Հայաստանը պիտի խոսի, ինչպես ամենից մեծ վշտավորը

Հայաստանը պիտի խոսի, ինչպես ամենից մեծ վշտավորը

Մեծ են  նրանով, որ տեղավորվում են բոլոր ժամանակների մեջ։ Թումանյանին ներկայացնելու կարիք չկա, որովհետև նա մեր ինքնությունն է, մեր անցյալը, ներկան ու ապագան։ Ինչպես չի կարելի իրարից անկախ պատկերացնել  հայրենիք, պետություն, ազգ, ժողովուրդ հասկացությունները, այնպես էլ անցյալը, ներկան ու ապագան միահյուսված են իրար, հերթափոխ են, շարունակական։

Թումանյանն այդ միահյուսության թագն է, ինքը ընդհանրացնում է տարբեր գույներն ու երանգները ու կարողանում ստանալ Հայաստանն ամբողջությամբ։ Մի փոքրիկ հատված կներկայացնեմ Թումանյանի խոսքից, ու դուք կհամոզվեք մի բանում՝ Թումանյանը կա նաև այսօր։ Նա այսօր խոսում է յուրաքանչյուրիս հետ ու ուղղություն տալիս․ 
«Հապա նրա - Հայաստանի հա՞րցը, հայկական հա՞րցը…
Ի՜նչեր չեն խոսվել ու կատարվել էդ հարցի շուրջը…
Եվ Հայաստանը գրեթե միշտ լռության է եղել դատապարտված ակամա։ Ոչ նրա ցավն ենք կարողացել ճշմարիտ իմանալ, ոչ էլ ցանկությունը։
Բավական էր։
Հայաստանը պետք է խոսի վերջապես։

Եվ պետք է խոսի էնքան լուրջ ու զգաստ, ինչքան լուրջ ու զգաստ է լինելու ամենից մեծ վշտավորն ու ամենից շատ վտանգվածը ժողովուրդները մեջ, այլև էնքան հաստատուն ու բաց ճակատով կարող է խոսել մի ժողովուրդ, որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով և ամեն ինչ տվել է ու կտա ազատ կյանքի համար»։ 

Հայաստանը պիտի խոսի։ Անտարբեր չպիտի մնա, թե ինչպես են վարվում նրա հետ։ Սա նշանակում է, որ Հայաստանի անունից մի մարդ չպիտի խոսի։ Հայաստանը պիտի խոսի, ինչպես ամենից մեծ վշտավորը։ Սա մեզ, բոլորիս է վերաբերվում։ Սա Հայաստանին է վերաբերվում։