Ընտրությունները չեն փրկի Նիկոլին

Ընտրությունները չեն փրկի Նիկոլին

Նիկոլը ոնց որ թե վերջապես կանգնել է արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարի վրա: Մինչ այդ 1-2 անգամ նա խոսեց ընտրություններ անցկացնելու մասին, հետո հրաժարվեց դրանից՝ ասելով, որ ժողովրդի կողմից նման պահանջ չի արտահայտվում: Իսկապես, ժողովրդի մեծամասնության կողմից նման պահանջ չի արտահայտվում:

Բայց ողջ խնդիրն այն է, որ երբեք էլ նման պահանջը մեծամասնության կողմից չի արտահայտվել: Եթե ենթադրենք, որ 2018-ի ապրիլյան ամենաեռուն օրերին Հանրապետության հրապարակում հավաքվում էր, ասենք, 100 հազար մարդ (առավելագույն թիվն եմ ասում), ապա այդ թիվը երեւանցիների 10 տոկոսն էլ չի կազմում: Իսկ 10 տոկոսն ո՜ւր եւ գոնե Երեւանի մասշտաբով ժողովրդի մեծամասնությունն ո՜ւր… Իսկ երբ քաղաքի խաչմերուկներն էին փակվում, դրա տասներորդ մասն էլ չէր հավաքվում: Այնպես որ, խնդիրը ոչ թե մարդկանց քանակի, այլ ակտիվության մեջ է, հենց ակտիվ փոքրամասնությունն է առաջ տանում գործընթացը՝ առաջնորդի (կամ առաջնորդների) առկայության դեպքում: Դա (կամ դրանք) կար 2018-ի ապրիլին, ու զանգվածները հաղթեցին, նման մեկը չկար 2020 թ. նոյեմբերի 10-ի գիշերը, ու բողոքավորների ակտիվ մասը ձերբակալվեց: 

Այնպես որ, այնքան էլ իրատեսական չէ ժողովրդի մեծամասնության կողմից ընտրությունների պահանջի արտահայտում սպասելը: Սակայն եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը գնում է ընտրությունների, նշանակում է, որ ինքը դուրս է մնացել կոմֆորտի գոտուց եւ ոչ մի կերպ չի կարողանում վերադառնալ այնտեղ՝ ի հեճուկս գործադրվող բոլոր ջանքերի: Հենց դա էլ ստիպում է նրան, որպեսզի համաձայնի ընտրությունների անցկացմանը: Ու արդեն սկսել է մարզային քարոզարշավը, չնայած ՀՀ նախագահը դեռեւս պաշտոնապես չի հայտարարել ընտրությունների անցկացման մասին, ու ընտրությունների անցկացման պատասխանատու պետական կառույցը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չի հրապարակել համապատասխան օրացույցը: Այդ ամենը կարգավորվում է Ընտրական օրենսգրքով, բայց դե՝ Փաշինյանի համար ի՜նչ օրենք, ի՜նչ բան… Զարմանալիորեն, որեւէ վերաբերմունք չեն արտահայտել նաեւ քաղաքացիական հասարակություն կոչված կազմակերպությունները… Դե, նրանք վաղուց են իշխանության մեջ ու, բնականաբար, իրենց լավ են զգում այդ դերում: Չնայած հանուն ազնվության պետք է ասել՝ տասից երեւի մեկի դեպքում ընդվզում են նիկոլական անօրինականության դեմ:  

Ինչեւէ, կարծես թե այս անգամ Նիկոլը ետ չի կանգնի իր խոսքից՝ ինչպես դա լինում է սովորաբար, եւ ընտրություններն իսկապես կկայանան հունիսի 20-ին: Այստեղ առաջանում է այն հարցը, թե ինչ վերաբերմունք պետք է արտահայտի ընդդիմությունը դրա նկատմամբ: Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն արդեն համաձայնել են մասնակցելուն, համաձայնել է նաեւ արտախորհրդարանական կուսակցությունների մի մասը, սակայն փողոցային բողոքի ակցիաներով վարչապետի պաշտոնից Նիկոլի հրաժարականը պահանջող կուսակցությունները հիմնականում դեմ են արտահայտվել: 

Բայց իրադրության ողջ զավեշտն այն է, որ համաձայնողները երեւի չեն պատկերացնում, թե ինչ են անելու այն դեպքում, երբ կրկին հաղթի Փաշինյանի կուսակցությունը: Իսկ նման ելքն ամբողջապես հերքել հնարավոր չէ, քանի որ նիկոլական մանիպուլյացիային նախկինում տրվել ու այսօր էլ շարունակում են տրվել հայրենիքի զգացողությունից զուրկ մարդիկ: Նրանք, որոնց թվում է, թե Արցախի մեծ մասի կորստի գնով եւ Սյունիքը վտանգի տակ դնելով՝ իշխանությունները փրկեցին իրենց զավակներին թշնամու դեմ առերեսվելուց: Զոհված տղաների ու գերիների հարազատների մի մասն էլ մեղադրում է ոչ թե Նիկոլին, այլ, ասենք, ընդդիմությանը: 

Փաշինյանի հրամանատարությամբ եւ մեղավորությամբ պարտված պատերազմից հետո առաջացած խնդիրները ինչպես չեն լուծվել մինչեւ այսօր, չեն լուծվելու նաեւ ընտրություններից հետո, եթե Նիկոլը մնա վարչապետ: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի իշխանության դեմ բողոքը չի դադարի, ինչպիսի տեսք էլ այն ընդունի: Իսկ դրանում կասկած լինել չի կարող, քանի որ Փաշինյանի իշխանությամբ գեներացված խնդիրները կարող են լուծվել միայն նրա հեռացումով, այլ տարբերակ ուղղակի չկա: Եթե, այնուամենայնիվ, Նիկոլին հաջողվի ընտրություններ շահել, իսկ հետո էլ մեր երկիրը դարձնել թուրքական կիսագաղութ, ապա ամեն արեւածագը մենք կդիմավորենք նամազի հրավիրող ձայնի ներքո:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ