Նավալնու վախի սինդրոմը 

Նավալնու վախի սինդրոմը 

Վախը,  անհանգստությունը, տագնապը չի շրջանցում նաև ամուր թվացող քաղաքական գործիչներին։ ԹԵև նրանք փորձում են իրենց պահել նժարի հավասարակշռության կենտրոնում, բայց միևնույն է, իրենց մի խոսքից, ժեստից, միմիկայից  կարելի է հասկանալ, որ մարդը տագնապած է։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին  Նավալնուն ցավակցելով, մի հետաքրքիր բան է ասում․ «Փորձեք փրկել նաև ինձ։ Ես նաև Վլադիմիր Պուտինի անձնական բանտարկյալն եմ և թունավորվել եմ բանտում ողջ աշխարհի աչքի առաջ. միգուցե ես հաջո՞րդն եմ Պուտինի մահվան ցուցակում»։

Իրեն ու մյուս քաղբանտարկյալներին նույնացնելով Նավալնու հետ, նա անտեսում է ազատության մեջ գտնվող նավալնիներին։ Եթե իր ասածը նավալնիների ընդվզման  հաղթանակին է վերաբերվում,  նա պետք է առաջին հերթին  քաջալերեր այն ղեկավարներին, ովքեր ազատության մեջ գործում են Նավալնու գաղափարներով, օգնություն խնդրեր, որ գործողներին հնարավորություն տալ՝ մինչև վերջ իրագործելու այն ծրագրերը, որոնք Արևմուտքը դրել է նրանց առաջ։  Նման բան չհնչեց։ Նրա կոչն այլ բնույթի է․ 
«Ես հիմա կոչ եմ անում Արևմուտքին և Մյունխենի անվտանգության համաժողովի մասնակիցներին փորձել փրկել գոնե Վլադիմիր Կարա-Մուրզային, Իլյա Յաշինին և ռուսական ռեժիմի մյուս քաղբանտարկյալներին»։

Հենց այստեղ երևում էб որ Նավալնու վախի սինդրոմը պատել է Սաակաշվիլիին։ Իսկ վախը,  գիտեք, գալիս է, երբ հրաժարվում ես պայքարելու, հաղթելու ձգտումից։ Միաժամանակ ի ցույց է դնում, որ նավալնիները գործում են Արևմուտքի ցուցումով՝ Ռուսաստանի դեմ,  և Արևմուտքը  պիտի երաշխավորի նրանց  անվտանգությունը։ 

Ի դեպ հիշեցնեմ Սաակաշվիլու 2023 թվականի հոկտեմբերին հրապարակած  խորհուրդը Նիկոլ Փաշինյանին․ «Որքան էլ դժվար լինի Ձեզ համար, Հայաստանի շուրջ վերջին իրադարձությունները մեր տարածաշրջանին նոր շանս են տալիս: Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել ինչպես երեք Բալթյան երկրները [...]: Բայց դրա համար Դուք պետք է շտապեք և դեն նետեք ցանկացած տատանում, գնաք վա-բանկ: Պետք է պահանջեք ռուսական ռազմակայանի անհապաղ դուրսբերում, դուրս գաք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից և հայտ ներկայացնեք Եվրամիություն ու ՆԱՏՕ»
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին  Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանի թիվ 3 ուղղիչ գաղութում, հայտնել է ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության շրջանային վարչությունը։