Ճապոնիան ՌԴ-ին մեղադրել է Կուրիլյան կղզիները զավթելու մեջ

Ճապոնիան ՌԴ-ին մեղադրել է Կուրիլյան կղզիները զավթելու մեջ

Ճապոնիան կրկին մեղադրել է Ռուսաստանին Կուրիլյան կղզիների մի մասի անօրինական օկուպացման մեջ։ Համապատասխան տեղեկությունը նշված է Ճապոնիայի ԱԳՆ-ի՝ դիվանագիտության մասին ամենամյա զեկույցում, որը կոչվում է «Կապույտ գիրք»:

«Հյուսիսային տարածքները կղզիներ են, որոնց նկատմամբ Ճապոնիան ունի ինքնիշխանություն, և դրանք հանդիսանում են Ճապոնիայի նախնիների տարածքը, սակայն ներկայումս դրանք ապօրինի օկուպացված են Ռուսաստանի կողմից», - ասվում է փաստաթղթում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ Ճապոնիայի ԱԳՆ-ն նշել է, որ Տոկիոն դեռ հակված է Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղության պայմանագիր կնքելուն և հյուսիսային տարածքների հետ կապված խնդիրները լուծելուն։ Փաստաթղթում ընդգծվում է, որ ճապոնական կողմի համար առաջնահերթ խնդիրը Կուրիլյան կղզիների հարավային մասի հետ մարդասիրական փոխանակման վերսկսումն է։ Մասնավորապես, Ճապոնիայի կառավարության համար կարևոր է այս տարածքում գտնվող նախնիների գերեզմաններին այցելելը։ Նույն զեկույցում ճապոնական կողմը ցանկություն է հայտնել պահպանել իր մասնաբաժինը Ռուսաստանի Դաշնությունում նավթի և գազի արդյունահանման նախագծերում։ Տոկիոն դա կարևոր է համարում իր էներգետիկ անվտանգության համար։ Այնուամենայնիվ, փաստաթղթում նշվում է նաև, որ երկիրը կշարունակի իր ուղին դեպի ռուսական էներգետիկ ռեսուրսներից աստիճանական հրաժարում, որոնք ներառում են նավթն ու ածուխը։