, թե  պետբյուջեով  որքան գումար է նախատեսված  Մարտի 1-ին տուժած անձանց աջակցություն տրամադրելու համար»,- հետաքրքրվել էինք արդարադատության նախարարությունից։
Նախարարությունից ստացել ենք հետեւյալ արձագանքը․ «Ի պատասխան Ձեր՝ 2019 թվականի ապրիլի 23-ի՝

«2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու մասին գրության՝ հայտնում եմ, որ գրությամբ բարձրացված հարցերն ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից: 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց թվի վերաբերյալ տեղեկատվության ՀՀ արդարադատության նախարարությունը չի տիրապետում: Այդ տեղեկությունները կարելի է ստանալ վարույթն  իրականացնող մարմիններից: Ինչ վերաբերում է աջակցություն տրամադրելու ձևին և չափին, ապա հարկ է նշել, որ օրենքի նախագծի համաձայն` աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, կցվող փաստաթղթերի ցանկը և քննարկման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

Միայն օրենքի ընդունումից հետո կարելի է ապահովել դրա կիրարկումը, անդրադառնալ վերոշարադրյալ հարցերին և  ընդունել համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը: Հարկ ենք համարում նշել, որ ակտի մշակումը կիրականացվի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, այդ թվում` կապահովվի հանրային քննարկում»: