Ընձառյուծը գնալու է իր էգին գտնելու

Ընձառյուծը գնալու է իր էգին գտնելու

6 օր առաջ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց հայ հասարակությանը, որ Իջեւանի անտառներում կովկասյան ընձառյուծ է հայտնվել։ Այս ավետիսի հենց հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը եւ Ենոքավանի գյուղապետը քննարկեցին «ընձառյուծի պահպանությանն ու տեղի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր»։

Մենք տեղեկացանք Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման (FPWC) հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանից՝ այս կովկասյան ընձառյուծը որձ առանձնյակ է, որն անպայման մի օր կգնա Իջեւանից՝ էգ գտնելու համար։ FPWC հիմնադրամի նախագահի հետ խոսակցության այս հատվածը մի տեսակ շատ ռոմանտիկ ստացվեց, քանի որ մեր հարցերին ի պատասխան, թե տեղի՞ն է մարզպետարանի եւ վարչապետի ոգեւորությունը՝ կմնա՞ ընձառյուծն Իջեւանում, նա արձանագրեց․ «Ինքն այդտեղ մնալու խնդիր չունի, ինքը պետք է անպայման ողջ տարածաշրջանով ֆռռա, որպեսզի գտնի էգին ու բազմանա։ Դա իրենց բնականոն կյանքն է։ Այնպես որ, մնալ-չմնալու խնդիր դրված չէ։ Ինքն անպայման պետք է գնա։ Պետք է գնա, նորից հետ գա»։
«Նորից հետ գալու» պայմանն էլ այն է, որ Խոսրովի արգելոցում մեծացած կենդանու կերը հարուստ լինի, կրակոցներ չհնչեն, զգա, որ մարդու կենսագործունեության ոլորտը պակասել է։ Իսկ հովազների համար Արարատից Տավուշի մարզ հասնելը 3 օրվա գործ է։ Նշենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ ընձառյուծի ներկայությունն Իջեւանում իրոք աննախադեպ է․ վերջին անգամ Իջեւանում ընձառյուծ տեսել էին 50 տարի առաջ՝ 1970-ականներին։

Կենդանասեր Սիլվա Ադամյանն ընձառյուծի հայտնությունն Իջեւանում պայմանավորում է մարդու կենսագործունեության սահմանափակմամբ․ որսագողության ու անտառագողության նվազմամբ։ Բայց կարեւորում է նաեւ կարանտինը։ Ըստ բնապահպանի՝ այս երեւույթը հիմա նկատվում է ողջ աշխարհում, նույնիսկ՝ քաղաքային բնակավայրերում, երբ կարանտինի հետեւանքով Վենետիկի ջրանցքներում ձկներ են հայտնվել, անգլիական գյուղական վայրերում տարբեր կենդանիներ ազատ շրջում են։ «Ողջ աշխարհում նկատելի է կենսաբազմազանության այս փոփոխությունը, երբ կենսաբազմազանությունը հարստանում է այն տարածքներում, որտեղ մարդիկ ավելի քիչ են տնտեսական գործունեությամբ զբաղված, որովհետեւ մարդու բացակայությունը բերում է նրան, որ կենդանիները, որոնք գիտեն, որ մարդու կողմից կարող են որս դառնալ, վերադառնում են այդ տարածքներ»։ Այսինքն՝ երբ մարդը դուրս է գալիս տարածքից, կենդանին վերադառնում է։

ՀԳ․ Ռուբեն Խաչատրյանը հերքեց այս վարկածը՝ ասելով, որ ընձառյուծը երբ հայտնվել էր Տավուշում, ո՛չ Covid-2019 կար, ո՛չ էլ կարանտին։ Դեռ անցած տարի նման կասկածներ եղել են, «բայց որպեսզի հաստատվեր, մի քանի կազմակերպություն, ներառյալ մերը, տեղադրեցինք կամերաներ, մոտ 2-3 ամիս մշտադիտարկումներից հետո ընձառյուծը չէր անցել կամերաների դիմացով, եւ տարաձայնություններ կային։ Մեր կազմակերպությունն ասում էր, որ՝ չէ, ընձառյուծ կա, մնացածն այդքան էլ հակված չէին։ Իսկ պարտնյոր կազմակերպությունը թողել էր իր կամերաներից մեկը, ու պարզվեց, որ իրենց մոտով անցել է, դեկտեմբերին արդեն ձյունը եկել էր, էն ժամանակ չէին կարողացել վերցնել կամերան, նոր են վերցրել ու տեսել, որ՝ այո»։ Իհարկե, դրանից առաջ եղել է մի գյուղացու վկայություն, բայց չէին կարող հիմնվել միայն նրա խոսքերի վրա, պետք էր գիտական ապացույց՝ կա՛մ տեսախցիկով արձանագրված կադր, կա՛մ կղանքի ու մազի կտոր, որը պետք է ենթարկվեր գենետիկական հետազոտության։ Հիմա այլեւս Իջեւանում ընձառյուծի ներկայության փաստը հաստատված է։ Պարզվել է նաեւ, որ այդ հովազն այն հովազն է, որը FPWC-ի կողմից ֆիքսվել էր դեռ 2018 թվականին՝ Վայոց ձորում եւ Արարատի մարզում՝ Նախիջեւանի սահմանին։