Ռոմանտիկ հարաբերությունները մոտենում են ավարտին, գալիս է կողքից նոր սիրավեպեր ունենալու փուլը

Ռոմանտիկ հարաբերությունները մոտենում են ավարտին, գալիս է կողքից նոր սիրավեպեր ունենալու փուլը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Կրեմլում արձագանքել են այդ որոշմանը։ Հիշեցնենք․ հոկտեմբերին Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել նաեւ ԱՊՀ-ի բիշքեկյան գագաթնաժողովին։ Ի՞նչ է սա՝ ՀՀ իշխանությունների կողմից հակառուսական  քաղաքականության շարունակությո՞ւն, թե՞ Արեւմուտքին ու միասնական Եվրոպային հավատարմության երդում տալու ջանք։ Զրուցել ենք ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովի հետ։

- Հայ-ռուսական հարաբերություններում, կարծեք, նոր խութեր են ի հայտ գալիս։ ՀՀ վարչապետը հրաժարվել է նոյեմբերին Մինսկում նախանշված ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցել։ Այդ մասին Փաշինյանը տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը, իսկ Կրեմլում ափսոսանք են հայտնել այդ որոշման առթիվ։ Ըստ Ձեզ՝ որքա՞ն կշարունակվի Երեւան-Մոսկվա-ՀԱՊԿ դիվանագիտական ճգնաժամը։ 

- Հայ-ռուսական հարաբերություններում նոր տարաձայնություններ չեմ տեսնում։ Այն ամենը, ինչ մենք այսօր տեսնում ենք, հին տարաձայնությունների վկայությունն է։ Դրանք մոտ ապագայում չեն ավարտվի, նույնիսկ եթե Հայաստանը տեսանելի ապագայում դադարի իրեն համարել ՀԱՊԿ-ի մաս։

- Անցյալ ամիս ՀՀ վարչապետն ու ԱԳ նախարարը չէին մասնակցել նաեւ Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին, իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չմասնակցեց ԱՊՀ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։ Կարելի՞ է սա ՀՀ իշխանությունների կողմից Մոսկվայի դեմ դեմարշ համարել, թե՞ պատահականություններն են չափից շատ։

 - Սա առանձին վերցված Երեւանի դեմարշը չէ Մոսկվայի նկատմամբ։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանն իմաստ չի տեսնում ԱՊՀ-ի հետ՝ իր անվտանգության շուրջ համագործակցության մեջ։

- ՀՀ իշխանական շրջանակները հավաստիացնում են, որ ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն Հայաստանում չկա։ Պնդում են նաեւ, որ այդ կառույցների հետ Երեւանի փոխհարաբերությունների ու Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի միջեւ հակասություն գոյություն չունի։ Որքանո՞վ են արժանահավատ այս պնդումները։

- Եթե Հայաստանը կարծում է, որ ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունները չեն խանգարում իրեն ինտեգրվել եվրաինտեգրման գործընթացին, ուրեմն այդպես է։ Եվ եթե այս գործընթացը խանգարում է վերոնշյալ կառույցներին՝ համագործակցել Հայաստանի հետ, դա իրենց խնդիրն է, թող Երեւանին կոնկրետ բացատրեն, թե ինչ են ուզում նրանից, եւ ինչ պարտավորություններ է խախտում նա։ Իսկ եթե փոխզիջում չգտնվի, ապա կողմերից մեկը պետք է որոշումներ կայացնի։ Սակայն միշտ պետք է նկատի ունենալ, որ Մոսկվայում նման դեպքերում հակված են 2022 թվականի փետրվարի 24-ին կայացված որոշմանը...

- Ի՞նչ ասել է՝ 2022 թ․ փետրվարի 24-ի որոշում, նկատի ունեք ռազմական գործողության սկիզբն Ուկրաինայի դե՞մ։ Մեր երկրի նկատմամբ նման սպառնալի՞ք եք տեսնում։ Եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ 

 -  Ոչ, չեմ տեսնում:

- Ռուսաստանից ու նրա հովանավորությամբ գործող կառույցներից եղած դժգոհության ֆոնին առավել հաճախակի են դարձել արեւմտյան պաշտոնյաների այցերը Հայաստան։ ՀՀ իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչներն են Եվրոպա մեկնում՝ ի նշան եվրոպական ընտանիքին հավատարմության։ Ժամանակին հայ ղեկավարներից մեկը հայտարարեց, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է (մեծ հաշվով՝ Ռուսաստանը) դուրս գալիս Հայաստանից։ Դուք ինչպե՞ս կբնորոշեք այս փուլում հայ-ռուսական հարաբերությունները։

- Եթե կողքից նայենք, ապա Հայաստանը 44-օրյա պատերազմում պարտվելուց եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծումից հետո կձգտի ռազմավարական շահավետ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, որին այլընտրանք դժվար է գտնել՝ տնտեսական առումով, բայց իր անվտանգության երաշխիքները Հայաստանը կփնտրի Արեւմուտքում։ Վստահ չեմ, որ նման խնդիրը լուծելի է, բայց եթե նման բան տեղի ունենա, դա հարաբերությունների բեկումնային փուլ կլինի հետխորհրդային տարածքում։

- Բոլոր դեպքերում, խոսել երկու երկրների միջեւ առկա տարաձայնությունների մասին եւ չմատնանշել դրանից դուրս գալու ուղիները, ողջամիտ չէ։ Ի՞նչ պետք է անեն Երեւանն ու Մոսկվան՝ հարաբերությունների բարելավման համար․ եթե ոչ իշխանական, ապա ո՞ր շրջանակներն են ի զորու բեկել երկու բարեկամ ու դաշնակից ժողովուրդների փոխառնչությունների նման անցանկալի ընթացքը։

 -  Կարծում եմ, որ նախ Երեւանն ու Մոսկվան պետք է ընդունեն, որ ունեն տարբեր հետաքրքրություններ ու շահեր, որոնք իրենց բնույթով օբյեկտիվ են։ Այլեւս չարժե փոխադարձ սեր ակնկալել՝ շարունակ պահանջներ ներկայացնելով եւ ուշադրության պակասից բողոքելով: Ռոմանտիկ հարաբերությունները մոտենում են ավարտին, բայց մենք պետք է մնանք գործընկերներ, որոնց թույլատրվում է նոր սիրավեպ սկսել կողքից: