Կարեն Կարապետյանը Ձեզ ազատություն չէ՞ր տվել
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ով կառավարությունում էր նաեւ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ, այսօր առանձնապես մեծ տարբերություն չի տեսնում Նիկոլ Փաշինյանի եւ նախորդ կառավարության ներկայացրած ծրագրերի միջեւ։
Այդուհանդերձ, չնկատելով էական լուրջ տարբերություն նոր եւ նախկին ծրագրերի միջեւ, Տիգրան Խաչատրյանը հիմնական տարբերությունը շեշտադրումների մեջ է տեսնում։ Հետաքրքիր է, որ տնտեսական աճի առումով էլ տարբերություն չկա՝ Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ էր 5 տոկոսանոց միջինացված աճ նախատեսում, Փաշինյանի կառավարությունն էլ։ Հիմա սա հեղափոխակա՞ն աճ է։ Խաչատրյանը կարծում է, որ այս ծրագրում հեղափոխականն այն է, որ բոլոր մարդիկ ունեն ազատ մտածելու, ստեղծագործելու եւ գործելու հնարավորություն։ Ապա նշեց իր նկատած տարբերությունները նոր եւ նախորդ ծրագրերի միջեւ։
«Կարող է բովանդակային առումով շատ տարբերություններ չգտնեք։ Այսինքն՝ ավելի հավանական է, որ դուք կգտնեք շեշտադրումների տարբերություններ։ Հարցերը՝ իրենք, տնտեսական զարգացման տեսանկյունից մեկ միասնականություն են՝ որպես կանոն։ Կարեւոր է, թե կառավարությունն ինչպիսի շեշտադրումներ է կատարում։ Ավելի կարեւոր է, թե կառավարությունն իրականում այդ հայտարարված ուղղություններով ինչպիսի քայլեր է կատարում։ Հիմա Ձեր հարցի պատասխանը, ես կարծում եմ, որ Դուք գիտեք արդեն նաեւ իրականության մեջ։ Այն, որ հավասար մրցակցությունը, շուկաներ մուտքի ազատությունը եւ գործելու ազատություններն ընդհանրապես ոչ միայն խոսք են, այլ նաեւ գործ են, մեր ներկա իրականությունն է, եւ դա պետք է խորացվի»,- ասաց պարոն Խաչատրյանը։
- Պարոն Խաչատրյան, Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ էր միջինացված 5 տոկոս աճ կանխատեսում իր ծրագրում, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ։ Կասե՞ք՝ որտե՞ղ է այս ծրագրի հեղափոխականությունը, երբ թվային առումով բան չի փոխվել։
- Հեղափոխականությունը վերաբերում է նրան, որ տնտեսության բոլոր հատվածներում մուտքի, գործելու եւ մրցելու հնարավորությունները լինելու են հավասար։ Դա ներկա կառավարության գերակայությունն ու առաջնահերթությունն է, ե՛ւ կոռուպցիայի բացակայությունը, ե՛ւ մուտքի ազատությունը, ե՛ւ մրցելու հավասար պայմանների երաշխիքները, նոր պայմաններն են։ Նոր պայմաններում, երբ կլինեն 5 տոկոս միջին աճով կազմակերպություններ, եւ քանի որ նոր մուտքի հնարավորություն կլինի բազմաթիվ կազմակերպությունների համար, կնշանակի, որ այդ նոր 5 տոկոսանոց օգուտները տնտեսական մասշտաբով ավելի շատ մարդկանց են հասցեավորվելու, համապատախանաբար ավելի շատ մարդիկ են լինելու դրանից շահողները։
- Բայց միեւնույն է, այդ նույն 5 տոկոսն է լինելու, ի՞նչ տարբերություն, թե ինչպես է դա գոյացել։
- Եթե Դուք հիշում եք, էսպիսի կեսկատակ մի համեմատություն կա, երբ որ ասում են, որ չի կարելի հիվանդանոցում միջին ջերմություն հաշվել, երբ որ էնտեղ գտնվում են 36-40 աստիճան ջերմությամբ հիվանդներ։ Յուրաքանչյուրի վիճակը լավ է առանձնահատուկ ձեւով։ Նույնկերպ, երբ մենք խոսում ենք, որ Հայաստանում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կազմում է 4 հազար դոլար՝ պայմանական մոտավոր թիվ եմ ասում, ինձնից լավ գիտեք, որ դա չի նշանակում, թե այդ եկամուտները բաշխված են հավասարաչափ, եւ 4 հազար դոլարին մոտ եկամուտներ ունեն բոլորը։ Այ, եկող տարվա 5 տոկոսով աճած տնտեսությունը բաշխված է լինելու մասնակիցների միջեւ, էդ օգուտն ավելի հավասարաչափ է լինելու։
- Բայց, ընդհանուր առմամբ, տնտեսության աշխուժացումը մնալու է նույն մակարդակի վրա։
- Ավելի որակյալ 5 տոկոս, քան կարող էր լինել։
- Ամեն դեպքում, երբ ասում եք՝ ազատ մրցակցային դաշտ է լինելու եւ այլն, Դուք նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությունում էլ եք աշխատել, այն ժամանակ ինչո՞վ ազատ չէր մրցակցային դաշտը։
- Ես, թույլ տվեք, Ձեր հարցին չպատասխանեմ, Դուք գիտեք ինձնից լավ։ Այսինքն՝ այնպես չէ, որ կա հատուկ պարզաբանումների կարիք։ Բայց Դուք կարող եք ինձ հակառակ հարցը տալ՝ իսկ ես կարո՞ղ եմ վստահորեն պնդել, որ այսօր ազատ է։ Այո, ես կարող եմ վստահորեն պնդել, որ այսօր ազատ է։ Եթե Դուք ունեք հակափաստարկներ, կարող եք ցույց տալ, բերել ասել՝ այ, էս դեպքում, տեսեք, որ ազատ չեն մրցակցային պայմանները, ես Ձեզ խոստանում եմ հենց հաջորդ օրը պարզել հարցը մինչեւ վերջ, Ձեզ պարզաբանում տալ եւ վարչապետին զեկուցել, որ ինձ էդպիսի մտահոգիչ փաստի մասին են տեղեկացրել։
- Այդուհանդերձ, եթե ասում եք՝ հիմա ավելի ազատ է դաշտը, ինչո՞ւ նախորդ կառավարության ժամանակ չէիք բարձրաձայնում այդ մասին։ Ինձ մոտ այն տպավորությունն է, որ Դուք հիմա կաշկանդվածության վիճակում եք, երկու քարի արանքում եք հայտնվել։
- Չէ, որեւէ կաշկանդվածություն չունեմ, ունեմ մեծ ազատություն, որ վստահեցնեմ, որ էսօր ամեն ինչ շատ ավելի լավ է, քան երբեւէ։
- Կարեն Կարապետյանը Ձեզ չէ՞ր տվել այդ ազատությունը։
- Թույլ տվեք էդ հարցին չպատասխանեմ։
Կարծիքներ