«Կաշառք՝ պաշտոնների տեսքով»․ ՇՊՀ-ի անանուն աշխատակիցները ահազանգում են

«Կաշառք՝ պաշտոնների տեսքով»․ ՇՊՀ-ի անանուն աշխատակիցները ահազանգում են

«Հրապարակ»-ը Շիրակի պետական համալսարանի մի շարք աշխատակիցների կողմից անստորագիր նամակ է ստացել, որտեղ նրանք ներկայացնում են, որ համալսարանի ռեկտորի թեկնածուներից Լուսինե Ֆլջյանի կողմից նախընտրական շրջանում «պաշտոններ են բաժանվում»։

Նրանք նամակում, մասնավորապես, գրել են․ «Սույն թվականի մարտի 2-ին նշանակված են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ընտրություններ:2017 թվականի մայիս ամսից` բուհի ՀՀԿ-ական ռեկտորի հեռացվելուց հետո կրքերը համալսարանում չեն հանդարտվում: Ռեկտորի պաշտոնին հավակնում էին 4 թեկնածուներ,որոնցից մեկի մոտ առկա էր աշխատանքային ստաժի խնդիր և փաստաթղթերը ընդունող հանձնաժողովը չգրանցեց վերջինիս որպես թեկնածու:Թեկնածուներից մեկի փաստաթղթերն էլ ուղարկվել է ՀՀ ԿԳՆ պարզելու` վերջինիս համապատասխանելն ռեկտորի համար սահմանված պահանջներին: Հիմնական պայքարն ընթանալու է Անդրանիկ Սարգսյանի և Բրուսովի լեզվաբանական համալսարանի նախկին պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանի միջև:

Լուսինե Ֆլջյանին սատարում են նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը` ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը,նախկին ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի որոշ կողմնակիցներ, ինչպես նաև Գյումրիում հայտնի քաղաքագետ Գագիկ Համբարյանն ու բուհի պատմության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանը:Վերջիններիս Ֆլջյանը ընտրվելուց հետո ըստ շրջանառվող լուրերի բուհում բարձր պաշտոններ է խոստացել: Ի դեպ Լուսինե Ֆլջյանը համարվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կադրերից: Այսքանի մասին չէինք խոսի,եթե երեկ համալսարանի ֆակուլտետներից մեկի աստիճաններին պատահական չգտնեինք բուհի կառուցվածքի նոր տարբերակ,որը մշակվել է Լուսինե Ֆլջյանի կողմանակիցների կողմից: Նոր կառուցվածքում համալսարանի ուսումնական գծով պաշտոնում նշանակվելու է Հովհաննես Խորիկայնը, իսկ մյուս պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավարի պաշտոնը տրվելու է Գագիկ Համբարյանին:Անգործ չեն մնալու նաև Ֆարմանյանն ու Ֆլջյանին աջակցող մյուս դասախոսները: Հրավիրում ենք ՀՀ ԿԳՆ և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի ուշադրությունը վերոնշյալ հանգամանքների վրա, հորդորում,խնդրում և պահանջում ենք անցկացնել արդար և անկողմնակալ մրցույթ: Վերոնշյալ հանգամանքները դիտվում են որպես,մեր կարծիքով, «կաշառք պաշտոնների տեսքով», և կարող են վատ ազդեցություն ունենալ բուհի հետագա ճակատագրի վրա: Կից ներկայացնում ենք բուհի «Ֆլջանական» կառուցվածքի պատճենը»:

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով իր վերաբերյալ նամակի բովանդակությանն, ասաց․ «իմ պահով ավելի մեծ ապուշություն չեմ տեսել։ Սահակ Միանսյանի թիմակցներն են եւ նրա ֆան ակումբը, միայն կարող եմ ասել, որ շատ խղճուկ են»,-ասաց նա եւ հավելեց․ «Ես որեւիցե մեկին ոչ պաշտպանելու, ոչ էլ չպաշտպանելու կարիք չունեմ, ինձ բացարձակ չի հետաքրքրում էդ ամեն ինչը, ինձ հետաքրքրում է մի բան՝ տեղի ունենան ընտրությունները օրինական ձեւով եւ ընտրություններին մասնակցողները չխախտեն կարգերը։ Թե չէ ես բոլոր թեկնածուների հետ նորմալ եւ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Եթե Համբարյան Գագիկը որեւիցե մեկին պաշտպանի, կպաշտպանի բացահայտ, ոչ թե ծածուկ, առանց հետին մտքերի։ Ապագայում որեւիցե գործ ստանալու ոչ նպատակ ունեմ, ոչ՝ ցանկություն։ Ինձ իմ անկախ կարգավիճակը ամբողջությամբ բավարարում է։ Եթե ես ցանկություն ունենայի պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար լինել, ահռելի մեծ գումարներ վաստակել, ապա կընդունեի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի առաջարկությունները՝ տարբեր մարդկանց միջոցով ինձ արված։ Ես կարող էի այդ ժամանակ ընդունել եւ այդ այս պայքարը չէր հասնի նրան, որ պարոն Մինասյանը հրաժարական կտար»։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել նաեւ Լուսինե Ֆլջյանի հետ։