«Սև կարապն» ընդդեմ Նիկոլի 

«Սև կարապն» ընդդեմ Նիկոլի 

Այս օրերին շատերն են հիշում Ֆրանսիական հեղափոխության ակտիվ մասնակցիներից հրաշալի հռետոր, ժիրոնդիստների կուսակցության ղեկավար Պիեռ Վերնոյի (1753-1793) թևավոր արտահայտությունը. «Այսպիսով, քաղաքացիներ, պետք է զգուշանալ, որպեսզի հեղափոխությունը, ինչպես Սատուրնը, հաջորդաբար կուլ չտա իր բոլոր զավակներին և վերջապես չծնի բռնատիրություն՝ դրան ուղեկցող աղետներով»։ Վերջինս, հիշեցնեմ, գիլյոտինի ենթարկվեց Ֆրանսիայի ազգային կոնվենտի անդամ՝ իր երկու տասնյակ կուսակիցների հետ, քանի որ փորձում էր փրկել Լյուդովիկոս 16-րդ թագավորի կյանքը։ Կյանքը շատ արագ հաստատեց Պիեռ Վերնոյի թևավոր արտահայտության ճշմարտացիությունը։ Մեկ տարի չանցած իր համախոհների հետ՝ իր երբեմնի այլ համախոհների կողմից գիլյոտինվեց հեղափոխության առաջնորդներից, ֆրանսիական առաջին հանրապետության «հիմնադիր հայրերից» մեկը՝Ժորժ Դանտոնը (1759-1794)։ Հետագայում այդ արտահայտությունը հաստատվեց բազմաթիվ անգամ՝ ռուսական բոլշևիկյան, նարնջագույն (ուկրաինական), վրացական և այլ հեղափոխությունների ընթացքում։ 

Սակայն մեզանում, գոնե արտաքնապես և հուրախություն Փաշինյան Նիկոլի, դա կարծես թե տեղի չի ունենում։ Եվ «մեծարգո վարչապետ, պարոն» Փաշինյանը, չնայած, բոլոր ցնցումներին, շարունակում է մնալ իր պաշտոնին՝ վայելելով դրանից բխող արտոնությունները։ Թվում է, թե Նիկոլի պարագայում հեղափոխությունը կորցրել է Վերնոյի կանխատեսած բնույթը: Ճիշտ այնպես, ինչպես հողագործության հունական աստված Քրոնոսն է դադարեցնում իր զավակներին խժռելը (վերջինս հռոմեական Սատուրնի նախատիպն էր)։ Կարծում եմ, որ եթե այդպես է, ապա դա տեղի է ունեցել 2018 թվականի իշխանափոխությունը, ինչպես նաև Նիկոլի վարչապետությունը պայմանավորող չորս գործոնների ազդեցության շնորհիվ։ Առաջինը վերը նշված հեղափոխությունների ընթացքի ուսումնասիրությունն է։ Երկրորդը Գերմանիայի նացիստական իշխանափոխության քարոզչական մեխանիզմների ուսումնասիրությունն է։ Երրորդը Խորհրդային Միության ղեկավար Իոսիֆ Ստալինի բռնապետության մեխանիզմի ուսումնասիրությունն է։ Եվ վերջապես չորրորդն արևմտյան ուղեղային կենտրոնների կողմից Նիկոլին փոխանցված գաղափարն է առ այն, որ պատերազմի բազմահազար զոհերի պատճառով առաջացած հոգեբանական շոկի ազդեցության ներքո ժողովուրդը կմոռանա թե՛ Լեռնային Ղարաբաղը և թե՛ հանուն ԼՂԻՄ-ի փրկության իր տարած պայքարն ու կրած զրկանքները։

Ասվածը նշանակում է, որ գիտելիքների այդ պաշարով Փաշինյան Նիկոլը դեռևս հաջողությամբ դիմագրավում է իր անձնական իշխանությանը սպառնացող մարտահրավերներին։ Եվ դա այն աստիճան, որ նրան թվում է, թե ինքը վարչապետի պաշտոնին է մնալու մինչև 2050 թվականը։ Դրան, անկախ իրենց ցանկությունից, օժանդակում են Նիկոլի վարչապետությունից դժգոհ բազմաթիվ անձինք՝ իրենց այն մտահոգությամբ, թե նրանից ազատվել հնարավոր չէ։ Ի դեպ, այդ օժանդակությունը կատարվում է թե՛ հոգեբանական և թե՛ էքզիստենցիալ (գոյութենապաշտական) հարթություններում: Սակայն որքան էլ Փաշինյանի դիրքերն ամրապնդի նրան մերժող հանրության հուսահատվածությունը՝ հասարակության կյանքում գոյություն ունի, այսպես կոչված, «սև կարապի» գործոնը: Այն արձանագրվել է լևանտական (լիբանանյան) ծագումով ամերիկացի էսեիստ, կառավարման փորձագետ Նասիմ Թալեբի կողմից։ Իր աշխատության մեջ վերջինս որպես «սև կարապ» է ներկայացնում անսպասելի այն գործոնը, որը խառնում է բոլոր հաշիվները և արմատական փոփոխությունների հիմք հանդիսանում։ Անսպասելի ասելով նկատի ունեմ այն, որ այդ գործոնը հնարավոր չէ որևէ ձևով կանխատեսել, հաշվարկել կամ կանխազգալ։ Այն տեղի է ունենում անկախ բոլոր սպասումներից և հայտնվելուց հետո է միայն ենթարկվում մարդկային մտքի վերլուծության կամ մեկնաբանության։ Եթե «սև կարապի» գործոնն ածանցենք մեր իրականություն, ապա կստացվի, որ որքան էլ ամուր թվան Նիկոլի դիրքերը և որքան էլ հուսահատ նրան մերժող շարքային քաղաքացիները, այն, միևնույն է, կյանքի կկոչվի: Կյանքի կկոչվի՝ եթե ոմանք նույնիսկ որոշեն ոչնչացնել իրական կամ վիրտուալ բոլոր սև կարապները։ Եվ վերը նշված չորս գործոններն էլ ոչինչ անել չեն կարողանալու ընդդեմ «մեգագործոնի»:

Հ. Գ. Ի դեպ, սև կարապների հազվագյուտ տեսակը հայտնաբերվել է 17-րդ դարավերջին Ավստրալիայում։ Այն հանդիսանում է Ավստրալիայի և դրան կից Թասմանիա կղզու ֆաունայի (կենդանական աշխարհի) էնդեմիկ (տեղական, բնածին) տեսակ։