Վարչապետը, փոխվարչապետը իշխանության ներկայացուցիչներ չեն

Վարչապետը, փոխվարչապետը իշխանության ներկայացուցիչներ չեն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը «հանրային կարծիքի» պատճառով  շրջանառությունից հանել է իր աղմկահարույց օրենսդրական նախագիծը՝ իշխանության ներկայացուցչին վիրավորելն ու նրա աշխատանքը խոչընդոտելը քրեականացնելու վերաբերյալ, սակայն պնդում է նման օրենքի անհրաժեշտության մասին եւ ասում, որ ամեն ինչ անելու է թյուրըմբռնումները հարթելու ու նախագիծը նորից օրակարգ բերելու համար։
Հիշեցնենք․ Արմեն Խաչատրյանն առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել տուգանքով կամ կալանքով: 
- Պարոն Խաչատրյան, պնդում էիք, թե անհրաժեշտ նախագիծ է, ինչո՞ւ եք հանել շրջանառությունից։

- Նախագիծն իմ կողմից հանվեց շրջանառությունից՝ հաշվի առնելով հանրային կարծիքը եւ բացասական արձագանքները։ Ես դրանք վերլուծելով հասկացա, որ կա թյուրըմբռնում, տեղեկացվածության խնդիր ընթերցողների մոտ, բոլոր դեպքերում, դա խնդիր է, եւ պետք է ցրել ընթերցողների մոտից այդ թյուրըմբռնումը եւ հնարավորինս մանրամասնել, հիմնավորել։ Ես այսօր նույնիսկ շարունակում եմ քաղհասարակության բոլոր ներկայացուցիչների  հետ քննարկումներ ունենալ, արձակուրդի ընթացքում դրանք ավելի ինտենսիվ կլինեն։ Բոլոր նրանք, ովքեր մտահոգված են այդ հարցով եւ ունեն ասելիք, ես իմ պարտքն եմ համարում բոլորի հետ հանդիպել, քննարկել, առաջարկություններ, անգամ դիտողություններ լսել եւ այդ ամենից հետո նոր արդեն որոշում  կկայացնեմ՝  նախագծի հետագայի հետ կապված։

- Բայց հստակ էիք, չէ՞, ասել, որ իշխանության ներկայացուցչին վիրավորելը պետք է քրեականացվի, եւ նույնիսկ ձեր թիմից քննադատություններ հնչեցին։

- Հենց «իշխանության ներկայացուցիչ» հասկացությունն էլ թյուրըմբռնման պատճառ է դարձել։ Բոլորին թվում է, թե իշխանության ներկայացուցիչը վարչապետն է, փոխվարչապետը, պատգամավորներ․ իհարկե, դա այդպես չէ։ Իշխանության ներկայացուցիչը Քրեական օրենսգրքում գործադիր իշխանության այն պաշտոնատար անձինք են, որոնք երրորդ անձանց նկատմամբ ունեն կարգադրիչ լիազորություններ, ուշադրություն դարձրեք ոչ միայն իրենց ենթակայության, այլեւ երրորդ անձանց, այսինքն՝ ՃՈ տեսուչներ, հրշեջ տեսուչներ, պետական տեսչությունների  աշխատակիցներ, որոնց հրահանգները կատարման ենթակա են, հարկային-մաքսային ծառայության տեսուչներ։


- Բայց պատգամավորները, նախարարները նույնպես իշխանության ներկայացուցիչ են, չէ՞։

- Քրեաիրավական մեկնաբանության մեջ իշխանության ներկայացուցիչներն իմ թված մարդիկ են, բայց, օրինակի համար, մարզպետն էլ է իշխանության ներկայացուցիչ, բայց երրորդ անձի նկատմամբ կարգադրիչ լիազորություններ չունի։

- Բայց Դուք ի սկզբանե հակված էիք բոլորի համար կիրառել օրենքը, չէ՞։

- Ոչ։

- Այդ դեպքում ձեր թիմում ինչո՞ւ ըմբոստացան, եթե իրենց հայտնի է, թե ովքեր են իշխանության ներկայացուցիչները։

- Թյուրըմբռնման հարց կար, իսկ աջակցություն չստանալու պատճառը թերեւս հանրային կարծիքի ու արձագանքների վերլուծությունն էր, այո, իմ թիմակիցների մեջ էլ երեւի մարդիկ կան, որ տեղեկացվածության պակաս են ունեցել, այդ բոլոր բացերը լրացնելու համար ես քննարկում կունենամ եւ ավելի պարզ կբացատրեմ։

- Ձեր ներկայացմամբ ստացվում է՝ միասին քննարկում չեք անում, իսկ ձեր խմբակցությունում տուրք են տալիս պոպուլիստական  հայտարարությունների՞ն․ բոլո՞ր նախագծերն են այդպես ծնվում։

- Հանրային կարծիքն ու պոպուլիստական հայտարարությունները մի քիչ դժվար է տարբերելն իրարից, ամեն դեպքում՝ կա հանրային կարծիք, ու պետք է հաշվի նստենք, բացատրենք ճիշտը, եթե դա ինձ հաջողվի, եւ ես ստանամ նաեւ հանրային աջակցությունը, ապա նախագծի հետագա ճակատագիրը պարզ կդառնա։ Ես պնդում եմ, որ պետք է նման նախագիծ, հանրային կարծիքներ կան նաեւ, որ «իշխանության ներկայացուցիչ» տերմինից հրաժարվենք, նշենք միայն «ոստիկանության ներկայացուցիչ»։ Դա եւս առաջարկ է, որը կքննարկենք։