Լեռ Կամսարի օրագրության անտիպ էջերից 

Լեռ Կամսարի օրագրության անտիպ էջերից 

    Լեռ Կամսարն իր օրագրությունը սկսել էր 1925 թ., երբ մամուլն արդեն մանրազնին գրաքննում եւ ընտրողաբար էր հյուրընկալում հեղինակի ֆելիետոնները: Վերջինս, լինելով անաչառ հրապարակախոս, չէր կարող ճշմարտացի չարձագանքել իր եւ աշխարհի ապրած ամեն մեկ օրը՝ զանց առնելով տիրող գաղափարախոսության հրամայականն ու պարտադրանքը:

    Օրագրությունն ավարտվել է 1965թ․ նոյեմբերին՝ գրողի մահից մեկ շաբաթ առաջ։ Հեղինակի օրագրության շարքն իր մեջ ներառել է մեր պատմության 40 տարիները՝1925-1965 թթ.: Չի կարողացել գրել միայն սիբիրյան երեքամյա տաժանքի ժամանակ՝ 1936-40 թթ. (գուցե գրել է, բայց չի պահպանվել): 

    Օրապատումից մինչ այժմ հրատարակվել են մինչեւ բռնադատումը գրած «Մահապուրծ օրագիրը» (1925-1935 թթ.), բռնադատվելուց հետո ստեղծած «Չապրած օրերը» (1945-1947թթ․), «Կարմիր օրերը» (1953-1958 թթ.), «Սոցիալիզմի Սահարան» (1959 թ.), «Հալոցքը» (1960թ․), «Միայնակը» (1961թ․):

    Օրագրության զգալի մասը դեռեւս անտիպ է եւ սպասում է լույս աշխարհ գալուն: Լեռ Կամսարի օրագրությունն արժեքավոր է ոչ միայն գեղարվեստական, այլեւ  պատմաքաղաքական տեսակետից, քանի որ գրում է ամենատես, հասկացող, իրատես եւ խորը վերլուծող ականատեսը...

 

Կիրակի 11․- Զարմանալի կերպով հեղափոխությունները՝ մեծ, թե փոքր, Ռուսաստանում միշտ հոկտեմբերին են տեղի ունենում։
    Սրանից հինգ տարի առաջ մարդիկ ման էին գալիս լայն շալվարներով։ 1960 թվի հոկտեմբերի ոչ թե յոթին, այլ ութին հանկարծական մի հեղափոխության հետեւանքով լայն շալվարները վտարվեցին հրապարակից, եւ մարդիկ սկսեցին հագնել շալվարներ այնքան նեղ, որոնցով դժվարանում էին պպզել։
    Հիմա տեսնում եմ, որ ռեակցիան գլուխ է բարձրացնում, եւ արու բնակչությունը նորից անցնում է լայն շալվարների գործածության։
    Ու ես զարմանում եմ, թե ինչու հինգ տարվա մեջ մարդկանց ազդրերն ազատվեցին նեղ շալվարներից, իսկ նրանց գլուխները սա քառասունհինգ տարի շարունակում են սեղմված մնալ կոմունիզմի նեղ մտայնության մեջ եւ չեն անցնում լայն մտածողության։

    ․․․Երկու հեղափոխություններ, տեղի ունեցած միեւնույն հոկտեմբեր ամսվա մեջ, պե՞տք է որ այսքան տարբեր լինեն իրենց բնույթով։
    Այդ նշանակո՞ւմ է արդյոք, որ մարդու երկու գլուխներից այն մեկը, որ գտնվում է շալվարի մեջ՝ ավելի խելոք է մտածում, քան նրա ուսերի վրա ցցված կենտրոնական գլուխը․․․

Երկուշաբթի 12․- Պետական հրատարակչությունը գրողների տեղեկատու է կազմում եւ ինձ, որպես գրողի, մի հարցացուցակ է ուղարկել լրացնելու։
    Ես հարկավոր տեղեկություններ տալուց հետո, վերջում գրեցի․
«Ես որպես գրող մինչեւ սովետական կարգերն ազատ հոսել եմ, դրանից հետո դարձա «ծորակ»։ Երբ վերադասը բաց է անում՝ հոսում եմ, երբ փակում է՝ կուլ եմ տալիս․․․»։
                                                  --------------------
Երեւակայեցեք մի երկիր, ուր մարդ առտուն աչքը բաց է անում անկողնում ու չնայած հիվանդ չէ, բայց վեր չի կենում, որովհետեւ անելիք չունի․․․
Ասացե՛ք, նման երկիրը պետք չէ՞ գերեզմանոց անվանել․․․

Երեքշաբթի 13․- Շատ է ջղայնացած ժողովուրդը։ Մի չնչին պատճառով կռիվ է սարքում։
Մեր փողոցի անկյունում նոր մի պտուղ-բանջարեղենի կրպակ էին շինել։ Երկու մարդ կանգնած նորակառույց կրպակի առաջ այնքան տաք էին վիճում, որ համարյա ձեռնամարտի պիտի անցնեին։
Մեկն ասում էր՝ պատերը շատ է բարակ, հեշտությամբ գողը կարող է ծակել, ներս մտնել ու եղածը գողանալ։
Մյուսը հակառակն էր պնդում՝ թե չեն մտնի ու չեն գողանա։
- Կմտնե՛ն։
- Չե՛ն մտնի։
- Կմտնե՛ն։
- Չե՛ն մտնի։
Լավ է, որ ես վրա հասա։ Վրա հասա ու երկուսի մեջտեղը կանգնելով ասացի․
- Ոչ մի գող․ աշխարհի ամենաապահով կրպակն է այս կրպակը։ Կերաշխավորեմ ուզած գումարով։
  Գողության կողմնակիցն ապշած երեսիս նայելով, ասաց․
- Իսկ ինչո՞ւ չեն գողանա․․․
- Չեն գողանա, որովհետեւ երբեք ապրանք չի լինի մեջը․․․
                                       ------------------------------
    Տեսեք, թե մի երկրի դատարկությունն ինչպիսի՜ բարոյական ազդակ է հանդիսանում տվյալ երկրի բնակչության համար եւ ինչպիսի ավելորդ գլխացավանքներից է ազատում մարդկանց։
    Հիշում եմ, այն ժամանակ, երբ միսն առատ էր եւ մատչելի հասարակության համար, մեռնում էինք կատվին «փը՜շտ» անելով։ Իսկ հիմա, երբ սաստիկ թանկացավ ու համարյա չքացավ՝ կատուները առանց մի որեւէ «փըշտի» ազատ ել ու մուտ են անում մեր խոհանոցում․․․

Չորեքշաբթի 14․- Այսօր խոսում էի մի ժողդատավորի հետ։
    Ասում է ամառներն ավելի շատ եմ ամուսնալուծություններ կատարում, քան ձմեռները։
    Երբ պատճառը հարցրի, ասաց․
   - Ձմեռներն ամուսիններն իրար տաքացնում են մեր վառելիքի չգոյության պայմաններում, իսկ ամառներն ընդհակառակը, մեզ մոտ տիրող անտանելի շոգը ավելորդ է դարձնում կողակցությունը։
    Բայց պատճառաբանությունը չհամոզեց ինձ, որովհետեւ, եթե այդ ճիշտ լիներ՝ սառուցյալ երկրի բնակիչների մոտ ապահարզան պիտի բոլորովին գոյություն չունենար, իսկ դրան հակառակ՝ այրեցյալ գոտում ամուսիններ գոյություն չունենային․․․

    Բացի այդ, ամուսնալուծվում են այնպիսիները, որոնք մեկի տեղ երկու տարվա վառելիք ունեն կուտակած։
    Երեւույթը ես բացատրում եմ այսպես։
    Մեզ մոտ անհաշիվ պետական հիմնարկներ կան, եւ ամեն հիմնարկի գլխին՝ մի պետ։ Ամեն պետ իր տրամադրության տակ ունի հարյուրավոր կին ծառայողներ, որոնք ի սպաս են դրված նաեւ պետերի անձնական կարիքներին։
    Ինչպես Ավետարանն է ասում՝ հունձք բազում են, մշակք՝ սակավ։ Ամառ ժամանակ այդքան «հունձք» անել առանց քրտնելու՝ անկարելի է։
    Դրա համար էլ անընդհատ իրենց «շապիկները» փոխում են։
    Մինչ ձմեռները կարելի է մի քանի «շապիկ» իրար վրա հագնել․․․ 

Հինգշաբթի 15 ․- Բոլշեւիկներն ասում են՝ եթե մենք չլինեինք, ներկա Հայաստանը չէր լինի, թուրքերը սրի կքաշեին հայությանը։
      Իսկ ես ասում եմ՝ եթե դուք չլինեիք, ցարական Ռուսաստանը Կարսն ու Սուրմալուն չէր տա թուրքին, ռուս բանակը չէր քայքայվի, ու ճակատը բաց թողած չէին գնա իրենց տները։
Հետո։ Որպեսզի հային չկոտորեր, թուրքը պահանջում էր հայերից թրքանալ։ Որովհետեւ չթրքացան՝ այդ պատճառով կոտորեց։ Դուք էլ, ճիշտ թուրքի նման, պահանջեցիք, որ հայությունը բոլշեւիկ դառնա, եւ որովհետեւ չդարձավ, թուրքի նման կոտորեցիք։
     Նշանակում է հայը որպես հայ երկու դեպքում էլ չպիտի ապրեր։
     Կա՛մ թուրք, կա՛մ բոլշեւիկ։
     Քննենք, թե դրանցից որն է հեշտը։
Եթե թուրք դառնար, պիտի թլպատվեր, զոհելով իր մարմնի մի փոքրիկ, ապրելու համար պետք չեկող մասնիկ, աղոթքի էլ չոքելիս փոխանակ «Աստված»՝ «Ալլահ» պիտի ասեր։
Եվ որովհետեւ ո՛չ Աստված գոյություն ունի, ո՛չ Ալլահ՝ ուրեմն, գոյություն չունեցող բաներով կազատեր իր կյանքը մահվանից եւ կապրեր ազատ։
      Գործի դնելով իր ֆիզիկական, մտավոր ու հոգեկան կարողությունները, կդառնար հարուստ, գիտուն եւ քաջ։ Կունենար այգի, պարտեզ, հազարավոր ոչխարներ, հարյուրավոր կովեր, հավեր, սագեր ու հնդկահավեր եւ տուն շինելիս ոչ թե հաշվի կառներ իր ընտանիքի թիվը եւ ամեն մեկին հինգ քառակուսի մետր բնակտարածություն կհատկացներ, այլ այնքան տարածություն, որ մարդն ինչքան չաղանար, ինչքան երկարեր ոտը, պատին չառներ․․․
      Իսկ եթե բոլշեւիկ դառնար, իր մարմինն էլ, միտքն էլ պիտի գիպսի մեջ դներ, իր աչքը հաներ ու Լենինի փեշը բռներ։ Ուր գնար՝ հետեւեր նրան, ինչ ասեր՝ նույնությամբ կրկներ։ Ոչ մի սեփականություն։ Քաղցած, տկլոր իր օրը հերթերում մթնեցներ։ Տար՝ ուտեր, չտար՝ սոված զկռտար։ Իսկ եթե անգամ մտքի մեջ գանգատվեր՝ գնդակահարություն, բանտ ու Սիբիր։

Ընտրեցեք, հայե՛ր, ո՞րն եք ուզում։

1965թ․ անտիպ

Առաջաբանը հեղինակել ու տեքստը տրամադրել է Լեռ Կամսարի թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ