Հրամանատարի վերջին նախադասությունը․․․

Հրամանատարի վերջին նախադասությունը․․․

 

 

Արցախյան պատերազմի հերոսներն իրենց հայրենասիրությամբ  ազգիս հիշողության մեջ սեպված են այնքան ամուր, որ առանց նրանց հիշողություն չկա։ Միաձուլվել են։ Նույն ամրությամբ ու խորությամբ Նրանք կապված են ազգի հուզական աշխարհի հետ։ Մեր ամենանուրբ ու խոցելի սահմանն է դա, որից այն կողմ չմարդն է կամ անգոյությունը։

Այսքանը շատ լավ  պատկերացնում է այն ուժը, ով հող, հայրենիք, երկիր, ծննդավայր, ծնող, ընտանիք հասկացությունների գլոբալացում է ուզում։ Եթե դու մոռանում ես սեփական հողդ, երկիրդ, ընտանիքդ, ուրեմն քեզ կարող են օգտագործել համամարդկային հունցվող ցեխի մեջ ու պատրաստել այն, ինչ ուզում են։

Բայց մենք հիշողություն ունենք, որ ձուլվել է մեր հող հայրենին պաշտպանողների հետ, արյուն, որ կարմրել է մեր երեխեքի կորցրած արյան չափով, սիրտ, որ բաբախում է չբաբախող սրտերի երիտասարդական ռիթմով։ Մենք մեր երեխեքի, մեր զոհերի փակ թանգարանն ենք։ Հայ մարդու ամենավեհ արժեքը դա է, քանի որ այնտեղ է պահվում մեր ազգի անգնահատելի արժեքները։

Ամենաթանկի վրա գնում է դավադիր ուժը կամ ինչ անուն ուզում եք դրեք։ Երեկ այդ ուժը մտավ Եռաբլուր։ Դա կին էր, թե կնոջ տեսքով սատանա, դա մեկն էր, թե մի ամբողջություն, դրանից ոչինչ չի փոխվում։ Երբ գալիս են բանականությանդ, հիշողությանդ, արյանդ, սրտիդ վրա, դու պիտի մտածես քո անվտանգության մասին։ Ընդհանրական իմաստով՝ հայ ազգի, պետության անվտանգության մասին։ Փորձում են մեր հիշողությունը, մեր կապվածությունը, արյան պարունակությունը։ Նման փորձերին մի պատասխան գիտեմ՝ մենք այնքան պիտի լցված լինենք մեր սուրբ երկրի սիրով, հայրենասիրությամբ, մեր երեխեքի սրտի չտրոփած զարկերով, որ տեղ չթողնենք չարի սերմի համար։ Տեղ չթողնենք դատարկության, բաց տարածքի։ Մենք պետք է լցվենք մեր ազգային արժեքները պահպանելու սուրբ գիտակցությամբ։ Տղաները, որ իրենց  կոկոն գարունները զոհեցին մեզ համար, պետք է շունչ տալ այդ կոկոններին։ Կասեք՝ ինչպե՞ս․․․

Նրանց չմոռանանք։ Խոսենք, գրենք, շատ գրենք, հիշենք նրանց մասին, ու օրինակ դարձնենք գալիք սերնդի համար: Օրինակ դարձնենք յուրաքանչյուր սխրագործություն, հերոսություն ու շուրջը ջերմացնենք ջերմ ու երախատագիտական խոսքերի  հրավառությամբ։ Ոչ թե առիթից առիթ, այլ ամեն օր, ժամ, րոպե, անառիթ։ Երբեք չասենք՝ նրան ի՜նչ են արել․․․  Նման բառերը լցվում են այն տեղը, որ դատարկ է և դառնում աներևույթ, դավադիր ուժի բնակատեղի։ Ու մի օր այդ ուժը Եռաբլուր է գնում։

 

Ամեն օր հիշեք մի հերոսի խոսք, լցվեք, միմյանց ջերմացրեք այդ խոսքով։ Այսօր ես հիշում էի, թե ինչպես Մարտակերտ մտնող հակառակորդի բոլոր ջանքները կասեցվեցին  4-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի, ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի եւ Ռոբերտ Աբաջյանի շնորհիվ: Շատերը նրանց անվանում են «Մարտակերտի փրկիչներ»: Արմենակը մարտի ընթացքում միշտ կապի մեջ է գտնվել գումարտակի հրամանատարության հետ. «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում եմ: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»,- եղել է Ուրֆանյանի վերջին նախադասությունը: Սա հենց այնպես չեմ ասում, հիշեցնում։ Անգամ եթե անգիր գիտեք, էլի կարդացեք։ Նրանց ամեն բառը կարող է մի ողջ սերունդ կրթել ու փակել այն ճանապարհը, որ դավադիր ուժին տանում է Եռաբլուր։