Հոգեգարությունից անդին

Հոգեգարությունից անդին

Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը «Հայելու առաջ»հաղորդմանը հայտարարել է, որ 1992թ. «Շահումյանի շրջանը հանձնել են Լեւոն Տեր-Պետրոսյանի համաձայնությամբ»:

Նա պնդում է, որ առաջին փորձն արվել է 1991թ. հուլիսին, որն ինքը կանխել է՝ Քաբյուրոյի նիստում  Գորբաչովի, Կրյուչկովի եւ Յազովի հետ բանավեճի արդյունքում: Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղարի կարգավիճակով Արամ Սարգսյանը, գուցե, Մոսկվայում նշված անձանց հետ ինչ-որ խոսակցություն ունեցել է: Բայց ԽՍՀՄ նախագահը, ՊԱԿ-ի ղեկավարն ու պաշտպանության նախարարը հազիվ թե նրան բաց տեքստով ասած լինեին, որ դա «համաձայնեցված է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ»: Իսկ եթե անգամ ասել են, ապա Արամ Սարգսյանը չպետք է կուրորեն հավատար նրանց, այլ հիմք ընդուներ իրականությունը: Այն, որ Ոսկեպարում սպանդ կազմակերպած Գորբաչովը չէր կարող Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ նման համաձայնության գալ: Այն, որ Հայաստանի Գերագույն խորհուրդը դիմել էր միջազգային հանրությանը, ինչպես նաեւ պահանջել, որպեսզի ԽՍՀՄ ժողպատգամավորների արտահերթ համագումար հրավիրվի՝ քննարկելու «Կոլցո» ռազմագործողության իրավաչափության հարցը եւ ստացել Գորբաչովի մերժումը: ԽՍՀՄ առաջնորդի հետ Շահումյանը հանձնելու «պայմանավորվածություն ունեցող» Տեր-Պետրոսյանը չէր պահանջի իրավիճակի հրապարակային քննարկում:

Դա տրամաբանության մեջ ուղղակի չի տեղավորվում: Ինչ վերաբերում է Շահումյանը 1992թ. ամռանը «նույն սցենարով հանձնելուն»՝ ապա մի՞թե Արամ Սարգսյանը չի հասկանում, որ այդ հայտարարությամբ անվանարկում է ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին, այլեւ Վազգեն Սարգսյանին, ով պաշտպանության նախարար էր, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, որ Արցախում փաստացի ռազմաքաղաքական ղեկավարություն էին, Սամվել Բաբայանին, որ Արցախի զինված ուժերի հրամանատարն էր, վերջապես՝ Շահեն Մեղրյանին՝ Շահումյանի ինքնապաշտպանության ղեկավարին: Առանց նշված անձանց հետ պայմանավորվածության Տեր-Պետրոսյանը չէր կարող «հանձնել» Շահումյանը:  Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը եւ Շահեն Մեղրյանն Արցախի հերոս են: Եւ ի՞նչ, նրանք այդ բարձր կոչման են արժանացել Շահումյանը «հանձնելու» հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ «համաձայնության գալու՞» համար: Եւ ինչպե՞ս է Արամ Սարգսյանն իրեն թույլ տվել խորհրդական աշխատելու Ռոբերտ Քոչարյանի մոտ: Ինչու՞ է լռել, ինչու՞ հենց 1991թ. Երեւանում հանրահավաք չի կազմակերպել եւ չի հանրայնացրել Մոսկվայում իրեն հայտնի դարձած «դավաճանությունը»: Իմանալ՝ չհայտնելը ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական պատասխանատվություն է հարուցում: Եթե Արամ Սարգսյանը տեղյակ է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի «դավադրությանը» եւ թաքցրել է հայ ժողովրդից, ուրեմն ինքն էլ «հանցակից» է:

Բայց եթե լուրջ, ապա Արամ Սարգսյանը մի՞թե տեղյակ չէ, որ ընդդիմադիր ուժերի պահանջով 1992թ. Հայաստանի Գերագույն խորհրդում ստեղծվել է Շահումյանի անկման պատճառների ուսումնասիրման հարցով հատուկ հանձնաժողով, որի կազմում ներգրավված էին նաեւ Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Մի՞թե պարզ չէ, որ եթե նրանք ունենային Տեր-Պետրոսյանի «հանցանքն ապացուցող» գեթ մեկ փաստ, ապա վաղուց կհրապարակեին: Ավելին, Գերագույն խորհրդում կսկսեին նախագահի պաշտոնանկության գործընթաց, հանրահավաքներ կկազմակերպեին, կգրոհեին Բաղրամյան 26-ը: Արամ Սարգսյանի վարքում արտառոց ոչինչ չկա: Զարմանալին «Հայելու առաջ» հաղորդման հովանավորների կեցվածքն է, որ հոգեգարությունից անդին է: Որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին սեւացնելու մոլուցքի մեջ չեն ըմբռնում, որ հարվածում են նաեւ իրենց կուռքերին: