Կոստան Զարյանը եւ Վենետիկը

Կոստան Զարյանը եւ Վենետիկը

Թերեւս, ոչ մի եվրոպական քաղաք այնքան հայկական չէ, որքան Վենետիկը: Կիլիկիայի թագավոր Լեւոն Մեծագործից սկսած մինչեւ Մխիթարյան միաբանության հայտնվելը Սուրբ Ղազար կղզում եւ դրանից հետո մշակութային այն կենտրոնը, որ իրենից ներկայացնում է Վենետիկը, խորթ չէր նաեւ հայ մեծանուն գրող Կոստան Զարյանի համար: Կոստան Զարյանն առաջին անգամ Վենետիկ է այցելել 1911 թվականին: Վենետիկ քաղաքի հետ առաջին իսկ հանդիպումը ցնցել է երիտասարդ բանաստեղծին: Անգլիացի նշանավոր գրող եւ բանաստեղծ Լոուրենս Դարրելը հայ բանաստեղծի առանձնակի սերը Վենետիկ քաղաքի հանդեպ ժամանակին տեսել եւ արձանագրել է իր բանաստեղծություններից մեկում, որը կոչվում է «Վենետիկի ջրանկար»։

Զարյանն ասում էր՝
Ֆլորենցիան պատանեկությունն է,
Ռավեննան՝ հասունությունը,
Իսկ Վենետիկը՝ վերադարձած մանկությունը մեր: 

Ավելի, քան մարդկանց հետ, հաճախ մեր եւ քաղաքների մեջ ստեղծված հաղորդակցությունները խորհրդավոր եւ ճակատագրական բնույթ են առնում: Այս տողերում պարզ է դառնում, որ Զարյանն արդեն իսկ ինչ-որ միստիկ կապի մեջ է Վենետիկի հետ, նրա երեւակայության մեջ քաղաքի դիմապատկերը դառնում է դյութիչ, կլանող եւ միաժամանակ սարսափեցնող: Ջրանցքից դիակի հոտ է գալիս, ու սեւ խաղաղության մեջ կարծես մեկն ահավոր բաներ է փսփսում: Ջրանցքների գարշահոտությունը, Սուրբ Մարկոսի հրապարակը, Հառաչանքների կամուրջը, որը դարձավ Իոսիֆ Բրոդսկու սիմվոլը եւ, իհարկե, Ռիալտոյի կամուրջը՝ Ավետիք Իսահակյանի։ Ահա՝ երեւակայական, բայցեւայնպես չափազանց իրական Վենետիկը, բոլորն էլ տպավորապաշտ են Վենետիկում: Եվ Վենետիկը քաղցր երազի նման գրկեց ինձ: Շրթունքներիս վրա դրոշմեց իր թունավոր համբույրը ու աղքատի ուսերիս վրա դրոշմեց սիրո եւ մահվան դագաղը դրավ, եւ քայլեցի...: «Վենետիկյան նորավեպում» Զարյանի հերոսը՝ Գրիմ-Ռին, ինքն իրեն զգում է մսավաճառի խանութում, անիծում է Բայրոնը եւ գլանակ վառում, մի՞թե այս տողերում չի անիծում երազանման Վենետիկին դիմակներ կրող մի քաղաքի, ուր նաեւ հավաքված են քաղքենի բուրժուաները, թե՞ այս ամենի հիմքում ընկած են Աննի-Բելիի մասին հուշերը... քանի գնացքը մոտենում է Վենետիկին, այնքան Գրիմ-Ռիի վիշտը մեծանում, լայնանում, վիհի նման բացվում է: Ահա եւ Զարյանի հերոսի Վենետիկը՝ մռայլ, մելանխոլիայով հագեցած Կոստանի երազը. արդյո՞ք Զարյանն իր երկու գործերում «Ես եւ Վենետիկը», «Վենետիկյան նորավեպ», նպատակ չէր հետապնդում բնութագրել Ադրիատիկի թագուհու երկակիությունը կամ բազմադեմությունը, չէ՞ որ Վենետիկը դիմակների հայրենիքն է... ինչպես կպնդեր հեղինակը՝ Վենետիկը երկվություն է... որը քեզ խժռում է, տանում դեպի իր ծոցը, քեզ սարքում պատրանքային իրականության մի մաս, եւ այդ արբեցումի շքերթը շարունակվում է մինչեւ վերջ, մինչեւ վերջին կաթիլը «Մտածի՛ր՝ Վենետի՛կ, ուր միշտ երազած եմ մեռնել, որովհետեւ ջրանցքները սիրալիր հրավեր էին կարդում, եւ մեծ դագաղները հանգիստ լողում էին»: 

Պատահական չէ նաեւ Զարյանի այս մեջբերումը քաղաքի մասին․ «Որովհետեւ Վենետիկն այլեւս մի առեղծված է, որ ուզում եմ հասկանալ: Վենետիկը, բազմերանգ լույսերի տակ թափած իր փղոսկրէ եւ մարմարէ գեղեցկություններով, ինձ համար աչքերի հաճույք չէ միայն, գեղագիտական մի խնդիր չէ, այլ իմ ներքին էություն հասկանալու, դրսեւորելու մի հրատապ, մի ջերմագին միջոց է»: Զարյանի համար նաեւ կարեւոր է իր ներքին հարդարանքը, արտացոլանքը Վենետիկի ջրերի մեջ, նրա սուրբ տաճարների, նեղ կամուրջների եւ մեծ հրապարակի առջեւ, որտեղ իր ռուս ընկերն առաջարկում է խմել, որպեսզի դիմանա վենետիկյան առասպելին: «Գիշերը Ս. Մարկոսի բազմականթեղ հրապարակը մեր աչքերի համար թմբկահար տոն էր, ջղագրգիռ, չափազանց մեծ զգացողության համար: Լարված էինք եւ ապշած, մի քիչ այնպես, ինչպես լինում են սկսնակ երիտասարդները, երբ կինը եւ գինին նոր են համեմում»:

Որպես վերաբերմունք Ադրիատիկի թագուհու հանդեպ՝ կարելի է մեջբերել Զարյանի այս տողերը․ «Ինձ համար Վենետիկը մեռած եւ ահա նորից արթնացած հիշատակ էր»: Մենք նույնպես մեր հուշերում քաղաքը դեֆորմացնում ենք եւ սկսում ենք նորից կառուցել: Քաղաքի հետ ձեւավորում ենք խորհրդապաշտական հարաբերություններ, անկախ մեր կամքից՝ երեւակայությունը վերահաստատում է իր դիրքերը եւ դրանով թույլ տալիս, որպեսզի կառուցենք նոր քաղաք, որի հատակագիծն այլ կլինի, ձեւախեղված նոր հրաշալի տեսքով: Զարյանը նույնպես ունի իր ուրույն ուրբան տեսակետը: «Քաղաքները՝ դարերի հոգեկան այդ կուտակումները, բարդ եւ խորհրդավոր կայաններ են, որոնք մագնիսի նման դուրս են ցցում մեր էության հիմնական ապրումները եւ իրենց բոցի վրա այրում»:

Հրայր Խաչատրյան

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ