Ալեքսանդր Կլուգե. Հեռուստազրույցներ

Ալեքսանդր Կլուգե. Հեռուստազրույցներ

  «Գրքեր գրելու, ֆիլմեր նկարահանելու, հեռուստահաղորդումներ ստեղծելու միջեւ մենք հակասություններ չենք տեսնում: Այսօրյա ժամանակներում դուք չեք կարող ուղղակի ընտրել ինքնարտահայտման ընդամենը մի ձեւ: Միեւնույն է՝ հրդեհված Ալեքսանդրյան գրադարանից հետո էլ, ըստ այբբենական կարգի եւ սերնդե-սերունդ փոխանցված ավանդույթների, մարդիկ շարունակում են տեսակավորել գիրը, ինչն էլ վճռում եւ արտահայտում է այժմեականությունը: 

  Թիրախային լսարան կոչեցյալին ես ուշադրություն չեմ դարձնում, եւ դա է պատճառը, որ հաճախ եմ լսում, թե, ահա, ռեյտինգ սպանող եմ, մեկն եմ, ում սկզբունքորեն չի հետաքրքրում՝ իրեն մե՞կ մարդ է հետեւում, թե՞ լեփ-լեցուն ֆուտբոլային մարզադաշտ»: «Աստղադիտակը, հեռախոսը, հեռուստատեսությունը մեզ հնարավորություն են տալիս լսել ու տեսնել հիրավի երազելի բաներ: Երբ դուք ականատեսն եք մարդկային փոխհարաբերությունների միջեւ ծագող դրվագի՝ փոխկապակցված փխրուն նրբաթելով, անշուշտ, ձեզ հարկավոր է Ջոյսի գիտակցության հոսքը, որպեսզի պահպանեք այդ կապը, քանզի պատումին անհավանական հնարավորություններ է ընձեռում հենց մանրակազմությունը: Եվ բացի սրանից՝ կա հեռուստահաղորդում, որը շատ բան չի պատմում, սակայն, ինչպես դպրոցական ուսուցիչը, կանոնավորում է փոխշփումները»: Հատվածը Հանս Ուլրիխ Օբրիսթին տված Ալեքսանդր Կլուգեի հարցազրույցից է: 

  Թեոդոր Ադորնոյի աշակերտը՝ մասնագիտությամբ իրավաբան Ալեքսանդր Կլուգեն, գերմանական կինոյի, փիլիսոփայության, գրականության եւ հեռուստաարվեստի ականավոր ներկայացուցիչներից մեկը, դեռ 1980-ականներին այն սակավաթիվ գործիչներից էր, որը ոչ միայն իր շռայլ գնահատականներով ու ծանրակշիռ մտորումներով էր արժեւորում «հեռուստատեսություն» երեւույթը, այլեւ հիմնավորապես թափանցելով այդ դաշտ՝ սկսել էր ձեռնարկել մի մասնակցություն, հայտնագործել մի միջոց, որ թույլ էր տալու փոխաստեղծել արվեստագետների, քաղաքական գործիչների, փիլիսոփաների ու մտածողների, առհասարակ՝ հեռուստատեսության համատեքստում խոսքի, ձայնի ու պատկերի առարկայական հնարավորությունները:

  Ահա՝ Կլուգեն 1987 թվականին ստեղծեց dctp (Development Company for Television Program) ընկերությունը, որն անկախ հեռուստահաղորդումների հարթակ դարձավ: Համագործակցելով տասնյակ անվանի հեռուստաընկերությունների հետ՝ մյունխենյան իր փոքրիկ ստուդիայում Կլուգեն հաջողեց (ցայսօր էլ շարունակում է) բովանդակել թերեւս Եվրոպայում իր բնույթով մի անօրինակ արվեստանյութ, որի մեջ իր ուրույն տեղն ունի հեռուստազրույցների շարքը, որոնք ոչ միայն վերցվում են իրական մարդկանցից, այլեւ հնարագործվում են երեւակայաբար: 

Զրուցավարը ներկա է միայն իր ձայնով:

Հարց ու պատասխանի սահմանները հարաշարժ են:

Երբեմն հորինումն ու երեւակայությունը գլխավոր գործող անձինք են, եւ նրանք են փնտրելի իրականության ցուցիչները: