Սեպտեմբերի 2-ին որոշակի սպասումներ ունեի, որոնք չարդարացան

Սեպտեմբերի 2-ին որոշակի սպասումներ ունեի, որոնք չարդարացան

«Հրապարակի» զրուցակիցն «Անկախություն» շարժման առաջնորդ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն է:

- Պարոն Ղազարյան, օգոստոսի վերջին, երբ շարժումը նոր էր մեկնարկել, անգամ Նիկոլ Փաշինյանի հեռանալու օրն ու ժամն էիք նշում և որպես վերջնաժամկետ շեշտում էիք սեպտեբերի 21-ը: Սեպտեմբերի 21-ին մնացել է մոտ երկու շաբաթ: Ձեր խոստումն ուժի մե՞ջ է:

- Դա ոչ թե իմ խոստումն է, այլ պայքարի նպատակը: Նպատակն իրագործելու համար կյանքի են կոչվելու բոլոր օրինական գործիքակազմերը: Օգոստոսի 23-ին տվեցինք մեկնարկը: Ես փորձեցի հանդիպել իր հետ, սակայն նա վախեցավ և խուսափեց մեր հանդիպումից: Գլխավոր դատախազի հնարավոր գործողությունները ևս կարող են Նիկոլ Փաշինյանի հեռացումը խթանել: Զոհված զինծառայողների ծնողները մի քանի օր առաջ այդ պահանջով դատախազության շենքի դիմաց էին: Չնայած նրան, որ գլխավոր դատախազը խուսափում է իր պարտականությունը կատարելուց, սակայն առաջարկում է մի փոփոխություն, որն, ըստ էության` Նիկոլ Փաշինյանին մահապատժի ենթարկելու համար է: Կա հնարավորություն նաև խորհրդարանի միջոցով վարչապետին անվստահություն հայտնելու: Ես առաջարկել եմ բոլոր հնարավոր գործողությունների մեխանիզմները: Ինձանից կախված են նախաձեռնություններն ու դրանց իրավական լուծումները: Ինչ մնում է դատախազի և պատգամավորների ֆունկցիաներին, ապա դրանք միմիայն իրենց տիրույթում են: Ես ոչինչ այդ մասով չեմ կարող անել: Մենք հասել ենք` վերջին հնարավորությանը: Դա պատգամավորների միջոցով վարչապետին անվստահություն հայտնելն է: Ռեալ գործողություններ պետք է անեն նրանք: Այս պահի դրությամբ չկա մի պատգամավոր, որը հանդես կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: Սա նշանակում է, որ մենք դեռևս պետք է պայքարենք: Մեր նպատակներն ազնիվ և արդիական են, մնում է իրագործելը:

- Իսկ ինչպե՞ս եք դա պատկերացնում:

- Զարմացած եմ, որ պետք է պատգամավորներին համոզեմ, որովհետև հենց այդ նույն պատգամավորները մինչև բոլորովին վերջերս իրենք էին Նիկոլ Փաշինյանից ազատվելու մասին մտածում: Այժմ խոսքից գործի անցնելու ժամանակն է: Հիմա ես ռեալ գործողություններ եմ նրանցից ակնկալում: Եթե ռեալ գործողություններ չեն անում, նշանակում է` պետք է հանրահավաք կազմակերպենք և պատգամավորներին ստիպենք այդ քայլին գնալ: Ես դրա մասին եմ այժմ մտածում, հուսամ բանը դրան չի հասնի: Մշտապես ասել եմ, որ մեր հանրահավաքները չեն լինելու զուտ ելույթներով ողողված հավաքներ: Հիմա եթե Նիկոլ Փաշինյանին անվստահություն չեն հայտնում պատգամավորները, մենք պետք է կոչով դիմենք նրանց:

- Երկու օր առաջ Դուք ևս մասնակցում էիք «Դիմադրություն» շարժման հանրահավաքին, սակայն ընդդիմադիրներից շատերն «Անկախություն» շարժման հանրահավաքին չէին մասնակցում: Սա ինչո՞վ է պայմանավորված:

- Ես չգիտեմ, թե ով ինչին է մասնակցում: Ես իմ սկզբունքներում և մոտեցումներում ազնիվ եմ: Ասել եմ, որ բաց չեմ թողնելու «Դիմադրություն» շարժման և ոչ մի ակցիա: Սեպտեմբերի 2-ին էլ նույն բարեխղճությամբ մասնակցել եմ հերթական հանրահավաքին: Սեպտեմբերի 2-ին որոշակի սպասումներ ունեի, որոնք չարդարացան:

- Ինչի՞ մասին է խոսքը:

- Խոսքն այն մասին է, որ վարչապետին անվստահություն հայտնելու մասին նորից խոսք չգնաց: Նրանք պետք է այդ մասին խոսեին, ապա առաջադրեին իրենց վարչապետի թեկնածուին, եթե չունեն թեկնածու, կարող են առաջադրել իմ թեկնածությունը, եթե ունեն, ապա դա իրենց իրավունքն է, թող առաջ գնան:

- Աշխատանքներ էիք տանում նաև Գերագույն խորհրդի պատգամավորների հետ: Ավարտվեցի՞ն դրանք:

- Այո, ավարտվել են: Դրանք կայացած հանդիպումներ էին:

- Իսկ ի՞նչ տվեցին Հայաստանի Հանրապետությանը:

- Տվեցին այն, որ Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունած պատգամավորներն իրենց ուղերձը հղեցին: Հայաստանի գործող իշխանությունները պարտավոր են հռչակագրի ընդունման նորմերին համապատասխան գործողություններ կատարել: Այդ իմաստով` գործող իշխանությունների գործողությունները ճանաչվեցին ոչ լեգիտիմ:

- Իսկ դա ի՞նչ փոխեց: Կարծում եք դա ազդե՞ց Նիկոլ Փաշինյանի վրա:

- Փաշինյանի հետ ես չեմ հանդիպել, չեմ կարող ասել, թե ինչ տպավորություններ ունի նա: Իմ տպավորությամբ` այս պահին ոչ ոք չի կարող ազդել Փաշինյանի վրա` բացի Իլհամ Ալիևից: