Արցախցիներն ուզում են գնալ Հայաստանից, բայց չգիտեն, թե ուր

Արցախցիներն ուզում են գնալ Հայաստանից, բայց չգիտեն, թե ուր

Պատերազմի ընթացքում բազմաթիվ արցախցիներ էին տեղափոխվել Հայաստան՝ բնակվելով Երեւանում եւ Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում։ Այժմ ստեփանակերտցիները հիմնականում վերադարձել են իրենց բնակավայրը, մյուս շրջանների բնակիչները դեռեւս Հայաստանում են։ Նրանց սննդի, կենցաղային հարցերը մի մասով դեռ շարունակում են լուծել համայնքապետարանները, մյուս մասով՝ բարերարներն ու տարբեր քաղաքացիներ։
Հատկապես Գեղարքունիքի մարզում են շատ արցախցիներ բնակություն հաստատել՝ խոշոր գյուղերում ու քաղաքներում։ Օրինակ, Վարդենիս քաղաքում այս պահին կա 188 արցախցի։ Գեղարքունիքի ամենամեծ՝ Վարդենիկ գյուղում եւս նրանք տեղավորվել են, մի մասը վերադարձել է իրենց տները, որոշ մասը՝ մնացել։

«Իրենք այստեղ վարձով չեն ապրել, կային բնակարաններ, որոնք ազատ էին, եւ կային մարդիկ, որոնք իրենց տանն էին պահում։ Մի ամսից ավելի մնացել են։ Զբաղվածություն չեն ունեցել, չեմ կարող ասել, որ ունեցել են։ Մեզ մոտ եղել են 100 հոգի՝ 28-30 ընտանիք։ Հետո, որ եղավ առաջարկություն՝ ետ գնալու, իրենք գնացել են։ Հիմնականում մնացել են այն մարդիկ, որոնց տները մնացել են ադրբեջանական կողմում։ Մենք 2 օրը մեկ հաշվառում ենք անում, ներկա պահին գյուղում կա մոտավորապես 70 հոգի արցախցի»,- մեզ ասաց Վարդենիկի համայնքապետ Հովհաննես Հովեյանը։ Համայնքապետը նաեւ նշեց, որ սննդի հարցերը լուծել են թե՛ իրենք, թե՛ մարզպետարանը։

Գավառի համայնքապետարանի մամուլի քարտուղարը մեզ հայտնեց, որ պատերազմի առաջին օրերից Արցախի բոլոր շրջաններից, այդ թվում՝ Շուշիից եւ Ստեփանակերտից, ընտանիքներ են հյուրընկալել, հրադադարից հետո նրանց մի մասը վերադարձել է, բայց կան անձինք, որոնք դեռեւս մնացել են․ «Մենք Հադրութից, Շուշիից, Քաշաթաղից ունենք ընտանիքներ, որ մեզ մոտ են արդեն բնակեցված։ Մենք համայնքապետարանին կից գործող հումանիտար աջակցման կենտրոն ունենք եւ նաեւ մարզպետարանի աջակցությամբ լուծում ենք նրանց կեցության, սննդի, հիգիենայի հարցերը, մինչեւ տեսնենք, թե ինչ կլինի։ Նրանք մինչեւ իրենց կարգավիճակի հստակեցումը մնալու են մեր քաղաքում, ու մենք հոգալու ենք նրանց խնդիրները»։ Նա նաեւ նշեց, որ Գավառում բնակվող արցախցիները դեռեւս զբաղվածություն չունեն, չգիտեն էլ՝ երբ եւ ուր են գնալու․ «Նրանց համար առաջնայինը դեռ ինչ-որ կեցության վայր ունենալն է, կարողանան գոյության պայմանները հոգալ, մինչեւ․․․ Մեզ չեն ասում՝ կմնան, ինչ կանեն»։

Գեղարքունիքի մարզի խոշորացված Շողակաթ համայնքում եւ դրանում ներառված 6 գյուղերում եւս բնակություն են հաստատել Արցախից եկածները։ Նրանց հարցերը նույնպես համայնքապետարանն է լուծում, ստեփանակերտցիները վերադարձել են իրենց տները, իսկ մի մասը շարունակում է բնակվել այդ համայնքներում։

Շողակաթ համայնքի աշխատակազմի քարտուղարը մեզ հայտնեց, որ, ընդհանուր առմամբ, 163 փախստական կա, որից 82-ը՝ երեխա․ «Ընդհանուր առմամբ, մոտավորապես ունեցել ենք 195 հոգի, որոնցից եղել են գնացողներ, նորից ետ են եկել մի քանիսը, օրվա ընթացքում անընդհատ կրկնվում է․ որոշ մասը գնում է, որոշ մասը գալիս է։ Քարվաճառից, Հադրութից ետ են գալիս կամ էլ ոչ մի տեղ չեն գնում»։

- Վարձո՞վ են ապրում։

- Ոչ, մեր գյուղերում այս պահին վարձով բնակվող չկա, ուղղակի նրանց տեղավորել ենք կա՛մ հայկական ճամբարներում, մոտ 60 հոգի ընդունել-ճանապարհել ենք, կա՛մ՝ գյուղացիների տներում։

- Սննդի հարցերն ինչպե՞ս են լուծվում։

- Սննդի հարցը մենք ենք լուծում․ հայկական ճամբարում երբ բնակեցվել են, նրանք իրենց միջոցներով են պահել այդ մարդկանց, այսօր ունենք «Փարոս» հանգստյան տուն, որն իր միջոցներով է պահում այդ մարդկանց, իսկ գյուղերում բնակեցված արցախցիներին, ժամանակ առ ժամանակ համայնքապետարանի ուժերով աղբյուրներ գտնելով, մենք ենք տրամադրում սնունդը։

- Իսկ ի՞նչ են ասում՝ մշտական բնակությո՞ւն են հաստատելու այդ գյուղերում։

- Ես ի՞նչ կարող եմ ասել, իրենք անձամբ չեն կարող ասել։ Օրինակ, Քարվաճառից եկած բնակիչն ի՞նչ կարող է ասել՝ ուր է գնալու, իրենք էլ չգիտեն, թե ինչ ճակատագիր ունեն։ Հադրութից բնակիչներ ունեմ, որոնք չգիտեն՝ ինչ անեն, ուր գնան։ Դեռեւս ոչ մի զբաղվածություն էլ չունեն։ Այսօրվա դրությամբ չեն կարողանում իրենց կենցաղային հարցերը լուծել։ Այն տները, որտեղ մնում են, որ բնակեցված տներ չեն եղել, բնական է՝ այդտեղ մի քիչ լավ վիճակ չէ, իրենք վառելիքի, հոսանքի, գազի խնդիր ունեն։ Անորոշ վիճակ է, գնացողները, որոնք գնացել են՝ գնացել են, հիմնականում Ստեփանակերտի, Մարտակերտի բնակիչներն են, իսկ մնացածներն այստեղ են։ Այսօրվա դրությամբ էլի են ավելացել, այդ թվերը ճշտում եմ։