Նոր ստեղծարար միջավայր. «Ազգային սինեմատեք» կինոթանգարան

Նոր ստեղծարար միջավայր. «Ազգային սինեմատեք» կինոթանգարան

Կինոգործիչների միությունը, որի մի մասն է կազմում նաեւ «Ազգային սինեմատեք» կինոյի նորաստեղծ թանգարանը՝ իր բազմաֆունկցիոնալ հարթակներով, միության Կինոյի տունը՝ իր երեք կինոդահլիճներով (մեծ, միջին ու փոքր)՝ կահավորված կինոցուցադրման ամենաժամանակակից տեխնիկայով, այսօր հավակնում է դառնալ մի մեծ մուլտիպլեքս, որը կինոմիջավայր ձեւավորելուց ու իր հարկի տակ բազմաթիվ միջոցառումներ եւ կինոփառատոներ, կինոպրեմիերաներ, հետահայաց կինոցուցադրումներ կազմակերպելուց բացի, կրթական նախագծերի միջոցով տալիս է նաեւ ստեղծարար կինոկրթություն։ 

«Ազգային սինեմատեքն» իր գոյությամբ ոչ միայն արժեւորում է 100-ամյա հայկական կինոյի անցած ճանապարհը, մեր մշակութային ժառանգությունը, այլեւ իր ներուժն ու ռեսուրսներն ուղղում նաեւ նոր սերնդի արվեստային կրթությանը:

Կինոգործիչների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանն ասում է, որ շատ երկար են աշխատել մեծ «Ազգային սինեմատեք» ունենալու հայեցակարգի վրա, ուսումնասիրել են տարբեր երկրների սինեմատեքների հայեցակարգերը, աշխատել մասնագիտական խմբերի հետ, ներգրավել միջազգային գործընկերներ Հոլանդիայից եւ այլ երկրներից։ «Հարություն Խաչատրյանի երազանքն էր մեծ «Ազգային սինեմատեք» ունենալը: Քովիդից առաջ այդ կառույցի ստեղծումը կարծես թե իրականություն էր դառնում: Այն մասնակցային գլոբալ նախագիծ էր, եւ կառավարությունը համաձայնել էր մասնակցություն ունենալ: Նույնիսկ ընդգրկվել էր միջնաժամկետ զարգացման ծրագրերի մեջ, պատրաստ էր կառավարության որոշման նախագիծը, որոշված էր ֆինանսավորման առաջին փուլի չափը եւ այլն, սակայն մշակույթի փոփոխվող նախարարները, իրար փոխանցվող կամ չփոխանցվող գործերը թույլ չտվեցին այդ ծրագիրն իրականացնել նախատեսված ձեւաչափով: Այն նախատեսում էր Կինոյի տան բոլոր ենթակառուցվածքների՝ դահլիճների, սրահների միաձուլումն «Ազգային սինեմատեք» համակարգի մեջ, տեխնոլոգիական, կրթական, զբոսաշրջային մոդուլների միավորմամբ եւ այլն: Այդ իրավիճակին գումարվեց նաեւ համավարակը, հետո եղավ պատերազմը, եւ ամենը մնաց, բայց Հարություն Խաչատրյանը որոշեց, որ ինչ-որ մի մասն այդ նախագծից մենք անպայման պետք է իրականացնենք, եւ մեր միջոցներով կարողացանք ստեղծել «Ազգային սինեմատեք» գլոբալ հայեցակարգի կինոթանգարանային մոդուլը: Այո, այն դեռ մեր երազանքի թանգարանը չէ, բայց կա»,- փաստում է Մանուկյանը:

«Մենք շատ մեծ աշխատանք արեցինք «Հայֆիլմի» այսօրվա ղեկավարության հետ եւ կարողացանք որոշ ռեկվիզիտներ բերել թանգարան, որոնք կարող են հետաքրքրել այցելուներին: Թանգարանի այցելուներին՝ հատկապես դպրոցականներին, մենք մոտ 30 րոպե պատմում ենք հայկական կինոյի մասին, հետո առաջարկում ենք ֆիլմացանկ, որպեսզի կարողանան հայկական ֆիլմեր ընտրել եւ նայել»,- ասում է Մանուկյանը: Իսկ, ընդհանրապես, այցելուները կարող են շրջել թանգարանում, ծանոթանալ հայկական կինոյին, դիտել հայկական կինոյի մասին պատմող ակնարկներ, հատվածներ որոշ ֆիլմերից եւ այլն:
 
«Ընդհանուր կոնցեպտն արվեց այնպես, որ մի սրահը նվիրենք Համո Բեկնազարյանին՝ որպես հայ կինոյի հիմնադիր, մի սրահն էլ` Դանիել Դզնունուն, ով, իմ կարծիքով, շատ ավելի մեծ, խիզախումի արժանի գործ է արել հայկական կինոյի համար: Ավելին` հիմնադիրների մեջ ես առաջինը կնշեի հենց Դանիել Դզնունու անունը, որովհետեւ այն կարծես մոռացված, երկրորդական լինի, բայց հենց նա է գնացել ու Համո Բեկնազարյանին հրավիրել Հայաստան: Նա է նկատել Համո Բեկնազարյանին: Դզնունու կողմից է գրվել նամակն այն ժամանակվա վարչապետին, նախարարին, որ կինոյի համար փող է պետք, եւ նախարարը համաձայնել է տալ 100 ռուբլի, հետո վարչապետը կրճատել է ու դարձրել 60 ռուբլի։ Դանիել Դզնունին է եղել այն մարդը, որը, ի հեճուկս ամեն ինչի, որոշել է 60 ռուբլով կինո հիմնադրել Հայաստանում, մի քանի անգամ գնացել է Մոսկվա, Վրաստան՝ Համո Բեկնազարյանի հետեւից, որովհետեւ նա արդեն մեծ աստղ էր նախահեղափոխական ռուսական կինոյում, հետո եկել էր Վրաստան ու դարձել վրաց կինոյի ղեկավարը։ Ի վերջո, նա է համոզել Բեկնազարյանին, որ գա Հայաստան եւ նկարահանի առաջին համր ֆիլմը՝ «Նամուսը»»։

Ինչպես նկատում է Ա․ Մանուկյանը, կինոմիության համար աննկարագրելի մեծ կարեւորություն էր՝ վերականգնել նաեւ Կինոյի տան լեգենդար Բուխարու սրահի միջավայրը, որն ուղղակիորեն կինոթանգարանի մշակութային միջավայրի շարունակությունն է։ Ի դեպ, այն ընդգրկված է կինոթանգարանի այցերի ծրագրում, եւ այդ սրահում նույնպես հաճախակի են լինում աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, որոնք հեռանում են մեծ հիացմունքով ու բավարարվածությամբ: 

«Չէ՞ որ սա լեգենդար միջավայր է, այստեղ կան Ուիլյամ Սարոյանի, Արամ Խաչատրյանի, Հովհաննես Բաղրամյանի, շատ մեծանուն կինոգործիչների ու արվեստագետների ստորագրություններ՝ պահպանված պատերին: Այստեղ հյուրընկալվել են Հովհաննես Բաղրամյանն ու Ուիլյամ Սարոյանը եւ նստել հենց այդ սրահի բուխարու կողքին, հանդիպել մամուլի, գործընկերների հետ, մեծարվել: Կինոյի տան մեծ դահլիճում է կայացել Սարոյանի մեծարման երեկոն՝ 1977-ին: Շատ մանրակրկիտ աշխատանք ենք արել՝ բացահայտելու այդ միջավայրը՝ ուսումնասիրելով արխիվներ, բազմաթիվ նյութեր, հայտնաբերել ենք լուսանկարներ, որոնք այդ սրահի պատմության վավերագրերն են: Ի դեպ, այդ գործում շատ օգտակար եղավ նաեւ Գեորգի Դավիդովի անձնական արխիվը, որից որոշ նմուշներ մեզ սիրով տրամադրեց մեր միության անդամ, կինոնկարիչ Կարեն Դավիդովը: Նաեւ՝ հայտնի լուսանկարիչ Պողոս Պողոսյանի անձնական արխիվը, որտեղից շատ լուսանկարներ նրա ընտանիքը սիրով տրամադրեց մեզ, որի համար շատ շնորհակալ ենք նրանց»:

Բուխարու սրահում այսօր աշխատանքային ժամերին գործում է մեր ժամանակներին համահունչ «Համատեղ աշխատանքային գոտի»՝ Cowoking սրահ, որտեղ կարելի է աշխատել, վայելել այդ միջավայրը, ծանոթանալ կինոմշակույթին, սուրճ վայելել: Երեկոյան ժամերին արդեն այդ սրահը ծառայում է կինոքննարկումներին, հանդիպումներին, քանի որ այդ սրահին կից է գործում կինոմիության նոր՝ Կապույտ սրահը:

«Ազգային սինեմատեքն» ունի նաեւ իր ֆիլմերի պահոցը, որտեղ արդեն 280-ից ավելի ժապավենային ֆիլմեր կան՝ տարբեր երկրներից։ «Ծրագիր կա՝ իրականացնելու ժապավենային ֆիլմերի շարունակական ցուցադրություններ, կա վերականգնված մոնտաժային համակարգ, որով ժապավենային ֆիլմերի հետ աշխատում են մեր մասնագետները: Վերականգնվել է նաեւ ժապավենային պրոյեկտորը, որով ցուցադրվում են ֆիլմերը: Առաջին, այսպես ասած, փորձնական ծրագիրն իրագործվել է՝ վերջերս վեց օսկարակիր ֆիլմեր ցուցադրվեցին Կինոյի տան մեծ դահլիճում՝ ժապավենային պրոյեկցիայով: Սա շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում մարդկանց մոտ»,-հավելում է Մանուկյանը: 

Բոլորովին վերջերս նշանավոր խմբավար, մանկավարժ Տիգրան Հեքեքյանը Հայաստանի կինոգործիչների միությանը եւ «Ազգային սինեմատեք» կինոթանգարանին նվիրեց նաեւ Համո Բեկնազարյանի երեւանյան բնակարանում գտնված նրա հայտնի OFFENBACHER 7788 դաշնամուրը, որն այսուհետ, որպես թանգարանային նմուշ, իր մշտական տեղն է գտնելու հայ կինոյի թանգարանում: 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ