Քաղաքական դաշտի պերճանքն ու թշվառությունը

Քաղաքական դաշտի պերճանքն ու թշվառությունը

Ֆելիետոն

Տիկնայք եւ պարոնայք, խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որոնց անհրաժեշտության մասին անընդհատ խոսում էին խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը, իրականություն դարձան (ծափահարություններ):
Իսկը 1917 թվականի հոկտեմբերի 25-ի (նոյեմբերի 7-ի) բանվորական եւ զինվորական պատգամավորների պետրոգրադյան խորհրդի նիստում Լենինի ելույթի ոգով: Մեկ տարբերությամբ. «տիկնայք եւ պարոնայք»-ի փոխարեն 17-ին ասվել է՝ «ընկերներ», եւ խոսքը վերաբերել է բանվորագյուղացիական հեղափոխությանը:

Եվ այսպես, վարչապետը հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Մինչ այդ տարբեր քաղաքական ուժեր հանդիպումներ են ունեցել եւ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերել: Թեպետ այդ որոշումը կայացվել է Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո, պաշտոնական հայտարարությունն այսպիսին է. «Հաշվի առնելով նաեւ վարչապետի՝ «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: Այսինքն՝ որոշումը կայացվել է «Իմ քայլի» եւ «Լուսավոր Հայաստանի», «ձեռքի հետ» էլ՝ ԲՀԿ-ի համաձայնությամբ:

Ակամայից հիշվում է 2018 թ. ապրիլի 22-ին ներկայիս վարչապետի եւ ՀՀ երրորդ նախագահի հանդիպումը «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ կայացավ աշխարհում երբեւէ տեղի ունեցած բանակցություններից գերկարճ բանակցությունը. «…խոսքը ոչ թե երկխոսության մասին է… ես եկել եմ այստեղ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները…»։ Ուժեղ է ասված:

Կուսակցությունների «դուխը» չհերիքեց ասելու, որ իրենք ոչ թե քննարկում են արտահերթ ընտրությունների, այլ վարչապետի հրաժարականի եւ երկրի քաղաքական դաշտից «իմ քայլը» երեւույթի իսպառ բացառման պայմանները, այսինքն՝ այն, ինչ մասին արդեն հինգերորդ ամիսը ասվում է բոլոր տեսակի հարթակներից ու լրատվամիջոցներից: Այսքանից հետո ինչպե՞ս եք պատկերացնում բոլոր ժամանակների «դուխովից» վերցնել իշխանությունը: 

Ընտրությունների ժամկետի մասին հայտարարությունից հետո սկսվեցին որոշ կուսակցությունների «պարերը» (չսպասելով նույնիսկ ԿԸՀ հայտարարությանը)՝ աֆրիկյան ինչ-որ ցեղերի նմանությամբ, նրանք դա անում են, օրինակ, որսի գնալուց առաջ: Մեկն ասում է, թե «արտահերթ ընտրութ­յունների օրը մեզ համար ընդունելի է», մյուսը՝ բա թե «գործող օրենսգրքով ընտրություններին դեմ ենք», երրորդը կամ չորրորդը՝ «մաս­նակցելու ենք արտահերթ ընտրութ­յուններին»:
Ինչպես կասեր «պերեստրոյկայի» հայր Գորբաչովը՝ плюрализм мнений, политический плюрализм.

Ըստ նրա՝ «Плюра­лизм мнений вовсе не означает навязывание одной точки зрения. Я бы сказал, что это, скорее, синтез разных мнений, на основе которого мы и прибли­жаемся к истине».  
Այս պարագայում տարբեր կարծիքների «синтез»-ն արտահայտվում է նրանում, որ իշխող ուժը, հաշվի առնելով բոլորի կարծիքները, ընտրությունները կազմակերպի 2018 թվականի ոգով: «Ժողովուրդը» կօգնի: Վարչական ռեսուրս-բան՝ պարապ խոսակցություններ են: Իսկ истина-ին կմո­տենանք ընտրությունների արդյունք­ներն ամփոփելուց հետո: Ճիշտ է՝ այն կլինի դառը, բայց ճշմարտությունը միշտ էլ դառն է լինում:

Այդ դեպքում ընտրությունների գնում եք, որ ի՞նչ անեք, ամենադուխովից իշխանությո՞ւնը խլեք: Չե՛ք կարող: Որովհետեւ, պուպուլիզմի լեզվով ասած՝ «ժողովուրդը» կամ 3 միլիոն վարչապետերը, իսկ ավելի ճիշտ՝ ամբոխը, չեն հասցնի մինչեւ հունիս դուրս գալ հիպնոսից, «նախկինների» նկատմամբ մաղձը հաղթահարել (թեպետ որոշ դեպքերում՝ արդարացի), պատերազմի եւ հետպատերազմյան զարգացումների սթրեսներից: Ու դեռ հայտնի էլ չէ՝ երբեւէ դուրս կգա՞ն, թե՞ ոչ: Այնպես որ, «հանգիստ նստեք տեղներդ», ինչպես կասեր դասականը. հրամայված է՝ գնալ ընտրությունների, հետեւաբար, ձեր «плюрализм мнений»-ը մոռացեք, առաջնորդվեք առաջարկվող «синтез»-ով:

Մյուս կողմից՝ ինչի՞ համար են արտահերթ ընտրությունները: Այդ որտե՞ղ է թերացել իշխանությունը: Եթե նկատի ունեք պատերազմը, ապա անցած անգամ մենք ենք «կրել», էս անգամ՝ իրենք: Մյուս անգամ էլ «կկրենք»: Այդ ժամանակ, 30 տարի անց, իմքայլականները կլինեն 60-70 տարեկան, իրենց երեխաները կլինեն պատգամավորներ, նախարարներ… վարչապետ-փոխվարչապետ, հետեւաբար, իրենց ծնողների «մուռը» կհանեն, եթե միայն այդ ժամանակամիջոցում եղբայրացած չլինեն հարեւանների հետ: Այնպես որ, գերխնդիրը թշնամության կրակը թեժ պահելն է: Հետո, այդ ժամանակաընթացքում արդեն կգործի Ֆիզուլու միջազգային օդանավակայանը, կառուցված կլինեն բոլոր հնարավոր ճանապարհներն ու մյուս ենթակառուցվածքները, դժգույն Շուշին վերածված կլինի Nice-ի նման քաղաքի (արհեստական ծովով շրջապատված). միանգամից տասնյակ միլիարդների օգուտ կստացվի:

Իսկ ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա կույր պետք է լինել՝ տնտեսական հեղափոխության «արդյունքները» չտեսնելու համար. Կանադան, թուղթ արտադրող մյուս երկրները չեն կարողանում բավարարել ՀԴՄ կտրոնների համար անհրաժեշտ թղթի՝ 15 օրը մեկ (հեղափոխությունից հետո կտրոնների վերաբերյալ վիճակագրությունը 15-օրյա կտրվածքով է) մեծացող պահանջարկը: Դե, որոշ վերապահումներ կան, բայց դրանց պատճառը կորոնավիրուսի համավարակն է:
Այնպես որ, արտահերթ ընտրությունների գնալը ոչնչով արդարացված չէ, ամենակարեւորը՝ «ժողովուրդը» դեմ է:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ