Միքայել Բադալյանի մոտ դեռևս ախտորոշվել է ստամոքսի խոց և ներքին արյունահոսություն

Միքայել Բադալյանի մոտ դեռևս ախտորոշվել է ստամոքսի խոց և ներքին արյունահոսություն

«Այս պահին դեռևս Միքայել Բադալյանի հետազոտությունները շարունակվում են։ Հետազոտություններից մեկն ավարտվել է, որը վերաբերվում է նրան, որ բժիշկն արդեն իսկ  համապատասխան բժշկական տեղեկանք է կազմել այն մասին, որ նրա մոտ ընթացիկ ախտորոշմամբ ախտորոշվել և հայտնաբերվել է սուր ստամոքսային խոց, որն ուղղորդվել է նաև ներքին արնահոսությամբ։ Սա ընդամենը համապատասխան բժշկի մեկ հետազոտություն է, դեռևս մնացած հետազոտությունները շարունակվելու են և ընթացիկկ համապատասխան ախտորոշման դեպքում, կտեղեկացնենք լրացուցիչ։

Միևնույն ժամանակ նշեմ, որ արդեն իսկ այս մեկ ախտորոշումն ունենալու պարագայում բժիշկները միանշանակ հորդորում են, որպեսզի Միքայել Բադալյանը հիվանդանոցային պայմաններում ստացիոնար բուժում ստանա և հավանաբար արդեն կմնա հիվանդանոցում։Դեռևս ժամկետի մասին խոսք լինել չի կարող, որովհետև, ինչպես նշեցի դեռևս շարունակվում են մնացած մասով հետազոտությունները»,- այս մասին «Հրապարակին» ասաց Միքայել Բադալյանի փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։

Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ բլոգեր Միքայել Բադալյանի փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ մասնավորապես ասում է․ « Միքայել Բադալյանի  առողջական վիճակը կտրուկ վատթարացել է /ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ/, այժմ արդեն նրան տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց: 

Ըստ փաստաբանի պաշտպանության կողմը միջնորդություն է պատրաստում Միքայել Բադալյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Դատարանին կոչ եմ անում թույլ չտալ ուշացված արդարադատություն։ 

Հիշեցնենք` Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել էր։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Նա իր ազատազրկումը որակել էր որպես քաղաքական որոշում, որում իրավական որևէ հիմք չկա։