Վաղը ռեկտորին անվստահություն հայտնելու օրն է, ինչպես են տրամադրված խորհրդի անդամները

Վաղը ռեկտորին անվստահություն հայտնելու օրն է, ինչպես են տրամադրված խորհրդի անդամները

Վաղը տեղի է ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգում ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու և նրան վերջնականապես համալսարանից հեռացնելու օրակարգն է։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սիմոնյանը իշխանությունների կոկորդին իսկական փուշ էր դարձել։ Նույնիսկ Արայիկ Հարությունյանն էր նրան անձամբ բաց տեքստով ասել, որ չի ցանկանում վերջինիս հետ աշխատել ու որ ԵՊՀ 100-ամյակը ցանկանում է տոնել առանց Սիմոնյանի։ Բացի այդ՝ գործին խառնվել էին նաև իրավապահները՝ Սիմոնյանին 3 կետից բաղկացած մեղադրանքներ ուղղելով, թե ռեկտորը 10 հազար դոլարին համարժեք վերանորոգում է արել իր տանը, գազի կաթսա տեղադրել՝ իբրևէ ստացած կաշառք։ Չնայած այս ամենին Սիմոնյանը որոշեց չհանձնվել, և ինչպես «Հրապարակի» հետ զրույցում էր ասել, իր «դուխը» տեղն է, և գնալու է մինչև վերջ։ Իսկ վերջը, ինչպես երևում է, հոգաբարձուների խորհրդի նիստն է։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին հարցրինք, թե ինչի համար էին այդ փոխադարձ «հրաձգությունները», եթե կար օրինական ճանապարհը․

« Հիմա օրինական ճանապարհն է ընտրված, ամսի 28-ին տեղի է ունենալու հոգաբարձուների խորհրդի նիստը, կքննարկվի այդ հարցը, և խորհուրդը իր դիրքորոշումը կարտահայտի՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները կդադարեցվե՞ն, թե՞ ոչ»։

Գյուրջինյանին հարցրինք, թե ինչպե՞ս է ստացվել, որ խորհրդի անդրանիկ նիստում հավանություն է տրվում ռեկտորի ներկայացրած բյուջեի նախագծին, իսկ այսօր արդեն նրա հեռացնելու հարցն է քննարկվում․

«Մենք հավանություն ենք տվել այդ փաստաթղթերին։ Եթե առաջին նիստին դա հաստատել ենք, դա չի նշանակում, որ այլևս չենք կարող քննարկել այդ հարցը։ Խորհրդի նախագահը այդպիսի օրակարգ է հաստատել, և դա կքննարկվի»։ 

Արամ Սիմոնյանը պնդում էր, որ նախարարի նման մոտեցումը ուղղված է նաև համալսարանի դեմ, ուստի Գյուրջինյանին հարցրինք, թե ինքն ինչ է կարծում այդ մասով․
«Բոլորովին համալսարանի դեմ ուղղված չէ, ես այդպիսի բան չեմ տեսնում, ես զարմանում եմ, որ նման մեկնաբանություն կա, որ դա համալսարանի դեմ է։ ԵՊՀ-ն Հայաստանի նոր շրջանի՝ 20-րդ դարի, բարձարգույն կրթության առաջնեկն է, առաջատարն է, Մայր բուհ կոչվում է իրավամբ, և նրա դեմ չի կարող ուղղված լինել։ Մենք մեր դե՞մ պիտի լինենք»։  

Խորհրդի մեկ այլ անդամ, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանին էլ անհանգստացնում է ԵՊՀ-ի առանց այդ էլ ցածր վարկանիշը, նրա խոսքով՝ դիմորդները այլևս չեն ցանկանա ընդունվել ԵՊՀ․

«Նիստի ժամանակ, ինձ թվում է, հիմքերը կներկայացվեն։ Ինձ մի բան է մտահոգում, որ հունվարի 22-ին՝ 1-ին նիստի ժամանակ ներկայացվեց որ բյուջեում 600 մլն դրամի դիֆիցիտ է ակնկալվում, բայց այս զարգացումների արդյուքում միգուցե այդ դիֆիցիտը շատանա, որովհետև ո՞վ կուզի ԵՊՀ դիմել այս վիճակում։ Պակերացրեք՝ 12-րդ դասարանի երեխայի ծնողը իր երեխային բուհ պիտի տանի, տեղով ռեյտինգը եսիմ ինչ չէր ԵՊՀ-ի, դա է ինձ մտահոգում, մնացածը իրավաբանական հարցեր են, նիստի ժամանակ կլուծվեն, ընթացքում էլ կկողմնորոշվենք»։

Այսինքն՝ ռեկտորն ճի՞շտ է ասում, որ իշխանությունների  գործողությունները նաև համալսարանի դեմ են․
« Չէ, բացարձակ չկա։ ԵՊՀ-ում վերջին տարիներին լարված վիճակ է ու այդ խնդիրը պետք է ինչ-որ ձևով լուծել, որովհետև ապագայի խնդիր է։ Ես չգիտեմ, թե Արամ Սիմոնյանի հեռանալով այդ լարվածությունը կվերանա՞, թե՞ ոչ, վաղը կզեկուցվի վիճակը, կհասկանանք այդ լարվածության պատճառները։ Մինչև չզեկուցվի անվստահության հիմքերը, Արամ Սիմոնյանի դիրքորոշումը, ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի»։ 

Հոգաբարձուների՝ ուսանողության կողմից ընտրված անդամ Ռոզա խաչատրյանն էլ նշեց, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն նիստի ընթացքում՝ հավելելով, որ ողջ ուսանողական խորհուրդը ընդհանուր դիրքորոշում ունի և միմյանց հետ համակարծիք են․

« Մեր դիրքորոշումը կարտահայտենք մեր ընդհանուր ուսանողական խորհրդով, Դուք կծանոթանաք մեր դիրքորոշման հետ ընդհանուր, մենք համակարծիք ենք, և դրա մասին կիմանաք ընդամենը որոշ ժամանակ անց»։

Իսկ ռեկտորի և նախարարի միջև տեղի ունեցած հակամարտության վերաբերյալ հարցերին Խաչատրյանը նախընտրեց չպատասխանել։