Կրթական քմայքներ՝ թավշյա նախարարից

Կրթական քմայքներ՝ թավշյա նախարարից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պարն էլ խախուտ կամրջին է բռնել: Մի հարցնող լինի՝ բա այս խաղաղ պայմաններում պարտիզան-պարտիզան կխաղա՞ն, որ դուք եք խաղում: Հայոց լեզուն, Հայ գրականությունն ու Հայոց պատմությո՞ւնն են ձեզ խանգարում կրթությամբ, գիտությամբ, մշակույթով ու սպորտով զբաղվել: Պարոն Արայիկ Հարությունյան, իսկ պատկերացնո՞ւմ եք, թե Ձեր գլխավորած երկարահունչ անվամբ նախարարության աշխատակիցներն ինչպես էին զբաղվելու կրթության, գիտության, մշակույթի եւ մանավանդ սպորտի հարցերով, եթե տարրական գիտելիքներ չունենային մայրենի լեզվից կամ Հայոց պատմությունից: Խոսքը նաեւ Ձեզ է վերաբերում, պարոն Հարությունյան, որ մի կերպ էշը ցեխից հանեցիք Թումանյանի քառյակը կարդալիս: Հուսամ՝ լատինատառ տեքստից չէիք կարդում… Սա ի՞նչ պատճառաբանություն է, թե, իբր, հայ մաթեմատիկոսին ու քիմիկոսին հայերեն իմանալը պարտադիր չէ:

Ուզում եք ասել՝ ձեզնից առաջ մարդիկ այդքանը չե՞ն հասկացել, որ հայաստանյան բուհերում նշված առարկաների դասավանդումը երկու կիսամյակ պարտադիր են դարձրել ու պահանջել, որ ուսանողները մի հատ էլ ստուգարք հանձնեն: Մեկ էլ բլթացնում եք, թե Հայոց լեզվի, Հայ գրականության եւ Հայոց պատմության դասաժամերը խանգարում են ժամանակակից կրթական ծրագրեր կազմելուն: Վայ, սուտասաններ… Բա որ խանգարում են, ինչո՞ւ եք կաշիներդ փրկելու համար արդարանում, թե ամեն ինչ մնալու է բուհի հայեցողությանը՝ կուզեն կդասավանդեն, կուզեն՝ չեն դասավանդի: Ու եթե ուզենան դասավանդել, ձեր ժամանակակից կրթական ծրագրերը չե՞ն տուժի:

Ինչեւէ, արդեն հայտնի է, որ «Կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում հայերենագիտական եւ Հայոց պատմություն առարկաների պարտադիր դասավանդման դրույթը հանված է, ինչը ենթադրում է, որ պետական եւ ոչ պետական բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում այդ առարկաների դասաժամերը հանվելու են դասացուցակներից: Իսկ ինչ մնում է բուհերի ցանկությանը՝ դասավանդել, թե ոչ, տեխնիկապես հեշտ լուծելի հարց է: Մնում է, որ ՀՀ մնացած բուհերում, որոնցում տակավին ռեկտորափոխություն չի իրականացվել, այդ պաշտոնում նշանակվեն Արայիկ Հարությունյանի մարդիկ եւ հայոց լեզվի հարցը լուծեն «գեղական կարգով»:

Ահա եւ հասկացանք, թե ինչ է ուզում անել ՀՀ կառավարությունում Սորոսի քվոտայով պորտֆել ստացած Արայիկ Հարությունյանը: Կա՞, արդյոք, հայ մարդուն իր ազգային արմատներից կտրելու ավելի հեշտ եղանակ, քան նրա լեզուն, մշակույթը եւ պատմությունն անկարեւոր համարելն ու մոռացության տալը: Եվ այս կառավարության ղեկավարն ամերիկաներում մեծ-մեծ խոսում է հայապահպանության, հայի տեսակի, հայ մարդու ինքնության մասին: Պարոն վարչապետ, էս ի՞նչ կոռուպցիոն գործարքների մեջ է նախարարդ, ո՞վ է նրան պատգամել՝ այդ գործով զբաղվել, եթե հայտնի է, որ ՀՀ քաղաքացին նման պատվեր չի իջեցրել:

Ի՞նչ խորհուրդ տալ հստակ ուղղորդված Արայիկ Հարությունյանին եւ նրա նախարարությանը: Եթե շատ մեղմ, ապա պետք է ասեմ՝ տղաներ, էդ նախագիծը ոլորեք ու մտցրեք… Ուշաթափություններ պետք չեն, տեսարաններից էլ հոգնել ենք արդեն: Կարող էի նաեւ այլ կերպ ասել: Օրինակ՝ բացատրել ձեզ, որ ձեր կառավարության շենշող քաղաքականության շնորհիվ ՀՀ բուհերում կտրուկ ավելացել է սփյուռքահայ ուսանողների թիվը, որոնց համար բուհական տարիները հրաշալի հնարավորություն են առավել խորությամբ ուսումնասիրելու մայրենին եւ հայոց պատմությունը: Նաեւ մի տեսակ ավանդույթ է դարձել, որ ՀՀ-ում ներդրվող յուրաքանչյուր ծրագիր՝ լինի կրթական, մշակութային թե այլ ոլորտի առնչվող, ինքնաբերաբար անցնում է Արցախի Հանրապետություն ու ներդրվում հայկական երկրորդ հանրապետության համապատասխան ոլորտներում եւ ուսումնական հաստատություններում:

Հուսամ՝ հասկանում եք, որ հայերենի եւ հայոց պատմության ուսուցումը մայր հայրենիքից 70 տարի անջրպետված Արցախի բուհերում նույնպես պակաս կարեւոր չէ: Ի վերջո, Դուք պարտավոր եք իմանալ, որ համատարած հայերեն ուսուցմամբ մեր դպրոցներում բոլոր առարկաները դասավանդվում են հայերենով, եւ դպրոց մտնող երիտասարդ ուսուցիչը, լինի մաթեմատիկայի, քիմիայի, թե ֆիզիկայի, առնվազն պետք է կարողանա հայերեն խոսել: Իսկ եթե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան եւ իր ղեկավարած կառույցը չեն ուզում այս հասարակ բաները հասկանալ, փորձում են օրենքը համապատասխանեցնել իրենց մակարդակին ու էությանը, դա արդեն ծանոթ պաթոլոգիա է, որի բուժման երկու ճանապարհ կա՝ կա՛մ նրանց դուրս ես գրում որպես անհույս եւ ռիսկային խմբի պացիենտների, կա՛մ էլ, փրկության շանսերի առկայության դեպքում, տվյալ բարձրաստիճանին եւ նրա աշխատակիցներին առաջարկում ես փոխել մասնագիտությունը եւ զբաղվել, օրինակ, անասնապահությամբ:

ՀԳ. Կյանքում կենդանի կոկորդիլոս չտեսած Գարիկ Սարգսյանն արդեն գիտի, որ կոկորդիլոսին պետք է մոտենալ ոչ թե առջեւից, այլ՝ հետեւից: Դրա համար ընդամենը երկու տարի պահանջվեց մարզպետից: Իսկ որքա՞ն ժամանակ կպահանջվի գյուղոլորտ տեղափոխվել պատրաստվող Արայիկ Հարությունյանից՝ ձիուն մոտենալու անվտանգության կանոնները սերտելու համար: Որքան գիտեմ, ձիու ցեղային սովորությունները հարգելով՝ մարդիկ նրան հետեւից չեն մոտենում: