Անավարտ զրույցներ-2

Անավարտ զրույցներ-2

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի մահվան 20-րդ տարելիցին

Քեզ հետ զրուցելիս ես բարձրաձայն մտածում եմ: Նպատակս տարբեր իրավիճակներում քո տեսակի դրսեւորումները նկատելն ու նկարագրելը չէ միայն: Փառք Աստծո, քեզ շատերը հասցրին ճանաչել ու գնահատել: Եթե որեւէ մեկն էլ դեռեւս ունի տարակուսանք, դա, հաստատ, հայրենասիրությանդ չի վերաբերում: Զրույցներիս նպատակը տարիների հեռվից գլխավորն ու երկրորդականը զատելու, առաջին հայացքից աննշմար թվացող երեւույթները միմյանց կապելու միջոցով գլխավոր հարցի պատասխանի փնտրտուքն է՝ ո՞վ եւ ինչո՞ւ:

Կրկնվում եմ, սակայն ասեմ, որ մի տեւական ժամանակ մարդիկ իրենց ուրախությունների ու դժբախտությունների պատճառները փորձում էին փնտրել քո գործողություններում: Կամա-ակամա՝ քո անձը դառնում էր շատերի ասուխոսի առարկան: Ավելի հաճախ նման տրամադրությունների տեղիք էին տալիս քեզ անմիջականորեն շրջապատող մարդիկ: Նրանցից յուրաքանչյուրի անհաջող վարքագիծը ստվերի նոր շերտ է ավելացրել քո անվանը: Նրանցից ամեն մեկն իր բաժին մեղքն ունի քո հանդեպ մխացող վրդովմունք ձեւավորելու գործում: Ինչ-որ մի պահի օդի մեջ կուտակվող լիցքերը պայթելու էին: Ու անպայման կգտնվեր մեկը, ում կթվար, որ քեզ թիկունքից խփելը հերոսություն է: Իսկ այդպիսի մարդկանց տեղը, սովորաբար, իմանում են շահագրգիռ ուժերը: Այդպիսիներին օգտագործելը շատ հեշտ է: Նրանք, սովորաբար, լինում են թերարժեքության բարդույթով տառապող, մտասեւեռված: Այդպիսի «հերոսը» գլխի էլ չի ընկնում, թե ինչպես են այլոք փքում իր հիվանդ երեւակայությունը, գավառական չկայացած միջակությանը ներկայացնում իբրեւ չգնահատված անհատականություն՝ աստիճանաբար մղելով նրան հերոստրատյան քստմնելի «սխրանքի»: 

Գիտեմ․ 20 տարի շարունակ քո հոգին էլ եղել է անհանգիստ ու տենդագին փնտրտուքի մեջ: Որովհետեւ հարվածն անսպասելի էր: Որովհետեւ դու վստահ էիր, որ անգամ քեզ ատողներն են գիտակցում, որ դու նեղ, անձնական շրջանակներից դուրս էիր եկել ու ոտք դրել մի մայրուղի, որը տանում էր համազգային իղձերի իրականացում: Եկել էր հայ ժողովրդի աստեղային ժամը, երբ քեզնով, Կարեն Դեմիրճյանով ու մյուսներով բաղձալի լրումին էր հասցնելու իր դարավոր երազանքների մի մասը: Ահա ինչու անհավատալի է թվում, որ նրանցից որեւէ մեկը կարող էր նենգություն դրսեւորել ոչ թե քո, այլ հենց այդ նպատակների հանդեպ: Այլոց մասին ես դատում եմ մի միջադեպով. ՀԱԲ-ի հետ բանակցելու շրջանում զրուցել էիր մեր գյուղի տղաներից մեկի՝ Նորիկի հետ, ով հրաժարվել էր «միավորվել»: Զրույցը չավարտած՝ կողքիդ կանգնածը հանկարծակի հարվածել էր նրան: Վայր ընկնելիս գլուխը դիպել էր քարին: Ստացած հարվածից հետո նա մի քանի տարի կորցրեց սահուն խոսելու ունակությունը: Ոմանք նրան դրդում էին աղաղակել այդ փաստի մասին: Բայց նա հրաժարվեց: Չէ՛, ո՛չ վախից: Նա պատճառաբանում էր, որ դրանով վնաս կհասցնի ազատամարտի գործին: Նորիկը մարդու այն տեսակն է, որի կյանքը նախ հայրենիքինն է, հետո՝ նոր իրենը: Քո հանդեպ, այդքանից հետո, էլի մեծ ակնածանք էր տածում: Գիտեր, որ պատժել ես կողքիդ կանգնածին: Հպարտանում էր, որ պատասխանել ես հեռախոսազանգերին կամ ժամանակ գտել ընդունելու իրեն: Փառք Աստծո, քո օգնությամբ էլ հետագայում բուժվեց ու վերագտավ իր առողջությունը: Տարիներ են անցել, մեկ անգամ չէ, որ Նորիկի հետ վերհիշել ենք այս պատմությունը:

Նա ոչ մեկի հետ այդ մասին չի խոսում: Տարիների հեռվից ոչ թե նեղացած դիրք է ընդունում, ընդհակառակը՝ ասում է, որ ճիշտը համախմբվելն էր: Նորիկի հետ զրուցելուց հետո ակամա ազատվում ես ծանր մտքերից: Մի տեսակ բարիանում ես: Կարողանում ես ձերբազատվել հոգետանջ կասկածներից: Նրա աչքերով աշխարհին նայելիս ուրիշներին փորձում ես ոչ թե մեղադրել, այլ՝ հասկանալ: Ու այսպիսի պահերին գերիշխող է դառնում այն մտայնությունը, որ ինչքան էլ հիմնավոր են թվում կասկածները, միեւնույն է՝ ո՛չ քո նախկին, ո՛չ էլ նոր գործընկերները որքան էլ տոգորված լինեին նախանձով, ատելությամբ, անգամ՝ վրեժով, բանը չէին հասցնի դրան: Բայց դե՝ ամեն օր չէ, որ Նորիկի հետ զրուցելու առիթ ու ժամանակ է լինում:

Իսկ կասկածը զզվելի բան է: Թեեւ ես նշում եմ հավանական հասցեներ, բայց ամեն ինչ այնպես պարզ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Կասկածի մասին խոսելիս միշտ հիշում եմ մի հին պատմություն: 1994 թվի շոգ ամռանը Լուսառատ գյուղի մերձակա բլուրի լանջին, Խոր Վիրապի դիմաց, բացվում էր Գեւորգ Չաուշի արձանը: Կազմակերպիչը մոտեցավ խոսափողին եւ այն է՝ ուզում էր ազդարարել միջոցառման բացումը, հոսանքն անջատվեց: Սկսվեց իրարանցում: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կային, ու բոլորի մոտ էլ բնական հարց էր ծագում՝ արդյոք միտումնավոր չե՞ն արել: Հարցախույզ հայացքով նրանք միմյանց էին նայում:

Օրվա ՀՀՇ-ական իշխանավորները կասկածում էին դաշնակներին, վերջիններս՝ ընդհակառակը, կասկածում էին նրանց, գյուղխորհրդի նախագահը՝ ընդդիմադիրներին, իսկ հին կոմունիստները՝ բոլորին: Այն ժամանակ ես անկուսակցական էի ու որպես շրջգործկոմի նախագահ՝ չեմ թաքցնում․ մտածեցի՝ գուցե իմ դեմ է ուղղված: Մի խոսքով, մի իրավիճակ էր, երբ բոլորը բոլորին կասկածում էին: Էլեկտրացանցի տնօրենն ասաց, որ գյուղն էլեկտրասնուցման երկու աղբյուր ունի: Ընդհատվածը Խոր Վիրապի ենթակայանից եկող գիծն է: Շուտով մյուս գծից հոսանքը միացրին, ու ամեն ինչ ընկավ տեղը: Ոգեւորված խոսք ու ծափեր, երգ ու պար, հացկերույթ, ինչպես ընդունված է նման դեպքերում: Տուն գնացինք բավարարված, բայց տրամադրություններս՝ մի փոքր ստվերված: Երկու օր անց Խոր Վիրապի վանահայրն այցելեց շրջկենտրոն. ի՞նչ պարզվի: Հենց այն պահին, երբ Լուսառատում պիտի միջոցառումը սկսվեր, վանահորը զեկուցում են, որ ենթակայանը տարօրինակ դզզոց է հանում: Այն օրերին ենթակայանը թանկ հաճույք էր, ու, որպեսզի այն չփչանա, վանահայրն անձամբ եղանը շպրտում ու կտրում է «վթարածին» լարը: Ո՞ւմ մտքով կանցներ…

 Շարունակելի

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ