7 տուժած քաղաքացի ստացիոնար բուժում է ստանում. ով է նրանց ծախսերը հոգում

7 տուժած քաղաքացի ստացիոնար բուժում է ստանում. ով է նրանց ծախսերը հոգում

«Սուրմալու»-ի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների թիվը ժամ առ ժամ ավելանում է։ 

Այս պահի դրությամբ, ըստ պաշտոնական տեղեկատվության, զոհերի թիվը 16֊ն է, որոնցից 14֊ը նույնականացվել է, իսկ անհետ կորածների թիվը 3֊ն է։

Պայթյունի օրը տուժած քաղաքացիների մեծ մասը բուժօգնություն ստացել եւ դուրս է գրվել հիվանդանոցից։

Նրանց մի մասը այդ օրը տեղափոխվել էր «Շենգավիթ» ԲԿ։ Բժշկական կենտրոնից մեզ փոխանցեցին, որ պայթյունից տուժած քաղաքացիներ իրենց մոտ այս պահի դրությամբ քաղաքացիներ չկան, բոլորը դուրս են գրվել։

Առողջապահության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ ԲԿ֊ներում այս պահին բուժում է ստանում 7 քաղաքացի. «7 տուժած դեռ շարունակում է ստացիոնար բուժում ստանալ։ Մասնագետները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում, դուրսգրումներ էլ կլինեն»։

Իսկ թե ով է հոգում նրանց բժշկական ծախսերը, փոխանցեցին. «Բոլոր ծախսերը պետությունն է հոգում»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 60–ից ավելի մարդ տուժել է, 16 մարդ զոհվել, ժամը 17։00-ի դրությամբ 3 հոգի համարվում է անհետ կորած։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը առեւտրի կենտրոնում գործող հրավառության նյութերի պահեստում բռնկված հրդեհն է եղել։

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։