Նարեկ Բաբայանը դիմել է դատարանին՝ Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերվող տարածքի հարցով․ տեսանյութ

Նարեկ Բաբայանը դիմել է դատարանին՝ Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերվող տարածքի հարցով․ տեսանյութ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝     Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը գրությունը՝ ուղղված դատավորին։ 

Բաբայանը դատարանից հետաքրքրվել է, թե որքա՞ն է կազմում Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը և արդյոք արգելանք դրվա՞ծ է Գրիգորյանին պատկանող տնտեսության, անշարժ և շարժական գույքի վրա։

Ըստ Պետական գույքի կառավարման կոմիտեի՝  ժամանակին ՀՔԾ–ն գրությամբ տեղեկացրել է, որ վարույթում գտնվող գործով հստակեցված չէ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը և առաջարկել է կոմիտեին՝  հարցի քննարկումը հետաձգել մինչև վնասի չափը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունների  ավարտը։

Նախագահող դատավար Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ թեպետ քրեական գործի նյութերը դեռ չեն հետազոտվել, սակայն հայտնի է, որ արգելանք է դրված Գրիգորյանի ամբողջ գույքի՝ այդ թվում բաժնետոմսերի, տրանսպորտային միջոցների վրա։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ Գրիգորյանի առաջարկած ընկերության շուկայական արժեքը հինգ անգամ ավելի է պետությանը պատճառված ենթադրյալ վնասի չափից։

Հիշեցնենք, որ այս գործով Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր։