Ի՞նչ ունի վարչապետի խոսնակը «Հրապարակի» դեմ

Ի՞նչ ունի վարչապետի խոսնակը «Հրապարակի» դեմ

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, որ այսօր վարում էր պարետ Տիգրան Ավինյանի ասուլիսն ու համակարգում հնչեցվող հարցերը, կարծես թե հատուկ վերաբերմունք ունի առանձին լրատվամիջոցների նկատմամբ: Նա, ինչպես նկատեցինք, ընտրողաբար է մոտենում՝ որոշելով որ լրատվամիջոցի հարցը հնչեցնել, որը՝ ոչ:

Մասնավորապես, Hraparak.am-ը մի քանի հարց էր ուղղել Տիգրան Ավինյանին, որոնցից մեկն առնչվում էր Չարենցավան համայնքում և խնդրահարույց այլ համայնքներում տիրող իրավիճակին, մյուս մասը անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելուն էր վերաբերում: Սակայն վարչապետի խոսնակը այդպես էլ մեր հարցը չհնչեցրեց, միայն նշեց, որ Չարենցավանի մասով մի քանի հարց կա, և ընդհանուր ընթերցեց հարցը, որի մեջ մեր հարցերը ներառված չէին:

Դժվար է ասել, թե ինչ ունի վարչապետի նորանշանակ խոսնակը, որը մինչև խոսնակ նշանակվելը մեկ այլ լրատվամիջոցում էր աշխատում, իր գործընկեր որոշ լրատվամիջոցների, այդ թվում՝ «Հրապարակի» դեմ, եթե, իհարկե, միտումնավոր չի արվում սա։

Հ․Գ․ Հրապարակումից հետո խոսեցինք Մանե Գևորգյանի հետ։ Նա մեզ վստահեցրեց, որ մեր դեմ որևէ բան չունի, ասաց, որ տեխնիկական բացթողում է եղել, որի համար ներողություն է խնդրում, նաև նշեց, որ իրեն ուղարկում են հարցերը, ինքը չի ընտրում, երևի վրիպել են կամ նամակների մեջ չեն նկատել։