Զեւզեկ

Զեւզեկ

Մարդիկ եղան, որ մտածեցին, թե Արագածոտնի մարզ կատարած իր այցով Փաշինյանն առաջիկա արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տվեց: Տրամաբանություն կա այստեղ, եւ արժե մի փոքր ծավալվել սրա շուրջ: Նախընտրական քարոզչության ժամանակ ընդունված է ժողովրդին լրիվ էշի տեղ դնելը: Իսկ «ընտրությունների գնացող» Նիկոլը հենց դրանով էր զբաղված Ներքին Բազմաբերդում: Նա մոտ 10-13 գյուղից բերված ժեխախմբին ու մի քանի բնիկ բազմաբերդցիների համոզում էր, թե իբր Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, եւ դա այդպես է իր տաղանդի շնորհիվ:

Փորձենք հասկանալ այս միտքը. «Որքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, թե Ղարաբաղի հարցը լուծված է, Ղարաբաղի հարցը լուծված չէ: Շատ կլինեն հարցեր, թե ինչի համար զոհվեցին մեր տղերքը: Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին: Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ»: Հասկացանք՝ քարոզչություն, բայց այս աստիճանի տգե՞տ: Ուղղակի զարմացած եմ, թե ինչպես ներքին բազմաբերդցիները փետով ու եղանով չլարեցին նրան իրենց գյուղից:

Ինչ է ասում այս «շատ կոնկրետ»-ը. «Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ»: Սրանից հետեւում է, որ մենք այսքան կորուստներ ենք տվել, որպեսզի հարկ եղած դեպքում (երբ Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է), զբաղվենք զավզակությամբ ու հայտարարենք, թե Ղարաբաղի հարցը լուծված չէ: Ի դեպ, մենք առաջ էլ գիտեինք, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Բայց այն ժամանակ ունեինք դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետություն, ինչպես նաեւ հսկայական տարածքներ, որոնց շուրջ սակարկությունների շնորհիվ հնարավոր էր խուսափել արյունալի պատերազմից ու ի վերջո ունենալ ճանաչված Արցախ: Իսկ ի՞նչ արեցիր դու, ո՛վ ողորմելի… Այսօր նույնիսկ «Արցախ» բառը չես կարողանում արտաբերել, «Ղարաբաղ» ես ասում, որ կիրթ գործընկերդ չնեղանա, ու եկել Ներքին Բազմաբերդում կիսաթաքուն բարբաջում ես, թե Ղարաբաղի հարցը լուծված չէ՞: Տո զավզակ, ո՞ւր են Արցախի Հանրապետության զինանշանը, դրոշը, Սահմանադրությունը, պետական կառույցները, Պաշտպանության բանակը, ո՞ւր է Շուշին, Հադրութը: Եվ մի անմեղ հարց՝ իսկ մեր տղերքն ինչո՞ւ չեն զոհվում, որ երբ Ալիեւը հայտարարի, թե Շուռնուխի հարցը լուծված է, դու կարողանաս զավզակել, թե դա այդպես չէ:

Թե բա՝ Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղում ֆիզիկապես ոչ մի հայ չմնա… մենք էլ մտածում էինք՝ Ալիեւը կիրթ մարդ է, այդպիսի հրեշավոր մտքեր չունի: Եվ ուրեմն իսկապե՞ս մեր տղերքը զոհվեցին, որ Արցախը մնա եւ արցախահայությունը մնա… Թե՞ նրանք զոհվեցին, որ Արցախի Հանրապետությունը հարատեւի, եւ Ալիեւն այլեւս երբեք չմտածի Արցախը հայաթափելու մասին: Այնպես որ, արցախահայությանը բախտի քմահաճույքին հանձնած տգետ, գոնե մի շատախոսիր Արցախի ճակատագրի մասին եւ մի փորձիր ապականել հազարավոր անմեղ զոհերի նահատակությունը:

Հայաստանի որ մարզն էլ գնա Փաշինյանը, ստիպված է լինելու իր այցերն սկսել վերջին պատերազմում զոհված հայորդիների շիրիմներին խոնարհվելով եւ ծաղիկներ դնելով: Դա մի կողմից մթնոլորտ է ստեղծում տվյալ տարածքի հասարակությանն ուղղված ասելիք ձեւավորելու համար: Փաշինյանը, սակայն, մարդկանց ցավն ու խնդիրները մի կողմ թողած՝ անմիջապես անցնում է «նախկիններին» քլնգելու սուրբ գործին: «5 ամիս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է հետպատերազմյան վիճակում եւ հետպատերազմյան հակադրության մեջ: Գիտեք, որ ագրեսիվ ձեւով իշխանությունը եւ կառավարությունը հարձակումների են ենթարկվել եւ շարունակում են ենթարկվել»,- Փաշինյանն այսպես սկսեց բացել դավադրությունների տեսության իր կծիկը: Նա, կարծում եմ, գիտի, որ ներքին բազմաբերդցիները ոչխար չեն եւ հասկանում են մի շատ պարզ բան՝ նորմալ է, երբ ընդդիմությունը բարձր տոնով է խոսում պատերազմում խայտառակ պարտություն կրած եւ կապիտուլացված վարչակազմի հետ: Այլ հարց է, որ Փաշինյանը փորձում է լապշա կախել ներքին բազմաբերդցիների ականջներից ու ընդդիմություն-իշխանություն «լարված» հարաբերությունները ներկայացնել բացառապես ընդդիմության «ագրեսիվության» ֆոնին:

Ըստ նրա՝ արյուն կհոսեր, եթե 5 ամիս տեւած այդ հակադրության մեջ իրենց (նկատի ունի իրեն) չհաջողվեր խուսափել քաղաքացիական բախումներից: Բայց եկեք տեսնենք, թե ինչ է արել Փաշինյանը, դիցուք, փետրվարի 25-ին եւ մարտի 1-ին քաղաքացիական բախումներից խուսափելու համար: Մարտի 1-ի հավաքի մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել, իսկ ահա փետրվարի 25-ին, երբ հայտնի դարձավ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը Փաշինյանի հրաժարականի պահանջով, նա Ֆեյսբուքով տարատեսակ «հրոսակախմբերի» հավաք հայտարարեց եւ բազմաթիվ պաշտոնյաների գլխավորությամբ այդ թափորը տարավ Ազատության հրապարակի մատույցներ, հավանաբար, որպեսզի «ժողովրդական բախումներ չլինեն հրապարակում նույն օրը, մեկ ժամ ավելի շուտ հավաքված ընդդիմության կողմնակիցների հետ»: Ոստիկանությունը, ճիշտ է, անմիջապես փակեց Մաշտոցի պողոտայի ելքերը, բայց հրապարակ սպրդած սադրիչների հետ «տեղական նշանակության մարտեր», այնուամենայնիվ, եղան, որոնք ավարտվեցին իրավապահների կողմից սադրիչներին դեպքի վայրից հեռացմամբ: 

Սադրանք էին նաեւ Փաշինյանի այցերը Սյունիք եւ Եռաբլուր, որոնք արյունահեղության չվերածվեցին ոչ այնքան նրա թիկնազորի խելացի գործողությունների, որքան ընդդիմության շրջահայացության հետեւանքով: ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանում կան ուժեր, որոնց ագրեսիվությունն օրըստօրե մեծանում է, սակայն ի շնորհիվ ժողովրդի, հնարավոր է եղել խուսափել քաղաքացիական բախումներից: «Ու սա այն պայմաններում, երբ ոմանք ուղիղ, առանց սեթեւեթանքների սպանությունների, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում»,- ընդգծում է նա։ Հասկանո՞ւմ եք, ուր է հասել աբսուրդը: Այս մարդուն թվում է, թե ժողովուրդն ուրիշ բանուգործ չունի եւ ամեն օր աղոթում է իր արեւշատության համար:

Իսկ ո՞ւր էր ժողովուրդը, երբ ընդդիմությունը շատ ագրեսիվ «հավկիթ փարթի» կազմակերպեց ԱԺ իմքայլական պատգամավորների եւ մանավանդ Սիսակի համար: Ո՞ւր էր ժողովուրդը, երբ ընդդիմությունը «ագրեսիվ» կերպով խոչընդոտում էր վարչապետի ընթացքը դեպի կառավարական շենքեր, որոնք վերջինիս նստավայրից ընդամենը 200-500 մետր հեռավորության վրա են: Ինչո՞ւ էին ժողովրդի փոխարեն հազարավոր ոստիկաններն ու տանիքներին թառած սնայպերներն ապահովում վարչապետի այդ կարճ տեղաշարժերի անվտանգությունը: Եվ, վերջապես, ո՞ւր է ժողովուրդը, երբ վարչապետը մարզեր է այցելում, ինչո՞ւ են մարդկանց բերում հանդիպումների, ինչո՞ւ են իրենց կողմնակիցներին՝ գրիմ արած, նկարում վարչապետամերձ էպիզոդներում, ինչո՞ւ են երեխաներով բազմամարդ տեսարաններ ապահովում: Մեռան ճղվելով, որ ցույց տան, թե Նիկոլը 25 հազարանոց հանրահավաք արեց Երեւանում, իսկ ահա ընդդիմության 17 կուսակցությունները չեն կարողանում 12-15 հազարանոց հանրահավաքներ անել: Ենթադրենք՝ ճիշտ են այս թվերը: Իսկ քանի՞ անգամ կարող է Նիկոլը 25 հազարանոց հանրահավաք անել՝ գործադրելով պետական լծակներն ու բյուջեն: Ընդդիմությունն առնվազն երկու տասնյակ խոշոր հանրահավաք ու երթեր է կազմակերպել այս ընթացքում: Իսկ ի՞նչ է արել Փաշինյանը մարտի 1-ի խայտառակ հանրահավաքից ու մեկ-երկու տապալված ժեխահավաքից բացի: Ասել կուզե, սիրելի ներքին բազմաբերդցիներ, այլեւս ժամանակավրեպ է Փաշինյանի՝ ժողովրդի թիկունքում թաքնվելը եւ ժողովրդին նսեմացնելով սեփական անձը վսեմացնելը: