Իսկ նյարդերն, այնուամենայնիվ, տեղի տվեցին

Իսկ նյարդերն, այնուամենայնիվ, տեղի տվեցին

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սահմանադրության օրով «Հայելու առաջ»  հաղորդման հյուրն էր: Եւ պետք է ասել, որ հիմնականում հավասարակշռված ու տեղին պատասխաններ էր տալիս հարցադրումներին՝ մինչեւ կշոշափվեր Արցախում նախագահական ընտրությունների, դրա հետ կապված՝ իր նախաձեռնած ստորագրահավաքի թեման: Այստեղ արդեն վիզավիի նյարդերը տեղի տվեցին, եւ նա արեց երկու խիստ վտանգավոր հայտարարություն:

Բառացիորեն ասաց, որ եթե ամբողջ Ղարաբաղը գլխի վրա էլ կանգնի, միեւնույն է, Արայիկ Հարությունյանը նախագահ չի ընտրվելու: Հասկացվեց, որ ինքը մտել է Արցախի քաղաքական դաշտ, որպեսզի ամեն գնով խոչընդոտի Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելուն: Թե ի՞նչ խնդիր ունի ՊԲ նախկին հրամանատարն Արայիկ Հարությունյանի հետ, որ հատկապես նրան է թիրախավորում, մնում է անհասկանալի: Բայց դա հարցի մի կողմն է:

Էական է, որ հռչակելով օրենքի եւ օրինականության գերակայություն եւ հավաստիացնելով, որ գործում եւ գործելու է միայն այդ շրջանակներում, ՊԲ նախկին հրամանատարը գործնականում բացահայտում է, որ իր համար ընտրողների կարծիքը, տեսակետը եւ, վերջապես, կամարտահայտությունը որեւէ նշանակություն չունի:

Ինքը գտնում է, որ Արայիկ Հարությունյանը չպետք է Արցախի նախագահ լինի, եւ այդ կանխադրույթն էլ դրված է իր քաղաքական գործունեության հիմքում: Պարզ ասած՝ ամեն ինչ անելու է, որ հասնի նպատակին: Եւ հետևելու է ոչ թե սահմանադրության եւ օրենքի տառին ու ոգուն, այլ՝ նպատակահարմարությանը:

Այստեղ նա երկրորդ շեշտադրումն արեց՝ վերստին թիրախավորելով Ազատ հայրենիք կուսակցությանը: Ասաց, որ Արայիկ Հարությունյանի կուսակցությունը խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունի, եւ եթե վերջինս սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու հարցում ընդդիմանա, ապա նրան կստիպեն դա անել: Եւ մանրամասնեց, որ 10 000 մարդ դուրս կգա հրապարակ եւ կպարտադրի, որ Ազգային ժողովը կայացնի իր համար ցանկալի որոշում՝ փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի:

ՊԲ նախկին հրամանատարն, այսպիսով, անոնսավորեց, որ ստորագրահավաքի ավարտից հետո մտադիր չէ սպասել հարցի օրինական քննարկմանը Գերագույն դատարանում եւ Ազգային ժողովում, այլ գեներացնելու է այսպես կոչված «փողոցային շարժում»: Եւ պատկան մարմիններին էլ հորդորեց հակազդող քայլեր չձեռնարկել, որպեսզի «մեկի քթից հանկարծ արյուն չհոսի»:

Թե ինչու՞ է հայաստանյան լրատվամիջոցն ինքնադրսեւորման եւ քաղաքական սպառնալիքների հարթակ տրամադրել Արցախի ՊԲ նախկին հրամանատարին՝ մնում է միայն ենթադրել: Ըստ երեւույթին, Հայաստանում որոշակի շրջանակների ձեռնտու է իրավիճակը ներկայացնել այնպես, որ Արցախում մարդիկ սրտի տրոփյունով սպասում են Սամվել Բաբայանի նախագահությանը:

Եւ եթե դա տեղի չունենա, ապա պատասխանատվությունը կընկնի Հայաստանի իշխանությունների վրա, որոնք նպատակ ունեն Արցախում իշխանության բերել իրենց նախընտրելի թեկնածուին: Խաղն այսպիսով, ինչպես ասում են, ավելի «հետաքրքիր է դառնում»: Ո՞րն է նպատակը: Արցախում քաղաքական եւ քաղաքացիական դիմակայությու՞ն սադրել: Իսկ եթե վաղը ՊԲ նախկին հրամանատարն իր համակիրներին փողոց հանի եւ դրան հետեւի մյուս կողմի քա՞յլը:

Եթե Բաբայանի 10 000-ի դիմաց փողոցներ եւ հրապարակներ դուրս գա Ազատ հայրենիքի 30-40 հազա՞րը: Ովքեր կանխածրագրել են ՊԲ նախկին հրամանատարի արցախյան միսիան, այս հեռանկարն աչքի առջեւ ունե՞ն:

Առհասարակ ի՞նչ է նշանակում փողոցի ուժով սահմանդրական լուծումներ պարտադրելու ռազմավարությունը: Իշխանությունները որեւէ կերպ չեն խոչընդոտում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության ստորագրահավաքին:

Եւ եթե այդուհանդերձ ցանկալի արդյունք չկա, տասնյակ հազարավոր մարդիկ այն չեն պաշտպանում, «աթոռներ ջարդել» պետք չէ: Հարկավոր է լինել սառնասիրտ եւ գործընթացը մինչեւ վերջ տանել օրինականության հունով:

«Հայելու առաջ» ՊԲ նախկին հրամանատարի պահվածքից, ցավոք, հասկացվեց, որ նրա նյարդերն, այնուամենայնիվ, տեղի են տվել, եւ նա պատրաստվում է անցանկալի, վտանգավոր սցենարների:

Մյուսների խնդիրն է, երեւի, չկորցնել սթափությունը, չընդունել մարտահրավերը, զերծ մնալ իրավիճակի սրացումից, չգնալ բացահայտ դիմակայության: Այդ կերպ, թերեւս, հաջողվի խուսափել ներքաղաքական առճակատումից: