Նիկոլենց դուրս են շպրտելու, ուրիշ մեկին բերեն

Նիկոլենց դուրս են շպրտելու, ուրիշ մեկին բերեն

Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման սկզբում հայտարարել էր, որ Հայաստանն արտաքին քաղաքականության ուղղության փոփոխություն չի ձեռնարկելու, սակայն հատկապես 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը ձեռնամուխ եղավ պրոարեւմտյան քաղաքական կուրս որդեգրելուն, ինչը հայ-ռուսական հարաբերությունները հասցրեց երկու երկրների փոխառնչությունների մեջ պատմական լարվածության մաքսիմումին։ Հայաստանն անդամակցում է ռուսական հարթակ հանդիսացող ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ կառույցներին, այդ անդամակցության համար որոշակի անդամավճար է հատկացնում ամեն տարի։ Հասարակության որոշ շրջանակներ հարց են տալիս` եթե ՀՀ ներկա իշխանություններն ամեն կերպ բոյկոտում են այդ կառույցները, չեն մասնակցում այնտեղ որոշումների կայացմանը, ինչո՞ւ է պետությունը շարունակում անդամակցել դրանց եւ վճարել ոչ փոքր անդամավճարները: Գուցե ճիշտն այդ կառույցներին անդամակցությունը դադարեցնե՞լն է, որպեսզի պետական միջոցներն անիմաստ չվատնվեն, եւ մենք էլ ավելի ազատ լինենք։ Եվ այդ կառույցներից Հայաստանի հեռացումը, որը հատկապես պահանջում են արեւմտամետները, սորոսականները, դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները, ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի անվտանգային, տնտեսական եւ քաղաքական վիճակի վրա։

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀԿ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանն ասում է` որքանով ինքն է տեղյակ, ԱՊՀ տարբեր մարմիններում՝ գործադիր մարմիններում եւ նախարարական խորհուրդներում, Հայաստանի մասնակցության, ինչպես նաեւ ՀԱՊԿ մասնակցության անդամավճարը տարեկան կազմում է մոտ 220 միլիոն ՀՀ դրամ, եւ դա՝ միայն կառավարությունների, գործադիր իշխանությունների միջեւ համագործակցության կառույցների մասով, չհաշված խորհրդարանական վեհաժողովների աշխատանքը։

«Նախ անհասկանալի է, թե այս կապիտուլյանտներն ինչ են անում եւ, ընդհանրապես, ինչ են ուզում ասել սրանով։ Իրենք, լինելով բավականին խոցելի վիճակում, եթե հասարակության 25 տոկոսը մի իշխանությանն ասում է դավաճան, իսկ 56-60 տոկոսն ընդհանրապես անվստահություն է հայտնում, մնացածն էլ անտարբերության խոր դեպրեսիայի մեջ է, այդպիսի իշխանությունները երբեք ու երբեք որեւէ միջազգային ասպարեզում, ինչքան էլ նրանց գրկեն, գրկախառնվեն, տարբեր ծափահարություններ դասավորեն, միեւնույն է, նրանք աշխարհի աչքում մնում են պարտված, ծնկաչոք, ստորացված, նսեմացված, սեփական ժողովրդի համար խաբեբա իշխանություններ։ Հետեւաբար, կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի համար Հայաստանն այլեւս էական կշիռ ունեցող ինչ-որ սուբյեկտ չէ` սրանց իշխանության պարագայում, այն դեպքում, երբ որ ՀԱՊԿ-ում եւ ԱՊՀ-ում, բոլոր կառույցներում Հայաստանը դերակատարում ունեցող եւ որոշումների վրա ազդեցություն ունեցող միավոր էր, պետություն էր։ Այդ դիրքերը պետք է վերականգնել սրանց քշելուց, հեռացնելուց հետո՝ հարցն այստեղ անդամավճարը չէ»,- ասաց Զաքարյանը։

Բնականաբար, եթե այս իշխանությունները չեն մասնակցում վերոնշյալ կառույցների նիստերին, հետեւաբար՝ անդամավճարն էլ փոշիացված գումար է դառնում, այնինչ, եթե ինչ-որ մեկը բյուջեից 500 հազար դրամ ծախսի, որն իրենց սրտով չլինի, իշխանությունները դա մեծ դատական շոուի կվերածեն։ 

«Արդեն երեք տարի է՝ սրանք պատշաճ չեն մասնակցում ոչ մի գործառույթի եւ տարեկան 220 միլիոն դրամ ջուրն են լցնում անօգուտ։ Այդ կառույցներին մասնակցությունից Հայաստանը ոչ մի օգտակարություն չունի, բացի ինչ-որ թշնամական հայտարարություններից, միմյանց նկատմամբ կշտամբանքից, վարչապետ կոչվածին նաեւ ԱՊՀ տարածքի մեր գործընկեր մի շարք պետությունների երկրների լրատվամիջոցներում սարկազմիկ մոտեցումներից, այստեղ հակառուսական հիստերիայի զարգացումից: Այսինքն՝ սրանք հենց Ձեր հարցադրման մեջ առկա վեկտորի փոփոխության փորձերն են, ինչը չի հաջողվելու, որովհետեւ մյուս վեկտորը, որի մոտ սրանք փորձում են գնալ հանուն իրենց իշխանությունը պահելու, արդեն իսկ սրանց օգտագործել եւ դեն շպրտելու վրա է` այն աստիճան, որ պարզ է, իրենք չեն մնալու։ Եթե նույնիսկ վեկտոր էլ փոխեն, Նիկոլենց դուրս են շպրտելու, ուրիշ մեկին փորձեն հարմարեցնեն, ինչպես 2018 թվականին սրանց բերեցին, խցկեցին իշխանության մեջ՝ ժողովրդին խաբելով, այնպես էլ ինչ-որ մեկին Նիկոլի փոխարեն կարող են հարմարեցնել։ Նիկոլը եւ իր խունտան էլ, բոլորը հասկանում են` բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները, որ հայ ժողովուրդն իրենց չի ներելու։ Հետեւաբար, իրենք երկար գործառույթներ ու դերակատարություն չեն ունենալու»,- շեշտեց Զաքարյանը։

Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին անդամակցությանը, ապա Հայաստանը հիմա այնպիսի վիճակում է, որ բոլոր կազմակերպություններում ամենաակտիվ մասնակցություն պիտի ցուցաբերի, ոչ թե այս իշխանությունների նման ստորաքարշ քաղաքականություն վարի՝ եզրափակեց Զաքարյանը։