Խտրականության խոստովանությո՞ւն

Խտրականության խոստովանությո՞ւն

«Եթե մենք ասում ենք, որ Ամուլսարի հանքը թույլ չենք տալիս շահագործվի, շատ պարզ հարց է ծագում՝ ինչի՞: Բնապահպանական մտավախություններից ելնելո՞վ: Այստեղ ծագում է հաջորդ հարցը՝ եթե այդպես է, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ Զանգեզուրի հանքը շահագործվի, Թեղուտի հանքը: Արդյոք դրանք որեւէ բնապահպանական խնդիր չե՞ն առաջացնում եւ գործում են ըստ էն բնապահպանական ստանդարտների, որոնք Հայաստանում գոյություն ունե՞ն: Այստեղ է, որ կարող ենք ունենալ միջազգայնորեն շատ մեծ խնդիր, եթե հանկարծ պարզվի, որ մենք ցուցաբերում ենք խտրական մոտեցում»,- երեկ իր «լայվի» ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Առաջին հայացքից համոզիչ փաստարկ է, բայց, իսկապես, ինչո՞ւ է 1 տարուց ավելի փակ Ամուլսարի հանքը՝ տնտեսությանը պատճառելով ահռելի վնաս, եթե կառավարության համար ակնհայտ է, որ բնապահպանական մտահոգությունները շատ ավելի են Թեղուտի, Զանգեզուրի եւ մյուս հանքերի պարագայում, քան Ամուլսարի: Արդյոք սա խտրական վերաբերմունքի խոստովանություն չէ՞: Սրանք այն հարցադրումներ էին, որ պետք է արվեին Ամուլսարի կասեցման առաջին օրերին եւ ոչ թե մեկ տարի անց, երբ «Լիդիանն» արդեն իսկ հայտարարել է իր հանդեպ խտրական վերաբերմունքի մասին: Երկրորդ․ անպատասխան է մնում Փաշինյանի հարցը՝ մյուս հանքերը համապատասխանո՞ւմ են ստանդարտներին եւ ՀՀ օրենքներին: Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանի կառավարությունը չի էլ փորձելու տալ այդ հարցերի պատասխանները ու շարունակում է փնտրել Ամուլսարի հնարավոր բացերը՝ եւս մեկ փորձաքննություն սկսելու: Ինչո՞ւ․ որովհետեւ Ամուլսարի շուրջ աղմո՞ւկն է շատ: Դա՞ է կառավարության շարժիչ միակ ուժը: Ի վերջո, իսկապես, ո՞վ պետք է տա այդ հարցերի պատասխանները՝ Թեղուտի, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի եւ այլ հանքերի վերաբերյալ: