Անղեկ ու ցաքուցրիվ

Անղեկ ու ցաքուցրիվ

Հանրային խոր հիասթափությունն ինչպես իշխանությունից, այնպես էլ ընդդիմությունից, միանգամայն հասկանալի պատճառներ ունի։ Իշխանությունից հիասթափությանը չենք անդրադառնա՝ դրա պատճառներն ավելի քան ակնհայտ են։ Իսկ ինչո՞ւ են մարդիկ հիասթափվում ընդդիմությունից, որը, թվում է՝ ոչ մի լծակ չունի դեպքերի ընթացքի վրա ազդելու, ըստ այդմ էլ՝ պատասխանատվություն չի կրում երկրում կատարվող ոչ մի բանի համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ լուրջ ակնկալիքներ ունեին ընդդիմությունից, որ նա, ստանալով քվեներ եւ մտնելով խորհրդարան, օրեցօր պետք է հզորացներ իր շարքերը, ամրացներ դիրքերը եւ հասունացներ իշխանափոխություն։ Իհարկե, դրան հասնելու միջոցները կարող էին տարբեր լինել, բայց մարդիկ ասում էին՝ մենք ձեզ ձայն ենք տվել, դուք մտածեք դրա մասին եւ գտեք պայքարի ամենաօպտիմալ ուղիները։

Խորհրդարանի ամբիոնը ճիշտ օգտագործեք, իշխանությունների նկատմամբ ճնշումը մեծացրեք, նաեւ՝ դրսի ուժերի եւ կառույցների հետ ամենօրյա աշխատանք տարեք, հասարակության հետ ավելի ակտիվ շփվեք եւ այլն։ Իսկ եթե գերնպատակին հասնելու ճանապարհները փակ են, ապա անիմաստ է ձեր մնալը խորհրդարանում՝ դրեք մանդատները եւ դուրս եկեք փողոց, ասում էին մարդիկ։

Ի՞նչ արեցին մեր ընդդիմադիրները՝ ո՛չ ճշգրիտ եւ հետեւողական պայքար տարան, որպեսզի քայլ-քայլ մոտենան հռչակված նպատակին, ո՛չ պայքարի մարտավարություն մշակեցին, ո՛չ եվրոպական ու ռուսական շրջանակների հետ աշխատեցին, ո՛չ մանդատները վայր դրեցին, ո՛չ փողոց դուրս եկան, ո՛չ կարողացան կոնսոլիդացնել իշխանությունից դժգոհ զանգվածին։ Պարզվեց՝ նրանք պայքարը պատկերացնում են սուր ելույթների տեսքով եւ անգամ ՀՀ նախագահի աթոռի համար պատրաստ չեն կռիվ տալու։ Այս պարագայում ի՞նչ իմաստ ունի մանդատները պահելը՝ պարզ չէ։