Երեք քայլ, որ պետք է անի ընդդիմությունը

Երեք քայլ, որ պետք է անի ընդդիմությունը

Այս հարցը 19-րդ դարակեսի Ռուսական կայսրությունից տեղափոխվել է 21-րդ դարասկզբի Հայաստանի Հանրապետություն: Գժվել կարելի է՝ գիտակցելով, որ քո ժողովուրդը կրկնում է այլոց անցած ճանապարհը՝ կրկնելով նաև նրանց սխալները: Իսկ հարցը բարձրաձայնվել է ռուս փիլիսոփա, լրագրող և գրաքննադատ Նիկոլայ Չեռնիշևսկու (1828-1889) համանուն վեպով՝ հրատարակված 1863 թվականին: Սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, մենք ունենք ոչ միայն ներքին, այլև արտաքին մարտահրավերներ՝ ածանցված ներքինից: Այն, ինչից անդարդ էր 19-րդ դարակեսի Ռուսական կայսրությունը: Մենք, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի թամադությամբ, բազմահազար երիտասարդների կյանքերի գնով թշնամուն նվիրեցինք Արցախը: Համընթաց կոտրեցինք տարածաշրջանի իրապես ամենամարտունակ բանակի ողնաշարը: Եվ այդ պատճառով էլ այնուհետև կանգնեցինք Հայաստանի Հանրապետությունը պատառ առ պատառ նույն թշնամուն հանձնելու խնդրի առջև: 

Ու հիմա մեր առջև հառնել է «ի՞նչ անել» հարցը: Պատասխանը միանշանակ է՝ անհրաժեշտ է իշխանությունից հեռացնել այդ ամենի պատճառ հանդիսացած անձին: Բայց ինչպե՞ս: Ի՞նչ անել, որպեսզի նա ստիպված լինի հեռանալ: Որովհետև դա միակ տարբերակն է՝ եթե ցանկանում ենք պահպանել մեր անկախությունն ու պետականությունը: Որովհետև հնարավոր չէ թշնամուց խաղաղություն մուրալ՝ հատկապես եթե այդ թշնամին թուրք է և դու պարտվել ես նրան: Եվ նշանակություն չունի, թե ինչ անունով ես փաթեթավորում մուրալու գործընթացը և որքան ամուր նյարդեր ունես թուրքի սադրանքներին ու ստորացումներին դիմանալու համար:  

«Ի՞նչ անել»-ն այսօր տանջում է բոլոր գրագետ ու նորմալ անձանց: Լրագրողների և հրապարակախոսների առումով հարցը հեշտ լուծելի է: Մեզ տրվել է գրիչ (այսօր՝ համակարգիչ)  մերօրյա «փրկիչ» Փաշինյան Նիկոլի սխալներն ու բացթողումները վեր հանելու և քննադատելու համար: Դրանով կարող են զբաղվել նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները: Կարող են նաև վերջինիս կատարած հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնել դատախազություն: Բայց այդ ամենը բավարար չէ: Հայաստանի նման երկրներում դատախազությունը և ուժային մյուս կառույցները եղել և մնում են ոչ թե օրենքի և արդարադատության, այլ իշխանության պահապան շունը: Փառք Աստծո, առկա է նաև բացառություն. դեռևս կան դատավորներ որոնք պահպանել են օրենքով առաջնորդվելու և արժանապատվության զգացումը: Մնում է անընդհատ աջակցել նրանց՝ թե՛ հայտարարությամբ և թե՛ դատերին ներկայությամբ (երբ թույլատրվում է): Սա առավելապես վերաբերում է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին:

Այնուամենայնիվ, հասարակության գրագետ ու մտածող հատվածին ուղղորդելու խնդիրը դրված է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների վրա: Բայց վերջիններս դեռևս չեն կոմնորոշվում, թե ինչն է իրենց կոչումը և ինչպես պետք է վարվել այս կամ այն դեպքում: Բնականաբար, նման վարքագիծ դրսևորող քաղաքական ուժերն ի վիճակի չեն ուղղորդելու մարդկանց: Հերթական անգամ այս խնդիրը ի հայտ եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի հետևանքով: Իշխանության կողմից առաջադրվեց Վահագն Խաչատրյանը (արդեն նախկին ՀԱԿ-ական): Ընդդիմությունը սկզբում որոշեց ի հակակշիռ Խաչատրյանի առաջադրել սեփական թեկնածուին, հետո փոշմանեց: Փոշմանելը հիմնավորվեց որպես ԱԺ-ն չլեգիտիմացնելու մտադրություն:
Ուզում եմ այս հարցում մտցնել վերջնական հստակություն: ԱԺ-ն վաղուց է լեգիտիմացվել: Այն օրից, երբ ընդդիմադիր պատգամավորները ստացան իրենց մանդատները: Մինչ այդ ունեին չլեգիտիմացնելու երկու հնարավորություն: Եվ երկուսն էլ բաց թողեցին: Մեկը արտահերթ խորհրդարանական ընտրության նախնական արդյունքների հրատարակումից հետո էր, մյուսը՝ սահմանադրական դատարանում բողոքները քննարկելուց հետո: Վերջ: Ինչ էլ անեն կամ չանեն խորհրդարանում՝ այն լեգիտիմացված է: Լեգիտիմացված է իրենց ներկայությամբ, պատգամավորի աշխատավարձ ստանալով: Չմոռանանք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները ևս համարվում են իշխանության մաս՝ ուզեն թե չուզեն դա:

Անցնենք առաջ: Որպես ընդդիմադիր խմբակցությունների գործունեության վերամեկնարկի (ռեստարտի) առաջին քայլ առաջարկում եմ իրականացնել կիսամյա գործունեության միասնական գնահատում: Հիշենք ՀՀ երրորդ նախագահի խոսքը՝ պետք է դնել  ոչ թե իշխանության գալու, այլ Նիկոլին իշխանությունից զրկելու խնդիրը: Ինչը նշանակում է բոլոր հարցերում միասնական դիրքորոշում: Բոլոր տեսակի տարընթերցումները հեռացնում են հիմնական խնդրի իրագործումից:  Այսպիսով, կիսամյա գործունեության գնահատման համար անհրաժեշտ է առաջին հերթին միասնաբար մշակել չափանիշներ, իսկ այնուհետև անցնել գնահատմանը: Օրինակ՝ ինչ արդյունավետություն է ունեցել շարքային ընտրողի աչքում Փաշինյանին հարց տալով «խեղճացնելու» պրակտիկան: Եվ որքանով է այն ծառայել իր անմիջական և դրանով Նիկոլին պաշտոնից հեռացնելու հիմնական նպատակին: Շարքային ընտրող ասելով նկատի ունեմ թե՛ ընդդիմությանը ձայն տվածներին, թե՛ անտարբերներին և թե՛ նույնիսկ նիկոլապաշտ անձանց: Ըստ այդ գնահատման՝ ուղղումներ մտցնել Նիկոլին «հարցախեղդ» անելու պրակտիկայում և կամ ընդհանրապես հրաժարվել դրանից:

Երկրորդ քայլն առաջին հայացքից կարող է թվալ կոլաբորացիոնիստական, սակայն այն 2018-ի ապրիլին կիրառվող «Ոստիկանը մերն է» ծրագրի բաղկացուցիչ մասն էր: Անհրաժեշտ է դադարեցնել իրավապահ համակարգի նկատմամբ կոշտ ընդդիմադիր վարքագիծը: Դրանից մենք ոչինչ չենք շահում: Այն պետք է փոխարինվի այնպիսի մոտեցմամբ, ինչը տեսանելի ապագայում իրավապահ մարմիններին կդարձնի եթե ոչ համագործակից, ապա գոնե չեզոք: Հասկանալի է, որ բարդ խնդիր է, բայց այլ տարբերակ այսօր չի նախանշվում Փաշինյանին պաշտոնից հեռացնելու հարցում: Կասկածում եմ, որ վաղն այլ բան կլինի: Իհարկե, կա այլընտրանք. այն բախումն է որի դեպքում հաղթում է զինական ուժ ունեցողը: Կամ էլ քաղաքացիական պատերազմը, ինչը մեզ այսօր հաստատ պետք չէ:

Երրորդ քայլն ավելի բարդ է և ծավալուն՝ դադարեցնել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի խոսքերին կամ գործողություններին հետևելն, այնուհետև դրանց պատասխանելը: Եվ մշակել սեփական օրակարգ ու այն պարտադրել գործող իշխանությանը: Ճիշտ այնպես, ինչպես դա անում էր ՀՀ առաջին նախագահը 2008-2012 թվականներին: Ինչը շատ ավելի բարդ է, սակայն շատ ավելի արդյունավետ քայլ: Ինչ մնում է Փաշինյանին խոսքին ու գործին հետևելուն, ապա դա պետք է թողնել լրագրողներին և ինձ նման հրապարակախոսներին: Իսկ երրորդ քայլը, վստահ եմ, տրամաբանորեն կբերի հաջորդ գործողությունների ծրագրմանը և իրականացմանը: