Պատգամավորին բանտ կնստեցնեն՝ երթեւեկության կանոնները խախտելու համար

Պատգամավորին բանտ կնստեցնեն՝ երթեւեկության կանոնները խախտելու համար

Մեծ Բրիտանիայում Համայնքների պալատի պատգամավոր Ֆիոնա Օնասանյուին երեք ամիս բանտ կնստի այն բանի համար, որ մեքենայով երթեւեկելիս գերազանցել է թույլատրված արագությունը եւ ստել է իրավապահներին։ Միաժամանակ նաեւ նա հեռացվել է Լեյբորիստների կուսակցությունից, որի կազմում էլ ընտրվել էր որպես պատգամավոր 2017 թվականին։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ըստ հրապարակման, նույն 2017-ի հուլիսին ոստիկանական տեսախցիկները ֆիքսել էին, որ պատգամավոր Օնասանյուի մեքենան ընթանում է 66 կմ/ժ արագությամբ՝ թույլատրված 50 կմ/ժ-ի փոխարեն։ Այն ժամանակ պատգամավորը հայտարարել էր, որ թեեւ մեքենան իրեն է պատկանում, սակայն ղեկին եղել է եղբայրը։ Սրան ի հակառակ, մեղադրող կողմը ապացույցներ էր ներկայացրել, որ պատգամավորը եւ եղել էր ղեկին եւ տեքստային հաղորդագրություններ է փոխանակել ընթանալիս, ինչը արգելված է ճանապարհային երթեւեկության կանոններով։ Այսպիսով, սկսած 1991 թվականից, Օնասանյուն առաջինն է, ով որպես պատգամավոր բանտ կնստի։