Մի հանցանք՝ ավել, մի հանցանք՝ պակաս

Մի հանցանք՝ ավել, մի հանցանք՝ պակաս

Նիկոլ Փաշինյանն անընդհատ սպառնում է իր թիմին: Սպառնում է, որ եթե նրանց մտքով անցնի լքել իշխանությունը կամ իր դեմ դուրս գալ, նրանք բոմժ կդառնան, հասարակությունը կբզկտի նրանց, նրանց երեխաներին ու հարազատներին: Նման ճակատագրից խուսափելու միակ ճանապարհն իրեն մինչեւ վերջ հավատարիմ մնալն է, անմնացորդ ծառայելը, իր կատարած հանցագործություններին մասնակից ու մեղսակից եւ, առհասարակ, միասնական լինելը: Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին քարոզում է, որ քանի իրենք իշխանության մեջ են՝ ունեն անվտանգություն եւ բարեկեցություն, հենց իշխանությունից զրկվեն, կզրկվեն փողից, ազգուտակով կկործանվեն ու կոչնչանան:

Փաշինյանի այս քարոզը բավական լավ աշխատում է. թիմի ներսում տեսնում են, որ իսկապես իրենց ամեն ինչ թույլատրելի է ու հասանելի. հսկայական աշխատավարձ ու պարգեւավճարներ են ստանում, բարեկամներին ու հարազատներին եկամտաբեր պաշտոնների են նշանակում, տենդերներ ու մրցույթներ են շահում, բյուջեի հաշվին մեծ փողեր են աշխատում, պետության հաշվին արտասահմաններում ման են գալիս, ապրում են անվտանգ ու երջանիկ: Ճիշտ է՝ անընդհատ զգում են հասարակության զզվանքն ու ատելությունն իրենց նկատմամբ, բայց իրենք հասարակության հետ այնքան էլ չեն շփվում, ու, դրանից բացի, ատելությունն ու զզվանքն էլ փոխադարձ է: Մյուս կողմից էլ մտածում են, որ իրենք, այսպես թե այնպես, Նիկոլ Փաշինյանի հետ հանցակիցներ են, եւս մի քանի նոր հանցագործության մասնակից լինել-չլինելը ո՛չ փոքրացնելու է իրենց բաժին մեղքը, ո՛չ էլ մեղմացնող հանգամանք է լինելու: Հիմա, քանի դեռ հնարավորություն ունեն, պետք է հնարավորինս շատ փող աշխատեն, արտասահմանում անշարժ գույք ու բանկային հաշիվ հետ գցեն, որ հենց իշխանությունը ձեռքներից գնա, փախչելու տեղ ունենան, ապրելու միջոց: 

Եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր լիներ, ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չլիներ, այլ հավասարապես պատկաներ այդ կուսակցության անդամներին, մենք բոլորովին այլ պատկերի ականատեսը կլինեինք: Կուսակցության անդամները կհավաքվեին ու կորոշեին, որ եթե Նիկոլ Փաշինյանը, որպես կառավարության ղեկավար, ձախողվել է, նրան պետք է հեռացնել այդ պաշտոնից եւ նոր վարչապետ ընտրել: Այդ ձեւով տապալման քաղաքական պատասխանատվությունը կկրեր ոչ թե ամբողջ քաղաքական թիմը, այլ ընդամենը կառավարության ղեկավարը՝ իր կառավարության մի քանի անդամով: Բոլոր ժողովրդավարական հասարակություններում երկրի եւ կուսակցության ղեկավարի փոփոխությունը հենց այդպես է տեղի ունենում, ոչ թե ձախողված վարչապետին կուսակցության նախագահ են ընտրում, միայն այն պատճառով, որ նրա մոտ պաթոլոգիկ վախ կա, որ, չնայած իր շանտաժին, թիմը կարող է ըմբոստանալ ու իր դեմ դուրս գալ: Պատմության ընթացքում ստրուկների ապստամբություններ էլ են եղել:

Հայաստանում նման բան անհնար է՝ մի պարզ պատճառով. Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հանրային վստահությունը զրո է, այդ մարդկանց հասարակությունը ձայն չի տվել, նրանք իշխանության կրող չեն: 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հասարակությունը ճանաչում էր Նիկոլ Փաշինյանին եւ նրան էր ձայն տալիս, Նիկոլ Փաշինյանն էլ ում հարմար էր համարում, նրանց գրում էր «Իմ քայլի» ցուցակում եւ պատգամավոր դարձնում: 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ գրեթե նույն վիճակն էր. Նիկոլ Փաշինյանն ում ուզեց, գրեց պատգամավորական ցուցակում, ում ուզեց, դուրս թողեց: Միայն թե մի տարբերությամբ. 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ուներ հանրային վստահություն եւ իր անձնական հեղինակությամբ հաղթեց ընտրություններում, 2021 թվականի ընտրությունների ժամանակ պակասած հանրային վստահությունը լրացրեց ընտրակեղծարարությամբ: Դրա կազմակերպիչը եւս Նիկոլ Փաշինյանն էր, եւ նրա քաղաքական թիմը, մեծ հաշվով, դրա հետ կապ չուներ:

Եթե համեմատելու լինենք նախորդ ու ներկա իշխանությունները, ապա նախորդն իր բովանդակությամբ ավելի ժողովրդավարական էր, թեկուզ միայն այն պատճառով, որ նախորդ իշխանությունների օրոք իշխանության թեկնածուների մի զգալի մասը մարդիկ էին, ովքեր իրենց ունեցած հեղինակությամբ, մարդկային ու ֆինանսական ռեսուրսով կարողանում էին թիմի համար ձայներ ապահովել: Փաշինյանը հատուկ կազմել է հանրային հեղինակությունից ու ազդեցությունից զուրկ մարդկանց մի ցուցակ, ովքեր գիտակցում են իրենց իրական արժեքը եւ գիտեն, որ առանց Փաշինյանի իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Դրա համար անմնացորդ ու անձնվիրաբար ծառայում են նրան՝ մասնակիցն ու պատասխանատուն լինելով նրա կատարած բոլոր քաղաքական ու քրեական հանցագործություններին՝ անգամ չանհանգստանալով դրանց դիմաց պատասխանատվության ենթարկվելու հեռանկարի մասին:

Դրա համար այն խոսակցությունները, թե Փաշինյանի թիմի հետ հնարավոր կլինի ինչ-որ համաձայնության գալ եւ վարչապետի փոխադարձ ընդունելի նոր թեկնածու առաջադրել, միանգամայն անիմաստ են: Փաշինյանին միշտ էլ հաջողվելու է շանտաժի ու վախի մեջ պահել իր ստեղծած խմբակցությունը, քանի որ նա հստակ գիտի թե՛ նրանց մարդկային որակները, թե՛ կառավարելու մեթոդները:

Ավետիս Բաբաջանյան