Առևանգել  են  սրճարանից ու հափշտակել 

Առևանգել  են  սրճարանից ու հափշտակել 

Այսօր՝ մարտի 29-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արման  Փերիխանյանի դատավարությունը։ Նա մեղադրվում է սրճարանից մարդ առևանգելու և նրա՝ բանկից  ստաղցած 300 հազար դրամը հափշտակելու մեջ։ 

Ըստ մեղադրանքի՝ Փերիխանյանը Նարեկ Օհանյանի, Սերգո Հարությունյանի, Սերիկ Կիրակոսյանի և Արտյոմ Նալբանդյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին խաբեությամբ և բռնություն գործադրելու միջոցով Վանաձոր քաղաքի «Լճեր» սրճարանից շահադիտական դրդումներով առևանգել են Հրաչ Առաքելյանին, տեղափոխել Լոռու մարզի «Թեժ լեռ» կոչվող տեղանք, այնուհետև, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 82 շենքի 84 բնակարան, որտեղ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ավազակությամբ հափշտակել են Հրաչ Առաքելւանի գույքը՝ 300.000 ՀՀ դրամը: 

Ըստ մեղադրական եզրակացության՝  2017թ․ սեպտեմբերի 5-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Նարեկ Օհանյանը տեղեկանալով, որ Հրաչ Առաքելյանի մոտ առկա է նույն օրը «Արդշինբանկ» ՓԲ ընկերության Վանաձոր քաղաքի մասնաճյուղից ստացված 300.000 ՀՀ դրամը, այն հափշտակելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել Արման Փերիխանյանի, Սերգո Հարությունյանի, Սերիկ Կիրակոսյանի, Արտյոմ Նալբանդյանի հետ և Հրաչ Առաքելյանին հրավիրել է Վանաձոր քաղաքի «Լճեր» կոչվող սրճարան, որտեղ գտնվելու ընթացքում հիշյալ անձինք վերջինիցս պահանջել են նշված գումարը և մերժում ստանալուց հետո' խաբեությամբ և բռնություն գործադրելով, Հրաչ Առաքելյանին նստեցրել են Նարեկ Օհանյանին պատկանող «Վազ 21015» մակնիշի 36GC777 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և տեղափոխել Լոռու մարզի «Թեժ լեռ» կոչվող տեղանք, որտեղ բռնություն են գործադրել Հրաչ Առաքելյանի նկատմամբ' ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Այնուհետև, Նարեկ Օհանյանը, Արման Փերիխանյանը, Սերգո Հարությունյանը, Սերիկ Կիրակոսյանը և Արտյոմ Նալբանդյանը Հրաչ Առաքելյանին նստեցրել են Նարեկ Օհանյանին պատկանող հիշյալ ավտոմեքենան և գումարը Հրաչ Առաքելյանի բնակության վայրից հայտնաբերելու նպատակով վերջինիս տեղափոխել են Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 82 շենքի 84 բնակարան, որտեղ կրկին բռնություն են գործադրել, հարվածներ հասցրել Հրաչ Առաքելյանի մարմնի տարբեր մասերին, որի ընթացքում նրա կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու՝ սպանության սպառնալիքով, պահանջել են հիշյալ գումարը, սակայն կրկին մերժում ստանալով՝ հարկադրաբար հանել են նրա հագուստները և աջ կոշիկի միջից հայտնաբերել ու հափշտակել են  300.000 դրամ գումարը: