Ես զբաղված եմ․ Հակոբ Ասլանյան

Ես զբաղված եմ․ Հակոբ Ասլանյան

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչպե՞ս է իրեն զգում, երբ իմացել է, թե ինչ անմարդկային ու դաժան վերաբերմունք են ցույց տվել Սամվել Վարդանյանի հետ, ով Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրվում է խուլիգանության և քաղաքական հիմքով ատելություն տարածելու մեջ։ 

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանին Քննչականից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ուղեկցող ոստիկանները իջել են մեքենայից՝ իբրև բնական կարիքները հոգալու համար, այդ ընթացքում 3 դիմակավորված անձինք Սամվելին քարշ են տվել, գլուխը սեղմել գետնին, թքել վրան, սեռական բնույթի հայհոյանքներ տվել՝ արժանապատվությունը նվաստացող, ստիպել են, որ դրանք կրկնի, սակայն նա չի կրկնել, որից հետո իջեցրել են տաբատը ու մահակը դեմոնստրատիվ դրել ոտքերի արանքում։

Սամվել Վարդանյանը խուլիգանության մեջ է մեղադրվում, քանի որ տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին անվանել էր «հակահայ վիժվածք»։ Այսօր նրա մեղադրանքը լրացվել է, նոր մեղադրանք է առաջադրվել՝ քաղաքական հայացքներով պայամանավորված թշնամանք հրահրելու վերաբերյալ։ Հակոբ Ասլանյանը լսելով հարցը՝ ասաց՝ զբաղված եմ, չեմ կարող խոսել։ Դիտարկմանը, որ դաժան դեպք է տեղի ունեցել, և իր խոսքը կարևոր է, նա կրկին պատասխանեց՝ «զբաղված եմ, չեմ կարող խոսել»։ Հարցրինք՝ հետո կխոսե՞ք, անջատեց հեռախոսը։