Թուրինում Պիրլոյին փոխարինող են փնտրում

Թուրինում Պիրլոյին փոխարինող են փնտրում

Թեպետ «Յուվենտուսի» մարզական տնօրենը տված վերջին հարցազրույցի ժամանակ վստահեցրել էր, որ ակումբում ամեն ինչ ընթանում է իր հունով, հանդերձարանում իրավիճակը հանդարտ է, սակայն իտալական հեղինակավոր մարզական պարբերականները գրում են, որ Ա սերիայի հերթական տուրում «Բենեվենտոյից» կրած անսպասելի պարտությունից հետո, կրքերն իտալական ակումբում բորբոքվել են։ 

Ըստ տարբեր հրապարակումների՝ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անելիի եւ թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի միջև խաղից հետո հանդերձարանում  տեղի է ունեցել վիճաբանություն, լսվել են բղավոցներ։ 28-րդ տուրից հետո Պիրլոյի թիմը 55 միավորով 3-րդն է և արդեն 10 միավոր է զիջում առաջատար «Ինտերին»: «Յուվեի» մարզական տնօրենը վստահեցրել էր նաև, որ Պիրլոյի դեմ ոչինչ չունեն ու ամեն ինչ անելու են, որ նա և Ռոնալդուն մնան թիմում, սակայն ասում են՝ թուրինյան ակումբի ղեկավարությունը գաղտնի սկսել է փոխարինող փնտրել Պիրլոյին։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Յուվենտուսի» ցուցակում ընդգրկված են «Զենիթի» նախկին մարզիչ Լուչիանո Սպալետին, «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին և «Լացիոն» գլխավորող Սիմոնե Ինձագին: