Եկավ, որ հայրենի հողում մեռնի

Եկավ, որ հայրենի հողում մեռնի

Հայրենի հողը միշտ կանչել է հայ մարդուն։ Ու եթե նրանք, տարբեր պատճառներով հայրենիքից դուրս են եղել, կանխազգալով իրենց մահը, վերադարձել են հայրենիք՝ այնտեղ հանգելու ու ամփոփվելու։ Նման հազարավոր պատմություններից մեկը կներկայացնեմ։

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը, որ բուժվում էր Վաշինգտոնի կլինիկաներից մեկում, զգալով մոտալուտ մահը, արագ վերադառնում է հայրենիք, որ հայրենիքում մեռնի։ Երևան վերադառնալուց օրեր անց, շտապ օգնության մեքենան, նրան տեղափոխում էր հիվանդանոց։ Նրա մտերիմ ընկեր Հրանտ Խաչատրյանը պատմում էր․ «Շտապօգնության մեքենայում, հիվանդանոցի ճանապարհին մի կերպ ձեռքս բռնեց. - Хотя бы на Родине ... »։

Սա ինչու՞ եմ պատմում։ Նախկինում այդպես է եղել։ Հայը երազել է իր հողում հանգի, որովհետև հողն իրենն է համարել։

Հիմա այդպես չէ։ Մտերիմներիցս մեկը օտար ափերում ծանր հիվանդ է։ Երբ ասացի, որ գա Հայաստան, սրտնեղեց․ «Դու համոզվա՞ծ ես, որ վաղը այդ հողը չի հանձնվելու»։ Կարկամեցի։ Աչքիս առաջ պատկերվեցին այն շիրիմները, որոնք գերեզմաններից հանվեցին։ Հողը սիրող մարդը հողը չի հանձնի։ Հողը սիրող մարդու համար երանելի է, որ իր հողին է փարվում։ Հողը սիրող մարդը չի ասի՝ սա ի՞նչ հող է, չբնակեցված, սառած ճանապարհներով։

Նիկոլ Փաշինյանի համար հողը աթոռը դնելու տեղ է։ Թե այդ հողը ումը կլինի, նրա համար կարևոր չէ, կարևորն իր աթոռին հատկացված տարածքն է, որ աթոռն անվտանգ լինի։ Այսքան ժամանակ լսած կա՞ք, որ նա ցավ հայտնի Արցախի հանձնած տարածքների կամ Հայաստանի սուվերեն պետության տարածքների համար։ Լսած կա՞ք, որ նա Արցախի զարդ Շուշի քաղաքի մասին մի լավ խոսք ասի։ Կամ Հայաստանի մարտավարական դիրքերը թշնամուն հանձնելուց հետո մի դրական բան լսած կա՞ք, որ նա թեկուզ ափսոսանք հայտնի։ Ընդհակառակը, ամեն դիրք հանձնելուց կեռումեռ ճանապարհներով մեզ ասում է, որ դրանք մերը չէին, դրանք պետքական չէին։ Հիմա ումի՞ց եք նեղանում, ռուսի՞ց, արևմուտքի՞ց․․․ Հայաստանի տարածքում զոհված հայի մարմինը թշնամին թույլ չի տալիս ամփոփել սեփական հողում, որովհետև տիրություն չանող հողին ինքն է տիրություն անում։

Էլ ինչ արհավիրք պիտի գա հայի գլխին, որ հասկանա, որ մենք ամենակուլ վիշապի երախում ենք։ Երախն այնքան սարսափելի չէ, ինչ որ տեղ կարելի է խուսանավել, բայց մեր հետևին կանգնած է դեպի երախը հրող ուժը ու թույլ չի տալիս երախից անդին մի քայլ անել․․․