Արմեն Սողոյանը չի պաշտոնավարում, բայց նրա անունը պահպանել են կայքում

Արմեն Սողոյանը չի պաշտոնավարում, բայց նրա անունը պահպանել են կայքում

2016թ․ դեկտեմբերի 27-ին կալանավորված եւ 2018թ․ հոկտեմբերի 4-ին  մեկ միլիոն գրավի դիմաց ազատ արձակված ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության  պետ Արմեն Սողոյանի անունը դեռ պահպանված է գործակալության  կայքում։ Կարելի է ենթադրել, որ նա դեռ պաշտոնավարում է։

Այս առնչությամբ դիմեցինք բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն։ Այստեղից մեզ տեղեկացրեցին, որ  Արմեն Սողոյանը  բժշկասոցիալական փորձաքննության գործակալության  պետը չէ, նրան փոխարինում է պետի տեղակալ Նունե Շահվերդյանը։ 
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի  բաժնի պետ Սոնա Մարտիրոսյանն արձագանքեց, որ քանի դեռ Արմեն Սողոյանի քրեական գործն ընթացքի մեջ է, իրավունք չունեն նրա անունը հանել կայքից։  Նա եւս հավաստիացրեց, որ Արմեն Սողոյանի գործառույթներն իրականացնում է Նունե Շահվերդյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Սողոյանը կալանավորվել էր կաշառք ստանալու կասկածանքով։ Ըստ ԱԱԾ-ի՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձեւավորվել եւ տեւական ժամանակ գործել էր կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ եւ դրանք փոխանցել իրենց վերադասներին։ Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը)։