Մենք նոր էջ ենք բացելու ձեզ հետ և իրենց հետ և բոլորի հետ.Արարատ Միրզոյան

Մենք նոր էջ ենք բացելու ձեզ հետ և իրենց հետ և բոլորի հետ.Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«29֊ը ապրիլի, 2018թ.

Սիրելինե՜րս, էն, ինչ որ մենք արեցինք այս վերջին օրերի, շաբաթների ընթացքում, էն, ինչ մենք շարունակում ենք անել, դա մի մեծ խենթություն է, դա մի մեծ երազանք է: Բայց ողջ մարդկության զարգացման պատմությունը, բոլոր նվաճումները, աշխարհագրական, գիտական, հասարակական տրանսֆորմացիաները պայմանավորված է եղել խենթություններով և երազանքներով: 

Սիրելինե՜րս, և ինչպես միշտ, բոլոր ոլորտներում, հինը դիմադրում է, հինը հակադրվում է, հինը խոչընդոտում է այդ խենթությանը, երազանքին, առաջընթացին, այդպես մեզ մոտ էլ եղավ: Եվ էդ դիմադրության մեջ մենք հասանք մի հանգրվանի, մի կետի, երբ հնի, էդ սիստեմի, էդ մարդկանց դիմադրությունը մեր երազանքին, մեր կամքին, ձեզ, սկսում էր վնասել մեր պետությանը և մեր պետականությանը: 

Հենց դա՛ ի նկատի ուներ Նիկոլը, երբ ասում էր, որ ինձնից բացի ուրիշ վարչապետ չպիտի լինի, դա էր ճիշտ հանգուցալուծումը ժամանակավոր կառավարության համար: Հենց դա՛ նկատի ունեի ես, երբ որ ասում էի՝ Նիկոլից բացի այլ թեկնածության քվեարկելը հարվածելու է պետականությանը և գուցե հավասարեցվի դավաճանությանը:

Եվ հիմա ձեր առաջ բարձրաձայն ասում եմ, անկեղծ, ես ողջունում եմ, սրտանց ողջունում եմ բոլոր քաղաքական ուժերի, և մասնավորապես խորհրդարանում ներկայացված ուժերի խոհեմությունը, պատրաստակամությունը ենթարկվելու ձեր կամքին և չհակասելու մեր պետության շահերին, պատրաստակամությունը քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին և կամ չառաջադրելու այլ թեկնածու: 

Ես ուզում եմ նորից բարձրաձայն հղել այս քաղաքական ուղերձը, որպեսզի դուք իմանաք և իրենք հասկանան. մենք քաղաքական վենդետա չենք անելու, մենք գնալու ենք համերաշխության և միաբանության ճանապարհով, դա՛ է մեր երկրի միակ ճշմարիտ զարգացման ճանապարհը: Մենք ապրում ենք Նոր Հայաստանում, և մենք նոր էջ ենք բացելու ձեզ հետ և իրենց հետ և բոլորի հետ: Մենք բոլորս դառնալու ենք մենք: 

Ես չեմ հոգնում ասել՝ կան բազմաթիվ լավ մասնագետներ ստորին, միջին, տո բարձր օղակներում. նրանք պիտի շարունակեն ծառայել մեր հայրենիքին: Ավելին ասեմ՝ մենք ներգրավելու ենք նոր մասնագետներ՝ ներսից, դրսից, ովքեր հիասթափված գնացել են, նրանք պիտի գան, ծառայեն Հայաստանի Հանրապետությանը: Մենք հավաքելու ենք բազմաթիվ առաջարկներ մասնագետներից, ձեզնից, բոլորից, մենք ստեղծելու ենք խումբ, որտեղ բոլորը գալու են ասեն՝ մենք ունենք այ սենց միտք, հլա մի քընընեք: 

Ի՞նչ ենք անելու մենք ինքներս. մենք ապահովելու ենք, ես չեմ վախենում էդ բառից, մենք ապահովելու ենք էդ պրոցեսի քաղաքական առաջնորդությունը, մենք ցուցաբերելու ենք քաղաքական կամքը, որը բացակայել է այս տասնամյակների ընթացքում: Մենք ցուցաբերելու ենք քաղաքական կամքը՝ կերտելու մեր երազանքների Հայաստանը: 

Եվ ուզում եմ մի բան ասել, որը ասել եմ շատերին՝ իմ ընկերներին, իմ շրջապատին, իմ ընտրողներին, երիտասարդությանը. ես ձեր ցավը տանեմ, շարունակելու ենք խենթ լինել, շարունակելու ենք երազել, շարունակելու ենք խիզախել: Եվ մենք բոլորս միասին էս ձեռքերով կառուցելու ենք մեր երազանքների Հայաստանը»: