Ինչու է աղմկում Ոսկեպարը

Ինչու է աղմկում Ոսկեպարը

Նախաբանի փոխարեն
Ոսկեպարցիները, բնականաբար, քննարկեցին նաեւ իրենց գյուղում մեր հայտնվելը…
- Էսքան էլ մարդ ա եկե՜լ, ով գիտի՝ ինչքան ծախս են արել…
- Այ մարդ, հաշվի, էլի, ամեն մաշինը՝ 15 հազար դրամ:  

Ստիպված եմ արձագանքել այն գրառումների ու տեսակետների հեղինակներին, որոնք կարծում են, թե ընդդիմության (հիմնականում ՀՅԴ-ի եւ «Հայաստան» խմբակցության) Տավուշ՝ Ոսկեպար գնալն ու այնտեղ հավաք կազմակերպելը սխալ էր: Որպես ՀՀ շարքային քաղաքացի՝ ուզում եմ զուտ մարդկայնորեն իմանալ՝ դրա ի՞նչն էր սխալ, եւ ինչո՞ւ ես չէի կարող գնալ Ոսկեպար ու մասնակցել այդ հավաքին: Վաղը գնալու եմ Շիրակ, մյուս օրը՝ Լոռի, հետո գնալու եմ Վայք, Արարատ, Գորիս, Կապան, Մեղրի… Ի՞նչ ունեք այս ամենի դեմ, որ հենց մի տեղ ընդդիմությունը հավաք է անցկացնում կամ հանդիպումներ, իսկույն համակարգիչները միացնում եք ու անցնում քլնգելուն: Ու որ չեք գրո՞ւմ՝ ժողովրդի հետ պետք է աշխատել, բացատրել իրավիճակը… Բա սա ի՞նչ է, ժողովրդի հետ աշխատել չէ՞, ժողովրդին կազմակերպել չէ՞: Թե՞ ձեզ թվում է, որ համակարգիչը կտկտացրիք՝ ժողովուրդն ամեն ինչ տեսավ, լսեց ու կազմակերպվեց:

Այլընտրանքային նախագծեր խմբից Վահե Հովհաննիսյանը՝ իմ կողմից շատ հարգված մի մարդ, հենց իմացավ, որ մենք գնացել ենք Ոսկեպար, մի բարդ տեքստ գրեց այդ մասին՝ մեզ գրեթե մեղադրելով հայ-ադրբեջանական նոր պատերազմ հրահրելու մեջ: Մի փոքրիկ մեջբերում անեմ այդ տեքստից. «Պետք է ճիշտ հասկանանք տավուշյան շարժման էությունը։ Տավուշյան շարժումն արտաքին դիմադրության մասին չէ։ Դա ներքին դիմադրության շարժում է, որն արդեն դարձել է ապակուսակցական, համախմբել արժանապատվության զգացումով, ընդգծված հեղինակությամբ մարդկանց։ Սակայն չի կարելի թույլ տալ, որ Տավուշը դառնա երգուպարի, նկարահանումների, խրոխտ ելույթների, իսկ հետո հանկարծ մի օր էլ՝ ռազմական բախման թատերաբեմ։ Տավուշը պետական լուրջ ճգնաժամի խնդիր է, որի մեջ մեզ ներքաշել է երկրի փաստացի ղեկավարը։ Պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ այդ գյուղերն Ադրբեջանինն են, եւ Բաքվի հաղթաթուղթը հիմա դա է՝ Նիկոլի ասածները, որով եւ սպառնում են Տավուշի «ըմբոստներին»։ Սա լուրջ ճգնաժամ է, քաղաքական խնդիր է, սա քաղաքական լուծում պահանջող խնդիր է։ Տավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, եւ այդ խնդրի լուծումը Երեւանի կենտրոնում է»:

Հարգելի Վահե, նախ՝ ի՞նչ տավուշյան շարժում, դու որտե՞ղ ես տեսել այդ շարժումը, որ մի հատ էլ անուն ես մտածել՝ «տավուշյան»: Այդպես որ մտածենք, ապա պետք է ընդունենք, որ ունեցել ենք շուռնուխյան, որոտանյան, ջերմուկյան, սոթքյան, գեղարքունիքյան շարժումներ: Կողքից լսողն էլ կասի՝ Գեղարքունիք թողիք, արա, ձեր շարժումներով: Մի քանի տերտեր, մի քանի պատգամավոր, մի քանի երեւանցի, գյումրեցի ու վանաձորցի գնացել են Ոսկեպար, դուք Երեւանում խառնվել եք իրար, թե բա՝ տավուշյան շարժում: Որ ուզում եք իմանալ, այդ հավաքին ամենաքիչը հենց տավուշցիներն էին: Կիրանցից մեկ-երկու մարդ էր մասնակցում, Աճարկուտից ընդհանրապես իսան չկար: Էլ չեմ ասում, որ Ոսկեպարի գյուղամիջում այդ օրն ավելի քիչ ոսկեպարցի կար, քան Վարդավառներին է լինում: Ասում ես՝ Ոսկեպար չգնանք, երաժշտություն, երգուպար, խրոխտ ելույթներ չունենանք… Բա ի՞նչ անենք, խելոք նստենք, մինչեւ թուրքը սուսուփուս գա, ճանապարհը բռնի, հողերը խլի՞… Հետո ո՞վ է սրա պատասխանը տալու, Նիկո՞լը: Այդքան միամի՞տ ես դու, հարգելի Վահե: Ինքդ ես ասում՝ Տավուշը պետական լուրջ ճգնաժամի խնդիր է, որի մեջ մեզ ներքաշել է երկրի փաստացի ղեկավարը: Լիովին համաձայն եմ քեզ հետ: Իսկ ինչո՞ւ են Տավուշը, դրանից առաջ էլ՝ Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը դարձել պետական լուրջ ճգնաժամի խնդիր: Նիկոլը, կարծես, Կոտայքի մարզի հերն էլ է անիծել, բայց, հարգելի Վահե, ոնց որ չես ասում, որ Կոտայքի մարզում էլ պետական լուրջ ճգնաժամ կա: Դա, արդյոք, չի՞ նշանակում, որ քո արդարացի անհանգստությունը տրամաբանորեն կապված է արտաքին սպառնալիքի հետ: Դե ուրեմն մի ասա, որ տավուշյան «շարժումն» արտաքին դիմադրության մասին չէ: Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Տավուշում, իսկ ավելի ճիշտ՝ այն ամենը, ինչ ընդդիմությունն ուզում է, որ կատարվի Տավուշում եւ մեր բոլոր սահմանամերձ մարզերում, առաջին հերթին հենց արտաքին դիմադրության մասին է: Հայաստանում այսօր քանի՞ մարդ կա, որ մտածում է, թե մեր բանակը կկարողանա սեփական ուժերով պաշտպանել այդ մարզերն ու բնակչությանը, եթե, Աստված մի արասցե, ինչպես Նիկոլն է ասում՝ պատերազմ սկսվի: Բանակին գուցե հրաման էլ չտան, որ կրակի, իսկ դու, հարգելի Վահե, ասում ես՝ Տավուշում ամեն ինչ լավ է, դա ներքին դիմադրության շարժում է, որն արդեն դարձել է ապակուսակցական, համախմբել արժանապատվության զգացումով, ընդգծված հեղինակությամբ մարդկանց։ Սա քիչ է, Վահե ջան: Որ տեսնես երբեմնի աշխույժ ճանապարհի այսօրվա տխուր վիճակը, այդպես չես ասի: Իսկ կիսատ մնացած շինարարությունները, իսկ լքված հանգստի գոտիները, իսկ լեռնալանջերին արածող հոտերի ու նախիրների բացակայությունը… մի քանի լղար ձի է մնացել, մի քանի շունչ էլ մարդ: Այդ մարդկանց կողքին մարդ պետք է կանգնի, այդ մարդկանց, այո, պետք է հասկացնել, որ իրենք մենակ չեն, որ Ոսկեպարը Հայաստան է, հայրենիք է, պետություն է, հող է՝ վերջապես, որի վրա աչք է դրել օտարը:

«Սա լուրջ ճգնաժամ է, քաղաքական խնդիր է, սա քաղաքական լուծում պահանջող խնդիր է։ Տավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, եւ այդ խնդրի լուծումը Երեւանի կենտրոնում է»․ հրաշալի միտք է, հարգելի Վահե: Այո, Երեւանի կենտրոնում պետք է գեներացվի այն ուժը, որ կկարողանա լուծել այս քաղաքական ճգնաժամը: Եկ դա անվանենք իշխանությանն այլընտրանք ուժ, թող դա լինի այնպիսի ուժ, որ, ինչպես դու ես ասում, կկանգնի ու Փաշինյանի պարտության ֆոնին կասի՝ ես գիտեմ ինչ անել: Իսկ, ի՞նչ ես կարծում, ի զորո՞ւ է, արդյոք, որեւէ ուժ տապալել այս անմեղսունակների իշխանությունը, եթե այն չունի սահմանին կանգնած մարդու՝ տավուշցու, շիրակցու, սյունեցու, վայոցձորցու, սեւանցու աջակցությունը:
Էն էլ ասեմ, որ դեռ միլիոնավոր երեւանցիների մտածելու օրգանին պետք է հասցնել, որ Տավուշի խնդիրը միայն Տավուշի խնդիրը չէ, ու ինքը պետք է դուրս գա փողոց, որ վաղը ոսկեպարցու նման չկանգնի անորոշության առաջ: Եվ, պատկերացրու, հարգելի Վահե, որ Ոսկեպարի հավաքը նաեւ այս մասին էր: