Կհեռանա՞ արդյոք Կենտրոնական բանկի նախագահը

Կհեռանա՞ արդյոք Կենտրոնական բանկի նախագահը

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է եկող տարվա հունիսին, բայց արդեն մի քանի ամիս է՝ լրատվամիջոցներում եւ հանրային տարբեր շրջանակներում շրջանառվում են ԿԲ ապագա նախագահի մի քանի թեկնածուների անուններ։

Նրանցից մեկը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, ով մինչեւ փոխվարչապետ նշանակվելը Ռոբերտ Քոչարյանին պատկանող Արդշինբանկի կառավարիչն էր, գործադիրում այդ պաշտոնին անցավ ԲՀԿ-ի քվոտայով, բայց հետագայում սերտացրեց հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ եւ մնաց պաշտոնին, անգամ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ին զրկեցին նախարարական պաշտոններից։

Մյուսը ԿԲ խորհրդի անդամ  Մարտին Գալստյանն է՝ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան։ Նրա նշանակումը միանգամայն տեղավորվում է ՀԱԿ-ի եւ տերպետրոսյանական մյուս կադրերի՝ իշխանության մեջ ներդրվելու ծրագրի մեջ։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանի հեռանալու վերաբերյալ, մեր աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը դեռ որոշում չի կայացրել։

Եվ Ջավադյանն ու նրա կողմնակիցները հույս ունեն, որ չի էլ կայացնելու, քանի որ նոր իշխանությունների բազում ձախողումների ֆոնին ԿԲ գործունեությունը եւ մասնավորապես արժույթի շուկայում ցնցումների բացակայությունը համարվում է Արթուր Ջավադյանի աշխատանքի լավագույն ցուցանիշը։ Իշխանականները հպարտանում են եւ բոլոր նրանց, ովքեր ասում են, թե իրենք կառավարել չեն կարողանում, հակադրվում են․ «Բա դոլարի կուրսը»՝ դրամավարկային քաղաքականությունը։

Սա նշանակում է, որ Ջավադյանը հաստատապես կմնա մինչեւ իր ժամկետի ավարտը, անգամ հնարավոր է՝ դրանից հետո։ Բանն այն է, որ  չնայած ԿԲ գործող նախագահի երկրորդ ժամկետն է լրանում՝ պաշտոնավարում է 2008-ից, իսկ Սահմանադրությամբ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԿԲ նախագահ, սակայն 2015-ին նոր Սահմանադրություն է ընդունվել, եւ ցանկության դեպքում կարելի է մեկնաբանել, որ օրենքը հետադարձ ուժ չունի, ու Ջավադյանի ժամկետը պետք է հաշվել 2015-ից։

Չնայած հին Սահմանադրությամբ նույնպես այս պահանջը կար։ Իշխանական մեր աղբյուրները, սակայն, կարծում են, որ ԿԲ նախագահի համար առանձնապես «անհասանելի» չափանիշներ չկան, եւ, ամենայն հավանականությամբ, Ջավադյանը 2020-ի հունիսին կհեռանա։

Սահմանադրությունը նախատեսում է, որ ԿԲ նախագահի պաշտոնում կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող եւ պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք:

Կենտրոնական բանկի նախագահին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի (ֆինանսավարկային եւ բյուջետային) առաջարկությամբ ընտրում է խորհրդարանը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, 6 տարի ժամկետով: 
Իսկ ԿԲ-ի մասին ՀՀ օրենքով ԿԲ նախագահը չի կարող լինել որեւէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: