«Հրապարակ». Մարդը 2001-ին իր թերթում գրել է այդ մասին, հիմա էլ իրականացնում է ծրագիրը

«Հրապարակ». Մարդը 2001-ին իր թերթում գրել է այդ մասին, հիմա էլ իրականացնում է ծրագիրը

Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում ելույթի ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ավելի մոտ լինել Եվրամիությանը` այնքան, որքան ԵՄ-ն անհրաժեշտ կհամարի: «Եկեք կանգնած լինենք ուս-ուսի՝ ժամանակներն ավելի լավը դարձնելու համար: Ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն եւ երջանկություն, եկեք միասին սա ապացուցենք»,- եզրափակեց վարչապետը: Ելույթը դահլիճին շատ դուր եկավ` ՀՀ վարչապետին ողջունեցին հոտնկայս ծափահարություններով: Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանին մի քանի հարց ուղղեցինք:

- Դուք ինչպե՞ս կգնահատեք` ի՞նչը եվրոպացիներին հիացրեց Նիկոլ Փաշինյանի ելույթում, որ նրան հոտնկայս ծափահարեցին:

- Եթե հիացած ծափահարում են, նշանակում է` գոհացած են, իսկ թե ինչու են գոհացել, ինչն է նրանց գոհացրել, սա արդեն առանձին հարց է, պետք է երկար մտածելով առաջ գնանք, որպեսզի տեղ հասնենք….

- Իսկ ի՞նչն է գոհացրել, ըստ Ձեզ:

- Նշանակում է` այս ամենը, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, Արեւմուտքին հաճելի էր: Դուք այնտեղ ցավ զգացի՞ք որեւէ մեկի կեցվածքում, ես չզգացի: Ինչ-որ մեկը խոսե՞ց մեր պատմական տարածքների ու մեր 120 հազար հայրենակիցների մասին: Գերիներ, անհետ կորածներ, նրանց ինչ-որ մեկը հիշե՞ց: Կարծես, չհիշեց: Փաստորեն, դա Արեւմուտքին ձեռնտու է, այստեղից էլ պետք է հետեւություններ անել:

- Նիկոլ Փաշինյանն իր ելույթում փաստացի Ռուսաստանին մեղադրեց, որ նա վատ դաշնակից է, ռուս խաղաղապահների մեղքը կա Արցախի հայաթափման հարցում: Հիմնական ասելիքը սա էր, կարծես:

- Ծափահարությունների պատճառներից մեկն էլ հենց դա էր: Այստեղ եւս մենք մեզ պետք է հարցեր տանք:

- Իսկ ռուսական կողմն անմե՞ղ է:

- Ռուսաստանը մեղավոր է դեռ 90-ականներից, երբ հարկավոր էր անհրաժեշտ աշխատանքներ տանել Հայաստանում, երբ հայ ժողովրդի 90 տոկոսից ավելին ռուսամետ էր…. Այդ առումով թույլ գտնվեցին, անգամ իրենց եղբայր Ուկրաինային կորցրին՝ իրենց իսկ անփութության հետեւանքով, հետեւաբար, մեզ կկորցնեին ու կկորցնեին: Ռուսաստանն այս առումով փաստացի թերանում է, պետք է ճիշտ քարոզչություն իրականացնի: Պարզ է, որ եթե քարոզչության հարցում թերանում ես, ուրիշներն իրենց կողմ են քաշելու: Այն, ինչ տեղի է ունենում, աշխարհաքաղաքական երկու հզոր բեւեռների պայքար է, որն արդեն շարունակվում է 70 տարուց ավելի: Մենք պարզապես միջոց ենք, մեր վրայով պետք է անցնեն որոշները, հիմա էլ ոտատակ են տալիս ու հետո` ծափահարում:

- Ո՞րն է Արեւմուտքի ծրագիրը տարածաշրջանում:

- Այս ծրագրի մասին Նիկոլ Փաշինյանը 2001 թվականին իր թերթում գրել է. նա գրել էր, որ պետք է Հայաստանի հարավով Թուրքիան միանա Ադրբեջանին, Հայաստանը դրանից կարող է լիքը փող շահել, իսկ Ռուսաստանը պրոբլեմների առաջ կկանգնի: Մարդը 2001-ին իր թերթում գրել է այդ մասին, հիմա էլ իրականացնում է ծրագիրը: Բարդ հարցեր են…. Այս ամենը, ամեն դեպքում, հարյուր տարի առաջ կազմված ծրագիր է: Դեռ ԽՍՀՄ-ի ժամանակվանից կար այդ ծրագիրը: Առաջինը եղավ Սովետական Միության տապալումը: Հիմա էլ՝ Ուկրաինա, Հայաստան եւ այլն:

- Սահակաշվիլին Փաշինյանին երեկ նամակ է հղել, որով հորդորում է՝ արագորեն անջատվել Ռուսաստանից, հակառակ դեպքում Վլադիմիր Պուտինը կարող է դաժան գտնվել:

- Ես այդ անձնավորությանն այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում: Նիկոլն ու Սահակաշվիլին գունավոր հեղափոխության հետ են կապված: Հայաստանն այս պահին արագորեն գնում է դեպի կործանում:

- Կանխել հնարավոր չէ՞:

- Կարո՞ղ եք ասել` սրտացավ հայերն ի՞նչ են անում, որպեսզի կանխեն, կա՞ նման մեկ կառույց գոնե:

- Բա ընդդիմությունն ի՞նչ է:

- Ընդդիմության ձեռքին ոչինչ չկա, ընդդիմությունը լծակներ չունի: Սա աշխարհաքաղաքական բեւեռների դեմ պայքար է, որտեղ ընդդիմությունն ազդեցություն ունենալ չի կարող: Դա այդքան էլ հեշտ գործ չէ, անգամ ԽՍՀՄ-ն այդ բեւեռին չդիմացավ, ուզում եք ընդդիմությունը միայնա՞կ դիմակայի: Ընդդիմությունը պետք է քննարկի՝ ինչ անել, որպեսզի հնարավորինս քիչ կորուստներ ունենանք:

- Երբեմն իշխանություններն արցախցիների` Արցախ վերադառնալու հարցերն են փորձում քննարկել: Ասում են` կարող ենք հասնել նրան, որ մարդիկ կարողանան վերադառնալ Արցախ: Հնարավո՞ր է դա:

- Ադրբեջանի վերջին վայրագություններից հետո լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է դա լինել: