Հարսին  թույլ չեն տվել «Արմենիա» ռեստորան մտնել

Հարսին  թույլ չեն տվել «Արմենիա» ռեստորան մտնել

Մենք տեղեկացրել էինք, որ Մոսկվայի սրտում ՝ Տվերսկայա 17 հասցեում գործող հայկական «Արմենիա» ռեստորանի հայազգի սեփականատերերը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ քարոզարշավի ժամանակ բողոքի ակցիաներ անող ընդդիմությանը դատի էին տվել ռեստորանին պատճառված վնասի հայցով։

Սրանից հետո Tripadvisor կայքում հայկական ռեստորանի մասին բազմաթիվ բացասական կարծիքներ էին հրապարակվում։ Մասնավորապես, որ անիմաստ թանկ է, և սնունդը՝ անորակ, կերակուրներում հայտնաբերվում են սև երկար մազեր։ Հայ համայնքը ևս քննադատում էր «Արմենիային», իսկ մի ռուսական   պատվիրակություն էլ  գնացել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն՝ պահանջով, որ Նիկոլ Փաշինյանը ևս միջամտի ներռուսաստանյան այս «բոլոլային»։ Այսինքն՝ պահանջի, որ ռեստորանը հետ վերցնի իր հայցը։

«Հրապարակը» հարցազրույց է արել ռուսաստանաբնակ հայազգի քաղաքագետ Մարիամ Հովսեփյանի հետ, ով տրամագծորեն այլ կարծիք ունի։ Եվ ոչ միայն որպես ռեստորանի բարեկամ։
Նա նշեց, որ այդ ցույցերի պատճառով ոչ միայն տապալվել է հարսանիքի բանկետը, այլև տուժել է ռեստորանի վերանդան, որը դրանից հետո վերանորոգվել է։ «Դատական հայցում դա անգամ չի էլ ներառվել, միայն ներառված է բանկետի պատվերը, որը տեղի չունեցավ, և օրվա ընթացքում իրենց սպասվող մինիմալ հասույթը»,-ասում է Մարիամը։

Նա նշեց, որ այդ օրը սովորական բանկետ չէր, այլ՝ հարսանիքի, և որ ցուցարարները հարսին ուղղակի չեն թողել ռեստորան մտնել՝ իր սեփական հարսանիքին։ «Դա նորմա՞լ է, պլանավորված հարսանիք է։ Ես չեմ ուզում, որպես աղջիկ և ապագա հարս, էդ հարցին մոտենալ, բայց նորմալ չէ, որ հարսանիք պլանավորես, ու այն խափանվի, քանի որ հարս ու փեսային եւ հյուրերին ցուցարարները ներս չեն թողնում։ Եթե այս դեպքը լիներ Երևանում, ես համոզված եմ, որ նրանց համար ճանապարհ կբացեին, և բոլորը նրանց ծափերով կուղեկցեին ռեստորան։ Ես անգամ հիշում եմ՝ 2018-ին ստեղ էի, «Մարիոթի» մոտ նման իրավիճակ էր, և անգամ հարսն ու փեսան հեղափոխության հետ ֆոտոսեսիաներ էին անում։ Իսկ Մոսկվայում ուղղակի լկտիաբար ներս չեն թողել։ Ավելին՝ եթե այդ պահին ներս չմտնեին, այլ ավելի ուշ, հարց է՝ ինչ տեղի կունենար հետո, կարող էր վտանգավոր լինել։ Եվ, բոլոր այդ վտանգներից խուսափելու համար, հարսանիքը չեղարկվեց։ Կոպիտ ասած՝ ինչ-որ մեկի անձնական երջանկության վրա քար գցվեց»։

Մոսկովյան բողոքի ակցիաներից տուժած հարսն ու փեսան էլ, բնականաբար, հայեր են։ Թեև Մարիամ Հովսեփյանն ասում է, որ սա կարևոր էլ չէ։

Մարիամի ամփոփմամբ՝ այս ամենից տուժած ռեստորանը պետք է որ դժգոհելու տեղ ունենար։ Եվ, ինչպես փոխանցեց, ռեստորանի դիրքորոշումը հիմնականում այն էր, որ «ցույց եք անում, լավ եք անում, բայց հասկացեք, որ սա բիզնես է»։

Քաղաքագետը նաև նշեց․ «Սա ռեստորան է, որի անունը «Արմենիա» է, բայց ամեն ինչ կարող էր լինել, և պետք է հասկանալ, որ սա բիզնես է։ Նախկինում շատ են եղել մարդիկ, որոնք մշտապես դիմել են ռեստորանին հայկական հարցերով, օրինակ, ինչ-որ մի հայ կարող է մտնել՝ Տվերսկոյով անցնելիս, և ասել՝  ես հայ եմ, փող չունեմ, ջուր եմ ուզում, ջուր կտա՞ք ինձ, կամ՝ շատերին աշխատանքով են օժանդակել»։ Ինչպես տեղեկացանք՝ ռեստորանի սեփականատերը  շատ ակտիվ է։ Օրինակ՝ իրականացնում է «Ոսկե նուռ» ամենամյա աճուրդ-տոնավաճառը՝ Կարմիր հրապարակում։

Մարիամը հավելեց․ «Այսօր ցանկացած տուրիստ, որ գալիս-անցնում է, անպայման նկարում է «Արմենիան» կամ նույն Տվերսկոյի վրա այդ անունով ռեստորանը՝ անմոռուկը վրան փակցված․․․ ամեն մեկը չէ, որ կարող էր անել՝ ոչ թե հնարավորության, այլ ցանկության առումով»։

Քաղաքագետը հավելում է, որ ՌԴ-ում շատ խիստ են վերաբերվում չիրազեկված բողոքի ակցիաներին, ու հարցնում՝ եթե 15 օր հետո նույն տեղում պետք է արդեն իշխանությունների հետ համաձայնեցված ակցիա անեին, ինչը չարեցին նույն բանը այդ օրը, որպեսզի և՛ հարսանքավորները, և՛ ռեստորանատերերը տեղյակ լինեին։